«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ զոռբայության ծուղակի վերաբերյալ դիտարկմանը: Ըստ նրա՝ զոռբայության ծուղակի հայելային արտահայտությունը չզոռբյության ծուղակն է:

«Երբ որ իշխանութունը զոռբա չէ, շատերին թվում է, թե ինշխանությունը թույլ է: Ասում են՝ այս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, մի շաբաթ սպասենք, եթե պադեզդում նրա գլուխը սխկեցին, ուրեմն իշխանությունն ուժեղ, նորմալ իշխանություն է: Չսխկեցին, սոցիալական ցանցերում կտեսնեք՝ էս իշխանությունը թույլ իշխանություն է: Սա վարքագծային ծուղակ է, որը պետք է հաղթահարվի: Մարդկանց մոտ ուժեղ իշխանության կաղապարն արդեն ձևավորվել է, դա ո՞րն է՝ քաղաքական հակառակորդին պիտի պադեզդում գյուլես, որ բոլորը վախենան քո դեմ ինչ-որ բան ասել: Գյուլել կամ ծեծել: Այսինքն՝ մարդկանց ընկալումները շատ հաճախ այսպիսին են: Եվ սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «տուլիտ» անելու մասին դիտարկմանը: Ըստ նրա՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ այս տրամաբանությունը գործում է մի երկրում, որտեղ շատ հայտնի մտավորականը կարող է հարցազրույց տալ ու ասել՝ օրենքով գողերը կարդացած ու ինտելեկտուալ մարդիկ են: Եվ նա հանրային ոչ մի պարսավանքի չարժանացավ:

«Հասկանո՞ւմ եք, այդ տուլիտ անելը հարգանքի արժանի գործունեություն է: Այստեղ է խնդիրը, որ Հայաստանում մտավորական, նույնիսկ գիտական աստիճան ունեցող կասի՝ հանցագործ աշխարհն իր բարոյական արժեքներն ունի, կարդացած մարդիկ են, ինտելեկտուալ մարդիկ են: Այստեղ էլ շատ մեծ է գայթակղությունը՝ որպես իշխանություն, գնալ էդ ասողին դնել համապատասխան տեղն ու ասել՝ դե արի, քո կարդացած միջավայրում ապրի: Այս կարգավիճակում չեմ ուզում անուններ տալ, բայց Հայաստանում մասնագիտություններ կային, մենք 30 տարի գիտեինք՝ էդ մարդիկ 60 հազար դրամ աշխատավարձ էին ստանում և Ռենջ ռովերով են պտտվում: Եվ մենք իրենց ծնունդներին ու հարսանիքներին ոտի վրա իրենց կենացները խմում ենք և մեզ հարց չենք տալիս՝ էս ո՞նց»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ խնդրի լուծման համար շատ կարևոր է ախտորոշումը, և նմանօրինակ քննարկումները շատ օգտակար են խնդիրների ախտորոշման առումով:

Ըստ նրա՝ կառավարությանը հաճախ քննադատում են դանդաղ գործելու մեջ, բայց իրենք ելնում են հետևյալ սկզբունքներից: Առաջինը, մի վնասիր, իսկ չվնասելու համար պետք է ճիշտ ախտորոշել խնդիրը: Եվ երկրորդ, 7 չափիր, մեկ կտրիր:

Վերջին մեկ ու կես տարում Հայաստանում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք չի եղել, սա կարևոր քաղաքականություն է, որը որդեգրել է կառավարությունը: Այս մասին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ շատ մեծ է եղել և է գայթակղությունը, երբ ասենք մի սովորական քաղաքացի կնոջ անունով գրված հարստություն կա, և ես, նաև մեր իրավապահ մարմինները գիտենք, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել կոնկրետ միջոցներով: Եվ մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել՝ այդ կնոջը բերեք և ասեք, որ թող նոտարով գրի, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը: Շատ մեծ է այդ գայթակղությունը և քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք, այսպես ասած, ատամներս կրճտացնելով՝ գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել, որովհետև եթե թեկուզ ֆեյք սեփականությունը դու այդ ճանապարհով վերցնում ես, բոլորը կմտածեն, որ էդ նույնը կարող է նաև իրենց հետ տեղի ունենալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա՝ նման բան չի կարող իր հետ լինել:

