hoktemberi-27

1999թ.-ի ոճրագործության քսաներորդ տարելիցի օրն անշուշտ տեսակետների ու վարկածների պակաս չի լինելու: Սա բնական է, որովհետև Հոկտեմբերի 27-ը՝ ինչքան էլ ակնհայտ են դրա ներքին ու արտաքին շահառուները, բազմաշերտ հանցագործություն է և կարող է դիտարկվել բազմաթիվ գործոնների համակցությամբ, տարբեր մոտիվների լույսի ներքո:

Մյուս կողմից՝ ուղղորդված և կիսատ, ընդհատված և խոտան քննությունն իրավական հարթության վրա չի տվել գրեթե ոչ մի հարցի պատասխան, և մեր հասարակությունն այդ առումով տեղեկացված է այնքան, ինչքան ոճրագործության հաջորդ օրը:

Սակայն, մեծ հաշվով, ակնհայտ են Հոկտեմբերի 27-ի հիմնական թիրախները: Քսան տարի առաջ, ըստ էության, գնդակահարվեց Երրորդ հանրապետությունը՝ ինստիտուցիոնալ, բովանդակային հարթության վրա: Հոկտեմբերի 27-ին ոչ միայն սպանվեցին հասարակության վստահությունը վայելող առաջնորդները, այլ նաև մեր հասարակությունից խլվեց իշխանություն ունենալու, ձևավորելու իրավունքը, որովհետև պետական կառավարմանը փոխարինելու եկավ ագահ քրեաօլիգարխիան, որի կենսունակության հիմքը ոչ թե հասարակության վստահությունն ու քվեն են, այլ կոռուպցիան և թալանը:

Հոկտեմբերի 27-ը տվեց Հայաստանի տոտալ ռուսականացման, գաղութացման մեկնարկը, որը հետագա տարինեին հանգեցրեց Հայաստանի սուբյեկտության փաստացի վերացմանը: Հայաստանն անցած քսանամյակում հայտնվել էր ռուսական ծայրագավառի կարգավիճակում՝ քաղաքակրթության լուսանցքում մսխելով իր զարգացման ռեսուրսը:

Հոկտեմբերի 27-ի ամենամեծ հարվածը, սակայն, այն էր, որ կասկածի տակ դրվեց Հայաստանի զարգացման հեռանկարը, պոտենցիալը: Պատահական չէ, որ նույնիսկ հեղափոխության հաղթանակից հետո շարունակում ենք գտնվել նվաստացման, ամոթի այն հանգրվանին, որ նույնիսկ քաղաքական մակարդակում հնչում են տեսակետներ, թե Հայաստանի եվրասիականացմանը կամ, որ նույնն է՝ գաղութացմանը, այլընտրանք չկա:

Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի իշխանության և ռուսական կայսրության ցինիկ մարտահրավերն էր Երրորդ հանրապետությանը: Հոկտեմբերի 27-ը Հայաստանի նոր գաղութացման, օլիգարխացման ու քրեականացման խորհրդանիշն է:

Հոկտեմբերի 27-ը խորհուրդ ունի մեր հասարակության համար: Վազգեն Սարգսյանը միանգամայն այլ տեսլական, պետական ու ազգային երազանքներ ուներ 21-րդ դարի հետ կապված: Մեր մեկ այլ ազգային հերոս՝ Մովսես Գորգիսյանն ասում էր, որ սուգը հավերժ է, երբ չկա պայքար: Հայաստանի ժողովուրդը պետք է տոկա ու հաղթի: Մենք պարտավոր ենք վերջնականապես հաղթել ռուսական վասալությանն ու քրեաօլիգարխիային: Հանուն պետություն ունենալու իրավունքի, հանուն Եռաբլուրի և մեր հաղթանակի: 21-րդ դարն իրապես մերն է լինելու, և ոչ մի կայսրություն, ոչ մի քրեաօլիգարխիա չի կարող կասեցնել քաղաքակրթական մեր երթը:

Հայաստանը պարտավոր է հաղթել, Հայաստանն իրավունք ունի վայելելու ազատության արշալույսի բերկրանքը: 2018-ի թավշյա հեղափոխությունը ստեղծել է դրա նախադրյալները, Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը պարտավոր են հեղափոխության արժեքները դարձնել կոնկրետ քաղաքականություն, դրանք կապիտալիցազնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...