Hrayr Tovmasyan

Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն որպես արգելապատնեշ. «Արմնյուզ»ՀԸ«#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Իմ կարծիքով՝ այս պրոցեսը քաղաքական է: Այն մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, խոչընդոտ, որպես մարմին, որը մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել՝ «ստոպ», որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը»,- ասել է ՍԴ նախագահը:

«Կանգ առ»-ը, «ստոպ»-ը դարձել են պոպուլյար արտահայտություններ, որոնցով հեղափոխությանը հակադրվող գործիչներն ընդդիմանում են գործող իշխանություններին։ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացված Արթուր Վանեցյանը հորդորում է իշխանությանը «կանգ առնել»՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի։ Հիմա Հրայր Թովմասյանը, որի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը խորհրդարանում դրվել է շրջանառության մեջ, խոսում է «ստոպ»-ի մասին։ Թովմասյանն իհարկե գրեթե բաց տեքստով ակնարկում է, որ «ստոպ» է ասում հեղափոխության զարգացմանը։

Երեկվա հարցազրույցում Թովմասյանն իհարկե երկար փորձել է հերքել իր ու նախորդ համակարգի այսօրվա առնչությունները, սակայն համառորեն շրջանցել է օբյեկտիվ այն իրականությունը, որ իր պաշտոնավարումը, որը հակասում է սահմանադրական կարգավորումներին, ամբողջովին տեղավորվում է իշխանության վերարտադրության այն սցենարի մեջ, որը պետք է երկարաձգեր Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Հեղափոխության արժեքները լիարժեքորեն կապիտալիզացված չեն կարող լինել, եթե հին համակարգի, քրեաօլիգարխիայի տրամաբանությունը շարունակի գործել ՍԴ-ի դեմքով։ Այլ խոսքով՝ Հրայր Թովմասյանը հրաշալի հասկանում է, որ իր հեռանալը բխում է 2015-ի հանրաքվեով հաստատված սահմանադրական կարգավորումներից, հեղափոխության օրակարգից, «Մերժենք Սերժին»-ի տրամաբանությունից, սակայն դիմում է տարբեր տեսակի մանիպուլյացիաների, քարոզչական տրյուկների՝ պաշտոնը պահպանելու համար։

ՍԴ նախագահի կարծիքով՝ իր դեմ սկսված գործընթացների պատճառը միայն Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը չէ, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական: Ըստ նրա՝ խնդիրը շատ ավելի խորը, ընդարձակ է, որի նպատակն է ունենալ այնպիսի ՍԴ, որը «քաղաքական որոշումները կփաթեթավորի իրավական շղարշով»: ՍԴ նախագահը հայտարարել է, որ չի նահանջելու, քանի որ համարում է, որ ՍԴ-ն սահմանին իրեն վստահված տարածքն է. «Ինձ համար սասահմանագիծ է, մերսահմանի՝ինձ վստահված տարածքն է ՍԴ-ն: Մեկքայլհետգնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար: Այս օր մեր սահմանին ինձ վստահված տարածքն է Սահմանադրական դատարանը։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած մեր զինվորը»,- պաթետիկ տոնով հայտարարել է Թովմասյանը։

Նման ստանդարտ ձևակերպումներով, պսևդոհայրենասիրական սլոգաններով ՍԴ նախագահը անգամ մատնում է, թե նախկին համակարգի որ գրասենյակներում է նախապատրաստվել իր հարցազրույցը։ Նույնիսկ անհարմար ու ամոթալի է, որ քրեաօլիգարխիայի շահերի պաշտպանությունը նույնացվում է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորի պաշտպանության հետ։

Ումի՞ց ու ինչի՞ համար է Թովմասյանը պաշտպանում երկիրը՝ հասարակության քվեն ստացած իշխանությունի՞ց։ Իրապես շատ պրիմիտիվ ու ծիծաղելի է թվում այս ամենը, մյուս կողմից՝ մտահոգիչ, որովհետև Հրայր Թովմասյանի երեկվա խոսքից կարելի է ենթադրել, որ նա համառորեն դիմադրելու է, ինչը նշանակում է, որ հին համակարգն առայժմ ընկրկելու ցանկություն կամ մտադրություն չունի։

Դարձյալ մնում ենք այն կարծիքին, որ քաղաքական իշխանությունն ամենևին էլ ամենաարդյունավետ ճանապարհը չի ընտրել ՍԴ ճգնաժամը հաղթահարելու համար։ Անհրաժեշտ է ևս մեկ անգամ դիմել ուղղակի ժողովրդավարության մեխանիզմների օգնությանը՝ ՍԴ նոր կազմի ձևավորման հիմքերը ստեղծելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...