Ստվերի դեմ պայքարի հարցում կառավարությունն ունի և լավ նորություններ, և վատ: Այս մասին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը: Նրա խոսքով՝ լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե ՀՀ-ում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.3 տոկոսի շարժ ունենա, դա ստվերի դեմ պայքարի հարցում կհամարվի լավագույն հաջողություն ՀՀ համար:

«Այս տարվա կանխատեսումներով կամ այսօրվա վիճակով մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն ռեկոմենդացիաներից 4 անգամ ավելի: Իհակե, տարվա արդյունքներով տեմպը որոշակի փոփոխություն գուցե կրի, բայց կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ իրավիճակում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բայց, ըստ վարչապետի, վատ նորություններ էլ կան, և դրանք վերաբերում են վարքագծային կոմպոնենտին: «Այստեղ ասվեց, որ վարքագիծը երբեմն շատ դժվար է լինում փոխել, բայց մյուս կողմից էլ այդ վարքագծի փոփոխությունը երևի պետք է ընդունենք առանց դիմադրելու, որ ժամանակ պետք է տանք»,- ասաց Փաշինյանը:

Նա բերեց Գյումրիի օրինակը՝ նշելով, որ անկախության այս տարվա տոնակատարություններն անցկացվեցին Գյումրիում, քաղաք այցելել է 15 հազար մարդ: «Նրանք, ովքեր այդ օրերին եղել են Գյւոմրիում, կարող են վկայել, որ ռեստորաններում ու սրճարաններում ընդհանրապես տեղ չկար, շատ մեծ տնտեսական շարժ կար: Եվ ինձ համար հետաքրքիր էր, ասացի՝ հետաքրքիր է՝ սեպտեբերի 21-ին Գյումրիում առևտուրն ինչ շարժ է արձանագրել: Եվ ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց՝ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել է նույն չափի, ինչքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց տպված ՀԴՄ կտրոնների թիվը չի փոխվել: Սա իրականում շատ վատ նորություն է: Այդ օրը Գյումրիի մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինը ոչ մի բան չի անելու, ոչ ռեյդ է լինելու, ոչ մի բան չի լինելու»,- նշեց նա: Ըստ Փաշինյանի՝ այսինքն՝ կառավարությունն իր միջոցներով նման մասշտաբային միջոցառում է անցկացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն է: Բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի, թե՞ ոչ, հարցադրում արեց վարչապետը: Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, երկխոսություն պետք է լինի:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ուրախացնող է այն, որ այս տարվա առաջին ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 75 մլն հատ ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք: Իսկ 10 ամիսների տվյալներով այդ թիվն արդեն հասել է 85 մլնի:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին: Փաշինյանն անդրադարձավ շուկայական, ազատական տնտեսությանը, շուկայի կարգավորման «անտեսանելի ձեռքի» տրամաբանությանը:

«Շուկայական տրամաբանությանը համաձայն եմ, բայց դա ավելի շատ կանոններին է վերաբերվում, քան բովանդակությանը», – նշել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով, եթե ամեն ինչ թողնվի «անտեսանելի ձեռքին», կարող է պարզվել, որ Հայաստանը պետք է երրորդ կարգի, ագրարային երկիր լինի, որն էժան ապրանք է ներմուծում Թուրքիիայից: Վարչապետի խոսքով, տնտեսական բովանդակության ստեղծումը քաղաքական խնդիր է և պետք է լինի քաղաքական որոշումների արդյունքում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կանոնները բոլորի համար հավասար են:

«Վերջին մեկ տարում շատ եմ լսում, որ կանոնները պարզ չեն: Իմ կարծիքով՝ կանոնները շատ պարզ են, որը վերաբերում է բոլորին՝ սկսած պետական կառավարման համակարգից մինչև ձեռնարկատեր: Այս կանոնները հետևյալն են՝ առաջինը՝ մի գողացիր՝ վերաբերում է և պետական պաշտնոյային, և բիզնեսին», ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ պետք է արձանագրել, որ այն գործարարը, որը ՀԴՄ չի խփում, գողանում է նույնկերպ, ինչպես գողացող չինովնիկը:

Հաջորդ կանոնները հետևյալն են՝ եղիր արդյունավետ, եղիր նորարար և եղիր համագործակցող. «Համագործակցությունը կարևոր է: Մեր բոլորի կանխավարկածն այն է, որ եթե մենք որևէ մեկի հետ համատեղ բիզնես ենք դնում, մեծ հավանականությամբ մեկ կամ երկու տարի հետո կթշնամանանք և կբաժանվենք: Այս տրամաբանության փոփոխություն պետք է լինի»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...