hayastan-armenia

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, Հայաստանի հանրության և ընդհանրապես հայության շրջանում առաջացրել է բավականին մեծ ոգևորություն ու, թերևս, լիովին հասկանալի ոգևորություն:

Դրան զուգահեռ՝ այդ ոգևորության մեջ հնչում են նաև «սթափության» կոչեր, որոնց հեղինակները նշում են, թե ԱՄՆ-ը հայկական հարցի միջոցով իր հարցերն է լուծում Թուրքիայի հետ, ընդամենը: Անկասկած է, ու այդ հանգամանքը բնորոշ է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև որևէ պետության և ընդհանրապես՝ համաշխարհային քաղաքականությանը: Եվ այն, որ մեզ առնչվող հարցերը, այդ թվում՝ Ցեղասպանության հարցն այլ պետություններ ներգրավում են Թուրքիայի հետ հարաբերության իրենց զինանոց, մեզ՝ հայերիս համար պետք է լինի ոչ թե ինքնանվաստացման կամ ինքնախարազանման առիթ, թե՝ մեզ օգտագործում են, այլ հնարավորություն՝ մեր հերթին օգտագործելու այդ հանգամանքը մեզ հուզող խնդիրները, հարցերը լուծելու համար:

Ըստ այդմ՝ որքան, իհարկե, անտեղի կարող է լինել ծայրահեղ ոգևորությունն ու էյֆորիան, նույնքան անտեղի և անհամարժեք են «սթափության»՝ ինքնախարազանման հասնող կոչերը, այսպես ասած՝ սառը ջրի փորձերը: Իսկ անշուշտ միանգամայն գիտակցված, այսինքն՝ ոչ թե իռացիոնալ էյֆորիայի, այլ ռացիոնալ ոգևորության առիթ այդուհանդերձ կա, որովհետև տեղի է ունեցել պատմական իրադարձություն: Հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել թիվ մեկ գերտերության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը, ընդ որում՝ ընդունել է ձայների ճնշող մեծամասնությամբ, այսինքն՝ դրան կողմ են քվեարկել թե՛ դեմոկրատները, որոնք մեծամասնություն են այդ պալատում, թե՛ հանրապետականները: Իհարկե, այդ հանգամանքը ունի իր թե՛ արտաքին, թե՛ ներամերիկյան շարժառիթները: Էլ ավելի լավ, դա նշանակում է, որ մենք ունենք նոր իրավիճակում, պատմական նոր նշաձողում աշխատանքի ավելի լայն դաշտ: Ըստ այդմ՝ պետք է հասկանալ գործոնները, շարժառիթները, մղումները՝ արձանագրված նոր իրավիճակի վրա մեր շահերը կառուցելու համար:

Եվ այդ առումով ոգևորությունը շատ ավելի ստեղծարար հոգեվիճակ է, քան, այսպես ասած, ինքնանվաստացումը, թե՝ մեզ օգտագործում են: Դա անելու են մեր ցանկացած հոգեվիճակում, ըստ այդմ՝ մեզ պետք է մեր այն հոգեվիճակը, տրամադրությունն ու տրամադրվածությունը, որն առավելագույնս կմղի մեզանից հասանելիք հարցերում և քայլերում արդյունավետության հնարավորինս բարձր մակարդակի հասնելուն:

Ի վերջո, իրավիճակը սթափ գնահատող մարդը չի կարող չարձանագրել տեղի ունեցած իրադարձության քաղաքական և պատմական ահռելի նշանակությունն ու ներուժը և ուրեմն չի կարող չոգևորվել Հայաստանի և հայության համար այդ նոր հնարավորությունից:

Ամբողջ հարցն այն է, թե մեկուկես տարի առաջ էլ թավշյա հեղափոխությամբ իր ներուժի նոր դրսևորումների և հնարավորությունների դաշտ ստեղծած Հայաստանն ինչպես կօգտագործի արտաքին միջավայրում առաջ եկած հնարավորությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...