Davit Shahnazaryan

Ի պաշտպանություն 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի՝ չորս տասնյակը գերազանցող հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, տարբեր բնագավառները ներկայացնող անձինք անցած երկու օրերին ստորագրահավաք էին կազմակերպել։

Չի բացառվում, որ առաջիկայում էլի անուններ հայտնվեն այդ ցուցակում, հատկապես եթե նկատի ունենանք, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր պաշտպանները դատավարությունը հետաձգելու, հնարավորության դեպքում՝ տապալելու մարտավարություն են որդեգրել՝ հուսալով, որ խույս կտա այդ կերպ պատասխանատվությունից։

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցողների ցուցակում է հայտնվել ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, որը նախկին նախագահի իշխանության տարիներին հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից։ Շատերի հիշողությունից չի խամրել, թե ինչպես էր Դավիթ Շահնազարյանը Հայ ազգային կոնգրեսի մյուս անդամների հետ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելու համար նախաձեռնել ստորագրահավաք։ Այն ժամանակ այդ նախաձեռնությունը վիճելի էր թվում, քանի որ Հայաստանը չէր միացել Հռոմի ստատուտին, որպեսզի Հաագայի դատարանն ընդուներ Քոչարյանի դեմ պայքարող ՀՀ քաղաքացիների բողոք-դիմումը։

Մարդկանց հիշողությունից չի խամրել նաև այն փաստը, թե ինչպես էին ՀՀ քաղաքացիները 2008թ․մարտի 1-ից հետո Հյուսիսային պողոտայում, ենթարկվելով ոստիկանների բռնություններին ու ճնշումներին, ստորագրություններ հավաքում, որպեսզի մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ռոբերտ Քոչարյանի գործը ներկայացվի Հաագայի դատարան։

Այդ օրերին Դավիթ Շահնազարյանը դարձել էր մամուլի ակումբների ամենապահանջված հյուրերից մեկը։ Նա մամուլի ասուլիսների ժամանակ ներկայացնում էր, թե ինչ հեռանկար է սպասվում Ռոբերտ Քոչարյանին։

«Քոչարյանին կալանավորեք, մեղադրանք առաջադրեք, ամենածանր պատժով պատժեք»,- հայտարարել էր Դավիթ Շահնազարյանը 2008թ․ հուլիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

Իսկ ահա երկու տարի անց՝ 2010թ․ հուլիսի 6-ին, Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր․ «Շատ մոտ ապագայում՝ այս ամսվա ընթացքում, ստուգված ստորագրությունների մի մեծ քանակ, մեղադրական եզրակացության հետ, շատ մեծ՝ 200-ից ավելի էջ, կուղարկվի Հաագայի դատարան։ Մեղադրական եզրակացությունը պարունակում է ոչ միայն մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի կատարած հանցագործությունները՝ մարդկության դեմ կատարված հանցագործություններ որակումով, այլև տասը տարվա ընթացքում նրա գործած հանցագործությունները»։ Շահնազարյանը նաև տեղեկացրել էր, որ 100 հազարից ավելի քաղաքացիներ ստորագրել էին Քոչարյանի գործը Հաագայի դատարան ուղարկելու համար։ Այդ ցուցակը ժամանակին հրապարակվել էր մամուլում, և դրանով հետաքրքրվողները կարող են թերթել ու ծանոթանալ այն ժամանակվա մամուլին։

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ՀԱԿ-ն այսօր արձագանքում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի համար կազմակերպված ստորագրահավաքին, ցուցակում տեղ գտած անուններին։

«Այդ ցուցակն այնքան խոսուն է, որ հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա»,- հակիրճ արձագանքեց Արման Մուսինյանը։

Տասնմեկ տարի անց էլ, սակայն, հարկ կա հիշեցնելու, արխիվից հանելու 2008թ․ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելու համար ստորագրող ՀՀ քաղաքացիների ցուցակը, որոնք, տեղի չտալով բռնաճնշումներին, խիզախություն ունեցան իրենց ձայնը բարձրացնելու՝ ընդդեմ մարդկության դեմ կատարած հանցագործությունների։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...