«Անակնկալ չկա, կա նույն խմբակների թոթովանքը, որոնք տարիներ շարունակ տարածել են այդ դեզինֆորմացիան, որ իբր իրենք անվտանգությունով են զբաղվում, բայց տեսել ենք, թե ինչպես է իրենց հաջողվել ՀՀ անվտանգությունը և միջազգային վարկը մսխել։

Հետաքրքիր դեմքեր կային, էպոտաժային, ինչպես օրինակ, Զորի Բալայանը՝ իր հայտնի նամակով, որը ՀՀ սուվերենությունը փորձում էր Գյուլիստանի պայմանագրի ներոք օտարել»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ի աջակցություն Քոչարյանի տարածած հայտարարությանը։

Նրա խոսքով՝ իրենց պատկերացրած համախմբումը երբեք չի լինելու, որովհետև ՀՀ քաղաքացին գտել է իր արժանապատվությունը։

Ի թիվս նախկին իշխանությունների օրոք աշխատած, նախկին համակարգի մասը կազմող մի շարք գործիչների, Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարության տակ ստորագրել են նաև քաղաքական ու պետական գործիչներ՝ Արցախից։

Նրանց թվում է նաև Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը բազմիցս քննադատել է Հայաստանի գործող իշխանություններին, իսկ վերջերս էլ վարչապետ Փաշինյանին համարել է մեծ հակահայ պրոյեկտ, պահանջել նրա հրաժարականը։

Քոչարյանին քաղբանտարկյալ հռչակած հայտարարության տակ ստորագրել է նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցության պատգամավորը՝ Ժաննա Գալստյանը։ Ի դեպ՝ Գալստյանը նախկինում հանդես էր եկել ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ. «Մենք բոլորս Քոչարյանի հետ նստած ենք»։

ԱԺԿ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր այդ որոշումը խմբակցության հետ համաձայնեցվե՞լ է․«Դա նրա կարծիքն է, մենք այդ հարցը չենք քննարկել։ Ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր տեսակետն ունենալ, խմբակցության քվեարկության չէ, որ համաձայնեցնենք՝ դա իր տեսակետն է»։

Բաղրյանը միևնույն ժամանակ հավելեց, որ Ժաննա Գալստյանի տեսակետը կիսում է. «Այո՛, ես համակարծիք եմ, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, բազմիցս այդ մասին ասել եմ»։

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խոսնակ Յանա Ավանեսյանը մեր հարցին ի պատասխան փոխանցեց Ա. Ղուլյանի տեսակետը. «Խմբակցության ներսում հարցը չի քննարկվել, բայց պատգամավորներն ազատ են արտահայտել իրենց կարծիքները»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...