Dolar

Կառավարությունը հոկտեմբերի 3-ին հավանության է արժանացրել հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով նախատեսվում է ստեղծել կոռուպցիոն հանցագործությունները քննող Հակակոռուպցիոն կոմիտե:

Այն կստեղծվի 2021 թվականին, իսկ մինչ այդ, անցումային փուլում, կոռուպցիոն քննությունը կընթանա այսպես ասած՝ ինչպես միշտ: Հակակոռուպցիոն ռազմավարությունը Հայաստանում ինքնին նորություն չէ, որպես երևույթ, սակայն ակնառու է, որ մինչ այդ եղած ռազմավարությունները գոյություն ունեին քաղաքական կամքի բացակայության ռեժիմում: Թե ինչու էր բացակայում քաղաքական կամքը, դա էլ նորություն չէ:

Ներկայիս ռազմավարությունը տարբերվելու է նրանով, որ ձևավորվել և ընդունվել է քաղաքական կամքի առկայության պայմաններում, ըստ այդմ, ունի իրագործման բավականին մեծ շանս և հավանականություն: Սակայն խնդրո առարկան ամենևին լոկ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքը չէ: Հակակոռուպցիոն ռազմավարությունը, ուղղակի թե անուղղակի, իրականացման շրջափուլում շոշափելու է Հայաստանի համար կարևորագույն մի խնդիր՝ տնտեսական ստատուս-քվոն, որից բխում է նաև մի շարք այլ ուղղություններով ռեսուրսային ստատուս-քվոյի հարցը:

Բանն այն է, որ ներկայումս բիզնեսի և քաղաքականության, բիզնեսի և իշխանության տարանջատման քաղաքական կամքի և դրա իրագործման հետհեղափոխական շրջափուլում՝ ընդ որում անկախ իրագործման դինամիկայից և դրա վերաբերյալ հանրության տարբեր գնահատականներից, տնտեսական ստատուս-քվոն ստեղծում է քաղաքական որոշակի մրցակցություն կամ, այլ կերպ ասած՝ կոռուպցիայի դեմ պայքարի դեմ որոշակի ճակատ, որովհետև այդ ստատուս-քվոյում գերակայում են այն ուժերը, որոնց թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական շահերը շոշափելու է կոռուպցիայի դեմ պայքարը: Մինչդեռ, նույն մեթոդներով պայքարել կոռուպցիայի դեմ և թիրախավորել ստատուս-քվոն, ոչ միայն չի ստացվի, այլ կլինի վտանգավոր, որովհետև, ի վերջո, Հայաստանի համար մի շարք առումներով կարևոր է թե՛ ներքին տնտեսա-քաղաքական կայունությունը և արդյունավետությունը, թե՛ արտաքին բիզնես վարկը, իմիջը, գրավչությունը:

Ըստ այդմ, Հայաստանում կոռուպցիայի խորքային խնդիրը՝ իսկ դա լոկ հանցագործությունը, կոռուպցիայի, այսպես ասած, քրեորեն պատժելի դրսևորումները չեն, այլ նաև խորքային մի շարք անկյունաքարեր, պահանջում է այդ երևույթի դեմ պայքարի լայն ռազմավարություն, ոչ միայն պատժիչ, բացահայտող կամ կանխարգելող իրավական և վարչական մեխանիզմների տեսքով, այլ, թերևս, նաև գործողությունների, որոնք կբերեն տնտեսական ստատուս-քվոյի փոփոխության՝ ո՛չ հակատնտեսական, ո՛չ հակաօրինական և ո՛չ հակաիրավական մեթոդներով: Հակառակ պարագայում, կոռուպցիայի սաղարթը արմատախիլ կարվի քաղաքական կամքի և իրավական մեխանիզմների գործադրմամբ, և գուցե նաև արդյունավետ կանխարգելում լինի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրումով, սակայն կոռուպցիայի հոգեբանական հիմքը չի հաղթահարվի, որովհետև դրա հիմնական օջախներից մեկը շարունակում է մնալ այն տնտեսական ստատուս-քվոն, որը ձևավորված է այդ կոռուպցիայի հետևանքով կամ արդյունքում: Իսկ դա նշանակելու է ներքին անվերջ լարվածություն, քանի դեռ կա ինտենսիվ պայքար հետևանքի դեմ, սակայն պատճառների խորքային օջախներից մեկը չի լինի վերացված:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...