Erdoghan Putin

Երևանում սեպտեմբերի 30-ին տեղի էր ունենում տնտեսական համաժողով՝ ԵՏՄ տարանցիկ ներուժը թեմայով: Տխուր խորհրդանշականությամբ այդ համաժողովը տեղի էր ունենում մի ժամանակահատվածում, երբ հայկական լրահոսում մի քանի օր շարունակ առկա էր Վերին Լարսում եղած հերթական խնդիրը:

Խոսքն այն մասին է, որ հազարին մոտ հայկական բեռնատարներ կանգնած էին Լարսի ռուսական կողմում, և ըստ վարորդների՝ նրանց կամ սպառնում էին տուգանել գերբեռնվածության համար, կամ պահանջում էին կաշառք: Ավելորդ է թերևս հիշեցնել, թե ինչ պարբերականությամբ են Լարսում առաջանում խնդիրներ, ընդ որում՝ չհաշված եղանակային պայմանները, որոնք իրենց ռեժիմն են թելադրում Հայաստանն ու ԵՏՄ-ն կապող միակ հաղորդուղուն, կամ հիմնական հաղորդուղուն, թեև ծովային լաստանավային ճանապարհն էլ զգալիորեն կախված է եղանակից:

Այդ պայմաններում Հայաստանում ԵՏՄ տարանցիկ ներուժի վերաբերյալ քննարկումը որոշակիորեն վերածվում է «անեկդոտի», որովհետև Հայաստանը դե ֆակտո որևէ կապ չունի այդ ներուժի հետ: Եվ դա նաև մեկ այլ հանգամանքի առկայության պարագայում: Հայաստանը ԵՏՄ, այսպես ասած, ծայրամաս է, որովհետև այստեղ կա նաև մյուս հարցը՝ իսկ ո՞ւր Հայաստանից հետո․ Իրա՞ն, Պարսից ծո՞ց: Տեսականում գուցե, բայց պրակտիկորեն այստեղ գոյություն չունի ենթակառուցվածք, եթե անգամ ինչ-որ առումով գտնենք ինչ-որ հետաքրքրություն ԵՏՄ շրջանակում: Թեև հետաքրքրության հարցի լավագույն պատասխանն էլ տվել էր «Ռուսական երկաթուղիներ»-ի նախկին ղեկավար Յակունինը, որը հայտարարել էր դեռ պաշտոնավարման ընթացքում, որ Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանի համար գուցե կարևոր է, բայց իրենց համար դա ոչ մի տեղ չտանող պատ է: Ըստ այդմ, անգամ Լարսը «հանելու» պարագայում առաջանում է հարց, թե ինչ կապ ունեն ԵՏՄ տարանցիկ ներուժն ու Հայաստանը:

Դրան զուգահեռ, Հայաստանի տարանցիկ ներուժի մասին հիշեցնում է Իրանը, ընդ որում՝ արդեն մոտ երեք տարի: Իրանը խոսում է Պարսից ծով-Սև ծով հաղորդուղու մասին, իհարկե, դեռևս չմանրամասնելով, թե հատկապես ինչ բնույթի մասին է խոսքը՝ երկաթուղի՞, նավթամո՞ւղ, գազամո՞ւղ, ավտոճանապա՞րհ: Իհարկե, այստեղ նախ կարևոր է հարցը քաղաքական օրակարգ բերելը, որ փորձում է անել Թեհրանը և այդ մասին հայտարարություններ անում Հայաստանի հետ բարձր մակարդակի հանդիպումներում՝ սկսած դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի վերջին տարիներից: Բայց Իրանին այդ առումով հետաքրքրում է ոչ թե ԵՏՄ տարանցիկ ներուժը, այլ հենց Հայաստանի՝ Վրաստանով դեպի Սև ծով, որովհետև հազիվ թե Իրանը նկատի ունենա Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Սև ծով տարբերակը: Դա գործնականում բացառվում է մի շարք պատճառներով, որոնք մի կողմից Ռուսաստան-Իրան մրցակցության դաշտում են, մյուս կողմից՝ ընդհանրապես Կովկասի ռեգիոնում Իրանի «սեփական խաղի», որտեղ կա թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան «շրջանցելու» խնդիր: Իսկ այստեղ Իրանի գործընկերներն են Հայաստանն ու Վրաստանը: Մյուս կողմից այդ հանգամանքը անշուշտ բարդացնում է Իրան-Արևմուտք կամ Իրան-ԱՄՆ հարաբերությունը, բայց դա երևի թե մեծագույն խնդիրը չէ, որովհետև ԱՄՆ-ն, խոշոր հաշվով, դեմ չի լինի Վրաստան-Հայաստան-Իրան գործակցության, իհարկե, որոշակի վերահսկելիության սկզբունքով: Առավել ևս, որ առայժմ հարցը դեռ քաղաքական օրակարգ դառնալու փուլում է:

Իսկ այստեղ շատ կարևոր է, թե Հայաստանը որքանով է ունակ հաղթահարել Ռուսաստանի հնարավոր խանդը: Մյուս կողմից, սակայն, եթե այդ հարցում թավշյա հեղափոխությանը հաջորդող իրավիճակը չի բերել փոփոխություն, ապա ո՞ր հարցում է բերել: Առավել ևս, որ Հայաստանը գործնականում ոչ միայն կասկածի տակ չի դնում ՌԴ հետ դաշնակցային, երկկողմ, բազմակողմ ինտեգրացիոն պայմանավորվածությունները, այլ նույնիսկ հայտնում է դրանք խորացնելու պատրաստակամություն: Բայց դա չի կարող նշանակել, որ Հայաստանը պետք է չօգտագործի այլ ուղղություններով իր տնտեսա-քաղաքական և անգամ ռազմա-քաղաքական խաղի հնարավորությունը: Առավել ևս, որ Հայաստանի այդ կարողունակությունը էական գործոն է նաև Ռուսաստանի համար, որի կովկասյան քաղաքականությունը վաղուց է թուրքական փակուղում: Ըստ այդմ՝ այստեղ խոչընդոտել Հայաստանին, Ռուսաստանի համար կնշանակի խորացնել Ռուսաստանի թուրքական փակուղին: Մոսկվայի համար դրանից դուրս գալու գրեթե անփոխարինելի միջոցը Հայաստանի՝ Եվրասիական փակուղուց կամ ծայրամասից դուրս գալն է, որին Մոսկվան, եթե չի կարող օգնել, ապա չպետք է խանգարի:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...