Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը թողնում է տպավորություն, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հայտնվել է կամ, ավելի շուտ, մնացել է նախկին իշխող համակարգի և ապագայի արանքում, խցանված, և չի ստացվում թե՛ առաջ գնալ, թե՛ հետ:

Այդպե՞ս է իրականում, թե՞ դա լոկ տպավորություն է, որ բխում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրադրության մեդիագեներացիայից:

Ընդհանուր առմամբ ակնառու է, որ հանրային մտածողությունն ու տրամադրությունները զբաղեցրել են նախկին իշխող համակարգի դեմ պայքարը: Հաշվի առնելով այդ համակարգը ներկայացնող տարբեր խմբերի աշխույժ հակաիշխանական քարոզչությունը, ռեսուրսների առատությունը, որ տնօրինում է այդ համակարգը, այդ իրավիճակը դառնում է լիովին հասկանալի: Մյուս կողմից, սակայն, անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է հանրային որոշակի անելանելիության զգացում առաջանա այն պարագայում, երբ նույն այդ հանրությունը արդեն մոտ մեկ տարի է՝ ձևավորել է իր օրենսդիր և գործադիր իշխանությունը, որն օժտված է աշխատելու, օրենքներ ընդունելու, նոր իրողություններ, նոր միջավայրեր, ըստ այդմ՝ նոր տրամադրություն ու մտածողություն ձևավորելու բավականին մեծ լիազորությամբ և լեգիտիմությամբ:

Այստեղ ըստ երևույթին գործ ունենք առավել խորքային խնդրի հետ: Մասնավորապես, հետհեղափոխական ժողովրդական իշխանությունը ձևավորված է և օժտված մեծ լեգիտիմությամբ, սակայն դրանով գործնականում ավարտվում է հանրության և իշխանության օրգանական կապը: Խոսքն այն մասին չէ, որ իշխանությունը կտրված է հանրությունից, կտրվել է ժողովրդից կամ կտրվում է, ինչպես «ընդունված» է ասել նախկին իշխանության հակաքարոզչական տրենդում: Խնդիրն այն է, որ կորել է իրավիճակ ստեղծելու այն ներդաշնակությունը, որ կար լայն հանրության և ներկայումս կառավարող քաղաքական ուժի միջև հեղափոխության օրերին: Նոր իրավիճակ ստեղծելն էր հեղափոխության հաջողության բանաձևը:

Ամենևին պատահական չէ, որ «իրավիճակ չի փոխվել» «կամ ոչինչ էլ չի փոխվել» բանաձևն էլ իր զինանոցում է ընդգրկել նախկին իշխող համակարգը: Որովհետև եթե չի ստեղծվում նոր իրավիճակ, ապա հնի դեմ պայքարը չունի վերջ, ինչքան էլ զուտ լոկալ կամ անվանական առումով այդ պայքարը արձանագրի հաջողություններ: Արդեն իշխանության կարգավիճակում հանրությունն ու հեղափոխությանն առաջնորդած ուժը դուրս են եկել իրավիճակ ստեղծելու ներդաշնակ գործընթացից:

Ընդ որում, այդ հանգամանքի արձանագրումը հնարավոր է նկատել վարչապետ Փաշինյանի քաղաքական հռետորաբանության մեջ, որով նա անընդհատ բարձրացնում է հետհեղափոխական իրավիճակում հանրային նախաձեռնողականության խնդիրը՝ թերևս ներսից շատ լավ պատկերացնելով իշխանական նախաձեռնողականության հարցում եղած խնդիրները:

Կհաջողվի՞ Փաշինյանին վերականգնել նոր իրավիճակ ստեղծելու օրգանապես ներդաշնակ ռեժիմը՝ հանրություն-իշխանություն ձևաչափում: Ակնառու է, որ խոշոր հաշվով այդ ջանքում նա գրեթե միայնակ է: Իհարկե, ըստ էության միայնակ էր նաև հեղափոխության օրերին, բայց կարողանում էր բերել հանրությանն իրավիճակ ստեղծելու: Սակայն հետհեղափոխական շրջանում իրականությունը արդեն բոլորովին այլ է, և միայնակ ջանքը կարող է չբավականացնել: Հարցն անշուշտ ճակատագրական չէ, սակայն ներքին կառավարման արդյունավետության գործում ունի էական նշանակություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...