Հնարավոր չէ ամեն տարի ստվերից դուրս բերել այնքան փող, որքան հետհեղափոխական շրջանում պայմանավորված գործարարների վարքագծի փոփոխությամբ՝ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշել է, որ տնտեսությունը պետք է աճի, որպեսզի հարկեր գեներացնի, որովհետև հնարավոր չէ ամեն տարի ստվերից դուրս բերել, օրինակ, մոտ 62 միլիարդ դրամ, որ տեղի է ունեցել հետհեղափոխական շրջանում:

ՊԵԿ նախագահի հայտարարությունն ուշադրության արժանի է մի քանի առումով: Չի բացառվում, որ Դավիթ Անանյանի հայտարարությունը որոշակի ինքնապահովագրում է, որով նա կանխավ փորձում է, այսպես ասած, հիմնավորել բյուջետային եկամուտների ապահովագրման գործում հնարավոր հետագա անարդյունավետությունը կամ վարչապետի սպասումները չարդարացնելը:

Մյուս կողմից՝ Անանյանի հայտարարությունը նաև բավական ռացիոնալ է: Ի վերջո՝ եթե Հայաստանում կա ստվեր, և հեղափոխությունից հետո կա ստվերի և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար, ապա դա իհարկե կարտացոլվի բյուջետային եկամուտներում: Սակայն կասկածից վեր է, որ դա բյուջետային եկամուտների աճի խիստ սահմանափակ ռեսուրս է: Ի վերջո՝ ստվերը անսպառ չէ և որոշակիորեն ուղիղ համեմատական է տնտեսության ծավալներին: Ըստ այդմ՝ հեղափոխական բումից հետո ստվերից բյուջե եկող փողի ծավալը օբյեկտիվորեն ինչ-որ պահի պետք է նվազի, և հետագա եկամուտների աճը պետք է տեղի ունենա տնտեսության աճի շնորհիվ: Իսկ դրա համար անհրաժեշտ են ներդրումներ: Մի հարց, որը հետհեղափոխական Հայաստանում որոշակիորեն բաց է:

Ներդրումների ծավալի որոշակի աճ վիճակագրությամբ առկա է, սակայն ակնառու է նաև, որ այդ ծավալը ամենևին բավարար չէ տնտեսության ծավալների շոշափելի աճի մասին խոսելու համար: Ընդգծենք, որ խոսքը տնտեսական աճի մասին չէ, այլ տնտեսության ծավալների աճի, քանի որ միայն տնտեսական աճն այդ իմաստով թույլ չի տա լուծել ռազմավարական խորքային խնդիրներ: Մինչդեռ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած ռազմավարական նպատակներին անգամ մոտ գնալ հնարավոր չի լինի հնարավորինս արագ տնտեսական ծավալների աճ չապահովելու պարագայում՝ նկատի ունենալով այն, որ վերջին հաշվով տնտեսական էֆեկտը, գեներացվելով այսօր, առարկայանում է մի քանի տարի անց:

Մի քանի տարի առաջ ներկայացվեց Հայաստանի տնտեսության վերաբերյալ Մաքքինզի ընկերության փորձագետների ուսումնասիրության արդյունքը, ըստ որի՝ 15 տարի անց Հայաստանի ՀՆԱ-ն կրկնապատկելու համար տարեկան անհրաժեշտ է առնվազն մոտ 500 միլիոն դոլարի ներդրում: Անշուշտ, թավշյա հեղափոխությունը Հայաստանում զգալիորեն փոխում է միջավայրն ու ըստ այդմ՝ ելակետային իրողություններ, սակայն, այդուհանդերձ, Հայաստանն էապես ունի խոշոր ներդրումների անհրաժեշտություն, և այդ անհրաժեշտությունն ընդհուպ ռազմաքաղաքական խորքեր ունի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...