Երևանի գաջի գործարանից դեպի հյուսիս-արևմուտք ընկած փոքրիկ անտառակում շաբաթօրյակ անցկացնող հավաքարար կանանցից մեկը թփի տակ երկու ոսկոր տեսավ: Քեֆչիների թողած աղբ կարծելով՝ կինը մոտեցավ ոսկորներին, մոտիկից նայեց ու ընկրկեց՝ կենդանու ոսկորներ չէին…

Հավաքարար կանայք անտառակում եղած ոսկորների մասին ահազանգեցին դատախազություն: Կարճ ժամանակ անց շրջանի դատախազն ու մի քանի քննիչ անտառակում էին: Քննիչների փորձված աչքերը մոտակայքում նկատեցին նաև մարդկային գանգի ճակատային մաս ու ծնոտի վերին ատամնաշար…

Տարածքը «սանրեցին»: Մոտակա թփերից մեկի տերևները այրված էին: Քննիչները նկատեցին, որ այդ թփի տակ փոքրիկ հողաթումբ կա: Հողի շերտը հետ տալուց հետո անմիջապես օդում տարածվեց դիակի նեխահոտը: Դիակն այրված էր՝ պահպանվել էին վերնաշապիկի աջ գրպանի մասը, որ մնացել էր մարմնի ու հողի արանքում: Այդ գրպանում պահպանվել էին «Ավրորա» ծխախոտատուփ՝ մի քանի ծխախոտով, լուցկու մի տուփ: Չէր այրվել գոտին…

Հարուցվեց քրեական գործ: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, սակայն դեռ պարզ չէր դիակի ինքնությունը, նույնիսկ այն՝ կի՞ն էր, թե՞ տղամարդ:

Ստուգեցին վերջին շրջանում անհետ կորածներին՝ և՛ կանայք կային, և՛ տղամարդիկ:

Դատաբժշկական փորձագետի կարծիքով՝ սպանությունը կատարվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի վերջին, սպանվածը, ամենայն հավանականությամբ՝ տղամարդ էր:

Ի՞նչը կարող էր ի հայտ բերել սպանվածի անձը: Նրա մոտ եղած առարկաներից մնացել էին ծխախոտի տուփը, մի տուփ լուցկի, չայրված մի գոտի: Նաև՝ վերին ատամնաշարը՝ պլոմբած ատամով:

Իրավապահներն ուշադրություն դարձրին լուցկու տուփին՝ ստվարաթղթե տուփ չէր, բելառուսական լուցկի էր՝ ֆաներայից: Դրանք ավելի մեծ պահանջարկ ունեին ու արդեն հազվադեպ էին լինում խանութներում:

Ստուգեցին՝ մայրաքաղաքի ո՞ր խանութներում է օգոստոսին վաճառվել բելառուսական նմանատիպ լուցկի: Պարզվեց՝ կինո «Մոսկվայի» հարևանությամբ գտնվող մթերային խանութում:

Վաճառողուհին նշեց, որ բելառուսական լուցկին, իրոք, ավելի մեծ պահանջարկ ունի: «Ավրորա» ծխախոտն էլ իր գնորդներն ունի:

«Ավրորա» ծխախոտի ու բելառուսական լուցկու մշտական գնորդների մասին հարցին ի պատասխան՝ վաճառողուհին միանգամից հիշեց տարեց մի կնոջ. «Մոտերքում է ապրում, կարծեմ՝ Լալայան փողոցում: Ամեն ամիս քսան-երեսուն տուփ «Ավրորա» ծխախոտ ու բելառուսական լուցկի է առնում»,- հիշեց վաճառողուհին:

«Երևի վերավաճառո՞ւմ է»,- հարցրեց քննիչը:

«Չէ, նա վերավաճառող չի, ասում է, թե տղայի համար է առնում»,- պարզաբանեց վաճառողուհին:

Իրավապահները որոշեցին ստուգել այդ գնորդին: Լալայան փողոցում հարցուփորձ արին, իրոք՝ գտան տարեց կնոջ տունը:

Կինը զարմացավ իրեն տրված հարցերից, բայց պատասխանեց, թե ամեն ամիս որդու համար քսան-երեսուն տուփ ծխախոտ ու բելառուսական լուցկի է առնում՝ որդին նախընտրում է փայտե կողքերով լուցկու տուփը…

Կինն ասաց, թե որդին տանը չէ՝ պատահում է՝ շաբաթներով տանը չի լինում, բայց այս անգամ համարյա մեկ ամիս է՝ չկա: Իրենք մտածում են, թե Գորիսում կլինի՝ քրոջ տանը:

Կինը նաև ասաց, թե որդին վերջին շրջանում գնում էր ատամնաբույժի մոտ, կարծես թե ատամ է պլոմբել հանրապետական ատամնաբուժարանում…

Իրավապահները ճշտեցին կնոջ տղայի անուն-ազգանունը: Նշված ատամնաբուժարանում հետաքրքրվեցին, պարզեցին՝ ում մոտ է եղել երիտասարդը: Բժշկին ցույց տվեցին անտառակում հայտնաբերված վերին ատամնաշարը՝ պլոմբած ատամով: Ու բժիշկը համոզված ասաց, որ դա իր պլոմբած ատամն է…

Սպանվածի անունը Մարատ էր: Մականուն էլ ուներ՝ «Դելֆին»: Օգոստոսին, նա, իրոք, եղել էր քրոջ տանը՝ Գորիսում: Բայց շտապել էր վերադառնալ Երևան, որ օգոստոսի 30-ին ներկա լինի «Արարատ» ֆուտբոլային թիմի հերթական խաղին:

Մարատի քրոջը Գորիսից հրավիրեցին: Ցույց տվեցին վերնաշապիկի պատառիկը: Կինը ճանաչեց, ասաց, թե իր գնածն է: Նա ճանաչեց նաև գոտին՝ եղբոր գոտին էր:

Մայրն ու քույրը գիտեին, որ Մարատը մի քանի ընկեր ունի: Այդ ընկերներին նրանք չէին սիրում, միայն անուններով գիտեին՝ Լոլոն, Սուրոն ու Համիկը: Թե որտեղ էին ապրում նրանք՝ Մարատի տնեցիները չգիտեին:

Մարատի կինը հարցաքննությունների ժամանակ շատ զուսպ էր, քչախոս: Բայց հերթական հարցաքննության ժամանակ հանկարծ պոռթկաց, որ Մարատը սիրուհի էր «պահում»:

Պարզվեց, որ կինը գիտեր նաև ամուսնու սիրուհու անունը՝ Լամար: Կարճ ժամանակ անց քննությամբ պարզվեց, որ Լամարը եղել էր ոչ միայն Մարատի սիրուհին, այլև Մարատին ու նրա ընկերախմբին թմրամիջոցներ վաճառողը: Մարատի՝ «Դելֆինի», ու նրա ընկերների հավաքատեղին Երևանի Մանկական կենտրոնական զբոսայգին էր: Նրանք այնտեղ նարդի էին խաղում, իսկ երբ հայտնվում էր Լամարը ու մատակարարում թմրամիջոցի հերթական քանակը, նրանք ծխում էին ու «բարձրացնում» իրենց տրամադրությունը:

Լամարին հայտնաբերելը որոշակի ժամանակ պահանջեց, բայց կինը հայտնաբերվեց, հրավիրվեց հարցաքննության: Նա սկզբում ժխտեց, թե Մարատի սիրուհին է եղել, ժխտեց, թե թմրամիջոցներ է վաճառել: Բայց երբ քննիչը նրան անսպասելի ասաց. «Երեք-չորս հոգով մարդուն սպանել ու վառել եք…», Լամարը այլայլվեց: Քննիչը հավելեց նաև, որ դեպքի վայրում դանակ է եղել, որի կոթին հայտնաբերվել են հենց Լամարի մատնահետքերը:

Դրանից հետո Լամարը պատրաստակամություն հայտնեց պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Հինգով գնացել էին «Արարատի» խաղին: Խաղից հետո ուտելիք, խմիչք էին գնել ու Լոլոյի «Ժիգուլիով» ուղևորվել էին Ջրվեժ՝ բնության գրկում հաց ուտելու: Հենց այնտեղ «Դելֆինն» առաջարկել էր թղթախաղի նստել: Խաղացել էին «Դելֆինն» ու Լոլոն: Սկզբում «Դելֆինը» պարտվել էր, հետո առաջարկել էր Լոլոյին, որ խաղան նրա մեքենայի վրա: Լոլոն համաձայնել էր՝ հարցնելով՝ եթե «Դելֆինը» պարտվի, որտեղի՞ց է մի ավտոյի փող տալու: «Դելֆինն» ասես կերպարանափոխվել էր, լուրջ կպել էր խաղին ու սկսել էր շահել: Լոլոն գնալով մռայլվել էր՝ տանուլ էր տալիս իր միակ հարստությունը: Նա սկսել էր «Դելֆինին» մեղադրել խաբելու համար:

Թեժ վեճ էր սկսվել: Լոլոն վերցրել էր ուտելիքի մոտ դրված սուր դանակը ու մխրճել էր «Դելֆինի» սիրտը: «Դելֆինն» անշնչացած ընկել էր: Լոլոն ներկաներին՝ Լամարին, Համիկին, Սուրոյին վախեցրել էր՝ կատարվածի մասին ով բերանը բացի ու խոսի, «Դելֆինի» օրն է ընկնելու…

Լամարի խոստովանական ցուցմունքներից հետո բերման ենթարկվեցին Լոլոն, Սուրոն, Համոն: Նրանց առերեսեցին Լամարի հետ:

Լոլոն անմիջապես ընդունեց, որ ինքն է սպանել Մարատին: Նա նկարագրեց, թե ինչ էին արել սպանությունից հետո: Դիակը բրեզենտի նման մի բանով փաթաթել, տարել էին գաջի գործարանի մոտի անտառ: Արդեն գիշեր էր: Մի փոս էին գտել, դիակը դրել էին փոսի մեջ: Լոլոն մեքենայից բենզին էր հանել, լցրել Մարատի դիակի վրա ու հրկիզել: Հետո մի քիչ հող էին լցրել այրված դիակի վրա ու հեռացել էին: Լոլոն խոստովանության վերջում նույնիսկ արցունք թափեց ու, ասելով, թե զղջում է, խոստացավ՝ երբ պատիժը կրի ու դուրս գա, Մարատի գերեզմանին հուշարձան է կանգնեցնելու:

Այս ամբողջ ընկերախումբը՝ Լամարն էլ նրանց հետ, կանգնեցին դատարանի առաջ: Լամարը՝ ոչ միայն սպանությունը պարտակելու, այլ նաև թմրամիջոցների առուվաճառքով զբաղվելու համար:

Լոլոն դատապարտվեց 15 տարի, մյուսները՝ մինչև 12 տարի ազատազրկման:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...