serzh-sargsyan

Հանրապետականները բավական կոշտ են արձագանքել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հայտարարությանը:

Խոսելով Հայաստանի ԵՏՄ անդամ լինելու մասին, ներկայիս քաղաքականության մասին, վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է ստիպված: «Իրեն ստիպել են, կներեք, ականջից քաշելով են բերել ԵԱՏՄ, այսինքն՝ իշխանության հավատամքը չի եղել դա», ասել է վարչապետի մամուլի խոսնակը:

Վլադիմիր Կարապետյանն անշուշտ իրավացի է: Սերժ Սարգսյանը որոշումը կայացրել է ստիպված, ինչի մասին հստակ վկայում է այն ժամանակագրությունն ու դեպքերի ընթացքը, որ նախորդել եւ անգամ հաջորդել են սեպտեմբերի 3-ի առավոտյան Մոսկվայում նրա արած հայտարարությանը:

Ամբողջ հարցն այն է, որ պետք է հասկանալ, թե ինչու՞ է Սարգսյանը ստիպված եղել կայացնել այդ որոշումը, ինչի՞ հետեւանքով է նա ստիպված եղել անել այդ քայլը: Սարգսյանն անկասկած լավ էր պատկերացնում, ընդ որում դեռեւս մինչեւ նախագահի պաշտոնը առկա իրադրությունից, որ Ռուսաստանը գնում է ռեգիոնալ բալանսի փոփոխության ճանապարհով եւ սկսում է մեծ խաղ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

Սերժ Սարգսյանն անշուշտ լավ էր պատկերացնում, որ թե պետական արդիականացման, թե նաեւ ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսի ապահովման համար անհրաժեշտ է հակակշիռ, եւ դրան էր ուղղված Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի գործընթացը, ընդ որում դրանում որեւէ կետով կասկածի տակ չդնելով Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերության եւ դաշնակցության իրավա-պայմանագրային որեւէ դրույթ:

Եվ թերեւս այստեղ է նաեւ խնդիրը, թե ինչու՞ էր Սարգսյանը «ստիպված» կայացնելու ԵՏՄ-ին անդամակցելու որոշում, եւ տապալվելու էր ռազմա-քաղաքական բալանսը պահելու փորձը: Ու նաեւ այդ փորձի տապալման հարցում Հայաստանի այդ ժամանակ ընդդիմության, կամ ավելի շուտ այսպես կոչված ոչիշխանական բեւեռի դերը, որին անդամակցում էին Ժառանգություն, Հայ Ազգային կոնգրես, եւ մինչեւ 2014-ի աշուն նաեւ ՀՅԴ կուսակցությունները: Վլադիմիր Կարապետյանը Հայ ազգային կոնգրեսի անդամ է:

Եթե Սարգսյանի «ականջից քաշել» են դեպի ԵՏՄ, ապա հաստատ նաեւ ոչիշխանական բեւեռի ձեռքով, որովհետեւ այդ բեւեռը Հայաստանում փակել էր Սարգսյանի որեւէ անգամ տեսական դիմադրության ճանապարհը, միանալով այն շանտաժին ու սպառնալիքին, որ Հայաստանի հանդեպ տեղում էր ռուսական մեդիափորձագիտական շրջանակներից: Հայաստանում այսպես կոչված ընդդիմությունը ոչ թե հակակշռում էր իրավիճակն ու այդպիսով ստեղծում պետական քաղաքականության ճկունության հնարավորություն, այլ ուղղակի առաջարկում իր մեծ ծառայությունը Ռուսաստանին: Դրա վառ վկայությունն էր այն, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանի ԵՏՄ անդամության պայմանագրի ստորագրմանը Երեւանում զուգորդում էր ոչիշխանական ուժերի հանրահավաքը Սերժ Սարգսյանի դեմ:

Վերջում իհարկե Ռուսաստանը իր նույն փորձագիտական շրջանակների կարկառուն ներկայացուցիչներից մեկի միջոցով «երախտագիտություն» հայտնեց հայաստանյան այդ ընդդիմությանը, հայտարարելով, որ «ովքեր ակնկալում են Ռուսաստանի օգնությամբ իշխանությունից գցել Սերժ Սարգսյանին եւ գալ իշխանության, զբաղված են կլոունադայով»:

Այդ հանգամանքը, որ թվում է առնչվում է անցած գնացած պատմությանը, ներկայում հույժ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի նոր քաղաքական իշխանության համար, որովհետեւ աշխարհաքաղաքական եւ ներքին քաղաքական բարդ միջավայրում իրապես շատ կարեւոր է, թե ինչպիսի արդյունավետությամբ հնարավոր կլինի երկրում ստեղծել քաղաքական հակակշիռների համակարգ, ներկայիս հեղափոխական բարձր վարկանիշից հետո նաեւ ինստիտուցիոնալ դիմադրունակության հարցեր լուծելու համար:

Spread the love