paterazm

Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովը լսելու համար հրավիրել է Հայաստանի վարչապետի ներկայիս խորհրդական, ապրիլյան պատերազմի օրերին ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ Արշակ Կարապետյանին:

Արշակ Կարապետյանը հետախուզության պետի պաշտոնից հեռացվեց ապրիլյան քառօրյայի ավարտից մի քանի շաբաթ անց: Այդ ընթացքում տարբեր մակարդակներում տարածվում էին տեղեկություններ, որ ապրիլյան քառօրյայում հայկական խնդիրներից մեկը եղել է հետախուզության վատ աշխատանքը: Այդ ֆոնին Կարապետյանի պաշտոնանկությունը գնահատվեց հենց այդ համատեքստում:

Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն, երբ Կարապետյանը նշանակվեց վարչապետ Փաշինյանի խորհրդական, հանրային հարցադրումներին ի պատասխան՝ վարչապետը հայտարարեց, որ ինքը հարյուրավոր գաղտնի էջեր նյութերի է ծանոթացել ապրիլյան պատերազմի վերաբերյալ և դրանցում որևէ տեղ չի տեսել հետախուզության վատ աշխատանքի հետ կապված խնդրի արձանագրում: Դրա հետ մեկտեղ հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին իր խորհրդական է նշանակել նրան Երևան բերելով Մոսկվայից: Հատկանշականն այստեղ այն է, որ Արշակ Կարապետյանը Մոսկվայում հայկական դեսպանատանը ռազմական ներկայացուցչի նշանակում էր ստացել Սերժ Սարգսյանի հրամանագրով: Այն նույն Սերժ Սարգսյանի, որն ապրիլյան քառօրյայից հետո պաշտոնանկ էր արել Կարապետյանին հետախուզության պետի պաշտոնից: Մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը Կարապետյանին նշանակեց Մոսկվայում: Եվ բնականաբար հարց էր ծագում, թե ինչո՞ւ, եթե նա պատասխանատու էր ապրիլյան քառօրյայում վատ աշխատանքի համար: Եթե պատասխանատու չէր, ապա երևի թե Սերժ Սարգսյանը պետք է հրապարակավ հայտարարեր այդ մասին: Ի՞նչ շարժառիթ կամ պատճառ ուներ Արշակ Կարապետյանին Մոսկվայում նշանակելը:

Միով բանիվ, Կարապետյանը արդեն Երևանում է և վարչապետի խորհրդականի պաշտոնում, իսկ այդ հարցում էլ մամուլում տարածվել էր մեկ այլ ինտրիգ, որ Կարապետյանն այդ պաշտոնը ստացել է մարտիմեկյան գործում Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքի համար: Քոչարյանի փաստաբաններն էլ ակնարկների մակարդակում նպաստել էին մամուլում տեղ գտած այդ տեղեկությունների գեներացմանը:

Առայժմ, սակայն, որևէ կերպ պարզ չէ, թե Կարապետյանը, որ մարտիմեկյան օրերին Երևանի կայազորի բարձրաստիճան զինվորական էր, հատկապես ի՞նչ ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, որի համար նա կարող էր արժանանալ վարչապետ Փաշինյանի խորհրդականի պաշտոնին: Փոխարենը հնարավոր է դիտարկել Կարապետյանի «խորհրդարանականության» նշանակության ապրիլյան մոտիվը այդ պատերազմի քաղաքական և անգամ աշխարհաքաղաքական համատեքստում՝ նկատի ունենալով այն, թե ինչպիսի բարդ և բազմաշերտ զարգացումների պայմաններում էր մի քանի տարի շարունակ փաստացի հասունանում ապրիլյան պատերազմը:

Միաժամանակ էլ հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մայիսի 18-ի դատարանի որոշմանը հաջորդած մայիսի 20-ի իր ելույթի ընթացքում: Կա՞ որոշակի փոխկապակցվածություն մարտիմեկյան և ապրիլյան իրադարձությունների շրջանակում, որի «պրովայդեր» կարող է լինել Արշակ Կարապետյանը: Ինչ կասի նա խորհրդարանական հանձնաժողովին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...