Անդրադարձ՝ 09.10.2019 թ.-ի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հրապարակված նյութին: Նախևառաջ ցանկանում եմ ասել, որ պետք չէ մարդուն զրպարտել, քանի դեռ ոչինչ չի հաստատվել և ապացուցվել:

Հետաքրքիր է, թե ու՞մ պատվերն է կատարվում, ինչի համար եմ այդպես մտածում: Հիշեցնեմ, հարգելի Գագիկ Շամշյան, 2 շաբաթ առաջ էր, որ դուք ներկա եղաք համայնքի բնակիչներին անհանգստացնող հարցին, որին պետք է 10 օրվա ընթացքում լուծում տրվեր:

Ինչու՞ չեք հետաքրքրվում այդ հարցը լուծում ստացավ, թե՝ ոչ, թե՞ Ձեզ թվում է, որ համայնքի ղեկավարին զրպարտելով, ժողովրդի հուզող հարցը լուծված է: Թե՞ դեռ մեր երկրում եկեղեցին համարվում է մաֆիա: Այս ամենը դեռ սկսվել է 1.5-2 տարի առաջ, երբ խնդիրներ են ստեղծվել Սաղմոսավանք եկեղեցու տերհայրի հետ:

Անդրադառնամ խնդրին, երբ տերհայրը Սաղմոսավան համայնքի վարչական տարածքում գտնվող եկեղեցուն հարակից հրապարակում համայնքի բնակիչներին արգելք էր հանդիսանում իրենց գյուղմթերքները վաճառելուն: Իսկ ես, որպես համայնքի ղեկավար չէի կարող անտարբեր անցնել այդ խնդրին և թույլ տալ, որ նա կարողանար որոշումներ կայացնել մեր համայնքում և գյուղացուն խոչընդոտեր իր օրվա հացի գումարը վաստակելու համար: Նրա խոսքերով հարիր չէ դա եկեղեցուն:

Իսկ մեկ հարց, արդյո՞ք եկեղեցուն հարիր է, երբ եկեղեցու բակում կատարվում են ֆուրշետներ և եկեղեցին դառնում է բիզնես կենտրոն: Հարսանեկան արարողությունների շնորհիվ ողջ համայնքը կանգնած է լուրջ խնդրի առաջ, մարդիկ չեն կարողանում իրենց համայնքում դուրս գալ իրենց տներից՝ խցանումների պատճառով, քանի որ չկա ճիշտ համակարգում:

Մեկ անգամ ևս նշեմ, որ մենք դեմ չենք, որ մեր համայնք այցելեն հյուրեր, ինչես նաև կատարվեն հարսանեկան արարողություններ, ուղղակի պետք է այդ ամենը կատարվի պատշաճ և ոչ ագահության շնորհիվ քանակ ապահովել, մեկ հարսանիքը դեռ չհասած մյուսը ժամանի և խաթարի ողջ գյուղի անդորրը: Այդ ամենի հետ մեկտեղ ողջ համայնքի տարածքը պատվում է աղբով՝ եկեղեցու տարածքում կատարված ֆուրշետների և այդ ֆուրշետից գոյացած աղբի և համայնք այցելած հյուրերի կողմից:

Մենք միշտ էլ կազմակերպում ենք տարածքի մաքրման աշխատանքներ, բայց համայնքի բնակիչը պարտավոր չէ ամեն օր մաքրել իր բակը, որը աղտոտվում է համայնք այցելած հյուրերի կողմից:

Նաև՝ անդրադառնամ ավտոկանգառին, 1.595.000 ՀՀ դրամին, որն իբր թե իմ կողմից յուրացվել է, աբսուրդ է: Եթե հունիսի 15-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում (ձեր կողմից ներկայացված 3 ամիսը) ասեմ, որ իրականում որպես ավտոկանգառ ծառայել է 25 օր և յուրաքանչյուր ավտոմենքենայի համար վճարվել է 200 ՀՀ դրամ: Եթե 25 օրում այդ գումարով կարողացել եմ յուրացնել 1.595.000 ՀՀ դրամ, ուրեմս շատ ճիշտ եք:

Գևորգ ԱՎԱԳՅԱՆ; Սաղմոսավանի գյուղապետ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...