arthur-davtyan

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նախօրեին հայտնի է դարձել դատախազության տարածած հաղորդագրությունից:

Արթուր Դավթյանին շնորհված նոր աստիճանը փաստացի գործադիր իշխանության որոշակի գնահատականի արտացոլում է, որ տրվում է դատախազության աշխատանքին: Այդ հանգամանքն, ըստ երևույթին, ազդակ է նաև իրավապահ համակարգին, որ դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում չի համալրի պաշտոնը թողնող պաշտոնյաների շարքը, որոնց մի մասը եղել է ուժային բլոկում:

Այդ առումով, ի դեպ, առկա է հետաքրքիր մի իրավիճակ: ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկությունից մոտ մեկ ամիս անց պաշտոնը թողեց ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը: Նա փաստորեն ուժային բլոկում երրորդ բարձրաստիճան պաշտոնյաներ, որ որոշակիորեն անսպասելի թողեց պաշտոնը: Ու թեև այս դեպքում չեղավ աղմկոտ հայտարարություն, ինչպես ԱԱԾ պետի պաշտոնանկության պարագայում, այդուհանդերձ, երեք բարձրաստիճան պաշտոնյաների կարճ ժամանակահատվածում հաջորդական պաշտոնանկությունն ուժային-իրավապահ բլոկում անշուշտ թողնելու էր ազդեցություն ավելի ցածր օղակների վրա: Առավել ևս, որ նախկին իշխող համակարգն էլ իր քարոզչական ռեսուրսներով նկատելիորեն, ընդգծված աշխատում է այդ շարքերում, այսպես ասած, անկանխատեսելիության զգացում առաջացնելու վրա, ինչն իր հերթին կարող է ստեղծել համակարգի աշխատանքի խափանման միջավայր:

Ու թեև մի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունը վկայում է, որ վարչապետ Փաշինյանն այդուհանդերձ ունի դրան գնալու բավականին ամրություն, մյուս կողմից, իհարկե, կանխատեսելիության խնդիրը համակարգում այդ առումով սրվում է: Ահա այդ ֆոնին գլխավոր դատախազին դասային նոր աստիճան շնորհելու հանգամանքը կարող է երևակվել իբրև իրավապահ համակարգին գործադիր իշխանությունից հղվող կայունության և կանխատեսելիության որոշակի մեսիջ, հաշվի առնելով և այն, որ զուգահեռ, Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Քոչարյանը նախօրեին հայտարարել էր նաև, որ Ամուլսարի գործը քննած արդեն հայտնի քննիչ Յուրի Իվանյանի հարցում ծառայական քննությունն ավարտվել է և իրավական առումով չի հայտնաբերվել որևէ խախտում:

Ինչպես հայտնի է, Իվանյանն ազգակցական կապ ուներ բնապահպանության նախկին նախարար Արայիկ Գրիգորյանի հետ, որն էլ Ամուլսարի հարցում 2016 թվականին մասնակցություն է ունեցել որոշումներին, ըստ այդմ՝ բնապահպանները ահազանգել էին, որ դա կարող էր ազդել քննիչի գործողությունների վրա: Հայտարարությունը, թե իրավական խախտում չի հայտնաբերվել, ներկայիս փուլում ևս որոշակի կայունացնող մեսիջ է իրավապահ համակարգին:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պառլամենտից տանելու գնացած, բարոյականության, իրավաբանության նորմերի վրայով վաղուց «սալդո» արած, և դրա շնորհիվ նույն Նիկոլի «ձեռքից» երեկ գեներալ-լեյտենանտի կոչման «արժանացած գլխավոր դատախազն այս օրերին նոր խնդրի առջև կկանգնի Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի առնչությամբ:

Չնայած ինքը և իր «մենեջերներն» ամեն ինչ արեցին, որ հանրության մեջ տարածվի վարկածը, թե արդարադատության այն ժամանակվա նախարար Արփինե Հովհաննիսյանն էր պատասխանատու Հաց բերողի մահվան համար, իրականում Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերին ազատ էր արձակվել` Եվրոպական դատարանում գործի քննության շրջանակներում նախարար Արփինե Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի ջանքերով, որից հետո Արթուր Սարգսյանը, չնայած ծանր հիվանդությանը, գլխավոր դատախազի «ջանքերով» կրկին ձերբակալվեց, իսկ 10 օր հետո մահացավ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...