Լսեք Արամ Սարգսյանին, քանի դեռ ուշ չէ

- in Ով ով է ...
Aram_Z_Sargsyan

Եթե անհրաժեշտություն եղավ՝ իսկ այս գործով անհրաժեշտություն հաստատ կլինի, ԱԱԾ-ն կձեռնարկի միջոցներ, հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործին:

Ի՞նչ նկատի ունի ԱԱԾ պետը, հայտարարելով, թե «իսկ այդ գործում անհրաժեշտություն հաստատ կլինի»: Ի՞նչ գիտե ԱԱԾ պետը, որ խոսում է «հաստատ» լինելիք անհրաժեշտության մասին: Նա ասել է, որ, եթե օրերս Նաիրի Հունանյանի հետ հանդիպում ունեցած պատգամավոր Արման Բաբաջանյանը փոխանցի զրույցի մանրամասներ, որոնք պարունակում են նոր հանգամանքներ, ապա կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր:

Այդուհանդերձ, առանցքայինը մնում է «անհրաժեշտություն հատատ կլինի» արտահայտությունը, որը թողնում է տպավորություն, թե կա հանձնարարություն՝ հաստատ գտնել անհրաժեշտություն:

Նախօրեին, Հանրային հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 27-ի մասին էր խոսում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը: Նա նշում էր, որ հոկտեմբերի 27-ը իր կարծիքով բացահայտված չէ, բացահայտումը շատ կարեւոր է, սակայն նաեւ նշում էր մի էական հանգամանք: Նրա խոսքով, գործի ներկայում վերաբացումը նպատակահարմար չէ, քանի որ այն մեծ հավանականությամբ կդառնա քաղաքական հարաբերություններ պարզելու միջոց, գործիք, մինչդեռ իրական բացահայտման համար շատ կարեւոր է ունենալ հանրային վստահություն վայելող դատաիրավական համակարգ:

Արամ Սարգսյանը խոսում է ոճրագործության բացահայտման համար անհրաժեշտ հանրային-պետական իմունային համակարգի ձեւավորման խնդրի մասին, առանց որի բացահայտման գործընթացը լինելու է ոչ թե հօգուտ պետության, այլ պետության դեմ:

Արամ Սարգսյանը շոշափում է կարեւորագույն հարց՝ հոկտեմբերի 27-ը հանրության դեմ շարունակվող արդեն բարոյահոգեբանական ահաբեկության չվերածելու հարցը, կամ այդ ահաբեկությանը վերջ տալու հարցը, որովհետեւ խոշոր հաշվով անցնող 20 տարիներին 27-ը շարունակվել է հենց այդպիսի տրամաբանությամբ: 8 պաշտոնյաների սպանելու ֆիզիկական ահաբեկության փուլից հետագա 20 տարիներին ոճրագործությունը մտել է թերեւս հանրության հանդեպ բարոյահոգեբանական ահաբեկության փուլ, դառնալով հանրային մտածողությունը կառավարող մամլիչներից մեկը:

Ընդ որում, կառավարման կենտրոններն անկասկած մի քանիսն են: Դա չափազանց բարդ իրավիճակ է, եւ 20 տարի անց զոհերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբայրը փաստացի բարձրացնում է հանրությունն ու պետությունն այդ վիճակից դուրս բերելու առանցքային խնդիրը:

Եվ այն իհարկե բաղկացած է երկու էական հատվածից՝ անշուշտ, պետության դեմ կատարված ոճրագործության ամբողջական բացահայտման կենսական անհրաժեշտություն, բայց մյուս հատվածում՝ այդ անհրաժեշտությունը հանրության հանդեպ մտա-բարոյա-հոգեբանական տեռորի չվերածելու կամ այդպիսի տեռորին վերջ դնելու կարողություն: Այդ տեռորը հանրությանը դարձնում է կամազուրկ, ներշնչում անզորության եւ զոհի բարդույթով: 27-ի բացահայտումը պետական նշանակության հարց է, սակայն այն պետական լինելիության հարց չէ:

Ոչ թե պետք է բացահայտվի, որ պետությունը լինի, այլ պետությունը պետք է լինի, զարգանա, ամրանա՝ որ ի վիճակի լինի բացահայտել իրեն նետված այդպիսի դաժան մարտահրավերը եւ ունենա դրանց խորքային վերլուծության համարձակություն եւ ըստ այդմ կանխարգելման ուժ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments