avtoner

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկրից ուղարկված և արտերկիր ուղարկած փոխանցումներին վերաբերող այս տարվա առաջին յոթ ամիսների վիճակագրությունը:

Նշենք, որ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարվող փոխանցումների բացարձակ մեծամասնությունը կատարվել ու կատարվում է ՌԴ-ից և դեպի ՌԴ: Բայց այս տարվա, հատկապես տարեկեսին վերաբերող տվյալներում ՀՀ-ից դեպի ՌԴ փոխանցումների մասնաբաժինն ընդհանուրի մեջ էապես նվազել է:

Տարվա առաջին 7 ամիսներին՝ հունվար-հուլիսին, ըստ Կենտրոնական բանկի, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել 1 մլրդ 55 մլն դոլարին համարժեք գումար։ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 88.2 մլն դոլարով: Համաձայն ԿԲ-ի հրապարակման՝ 2018թ. հունվարին արձանագրվել է 94.6 մլն դոլարի ներհոսք: Սա անցյալ տարվա համար միակ դեպքն է, երբ ներհոսքը պակաս է եղել 100 մլն-ից: Հետո այդ թիվը կայունորեն աճել է՝ մայիսին հասնելով 139.6 մլն-ի, հունիսին՝ 164.2-ի, և հուլիսին՝ 179.4 մլն դոլարի (մինչև հուլիս ենք վերցնում, որպեսզի համեմատենք այս տարվա մինչ այժմ հրապարակված թվերի հետ):

Ինչ պատկեր է գրանցվել այս տարի համապատասխան ժամանակահատվածում: Հունվարին ներհոսքը կազմել է 119.1 մլն դոլար:

Մայիսին՝ գրեթե 169 մլն, հունիսին՝ գրեթե 162, և հուլիսին՝ 188.6 մլն դոլար: Փաստորեն, հունվար ամիսների համեմատությունից պարզվում է, որ եթե այս տարեսկզբին ֆիզիկական անձանց կողմից արտերկրից բանկերի միջոցով փոխանցված գումարների ներհոսքը նախորդին գերազանցել է գրեթե 25 մլն դոլարով, ապա մայիսին այդ տարբերությունը հասել է շուրջ 30 մլն դոլարի, հունիսին կտրուկ շրջադարձ է արձանագրվել, ու գումարների ներհոսքը անցած տարվա հունիսի համեմատությամբ նվազել է շուրջ 2 մլն դոլարով, իսկ հուլիսին աճել է ավելի քան 9 մլն դոլարով: Նշենք, որ փետրվար-ապրիլ միջակայքում ևս անհամաչափ աճ ու անկում է արձանագրվել:

Դառնալով ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով արտերկիր ուղարկվող փոխանցումների վիճակագրությանը՝ նշենք, որ առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանից դեպի արտասահման է փոխանցվել շուրջ 781 մլն դոլարին համարժեք գումար, որը 147 մլն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա հունվար-հուլիսին։ 2018թ.-ին մինչև հուլիս ամիս չի եղել ամիս, որ Հայաստանից գումարների արտահոսքը գերազանցի 100 մլն դոլարի սահմանագիծը: Այսպես. հունվարին այն կազմել է 74.3 մլն, փետրվարին՝ 99.1 մլն, մարտին եղել է առաջին յոթ ամիսների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշը՝ 99.8 մլն, հունիսին՝ 76 մլն, հուլիսին՝ 98.5: Իհարկե, արդեն հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին արտահոսքի թիվը էապես գերազանցել է 120 մլն-ի սահմանագիծը, նոյեմբերին՝ 110-ը: 2019թ.-ին միայն փետրվար-մարտ ամիսներին է, որ Հայաստանից դուրս ուղարկվող գումարները չեն հատել 100 մլն-ի սահմանագիծը (համապատասխանաբար 93 և 92 մլն դոլար): Ապրիլ-մայիս ամիսներին այն ավելի է եղել, քան 110 մլն դոլարը, իսկ հունիս-հուլիսին՝ ավելի, քան 120 մլն-ը:

Եթե 2018թ. հունվարին զուտ ներհոսքը (ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը) եղել է 20.3 մլն դոլար, մայիսին՝ 47.3, հունիսին՝ 88.2, հուլիսին՝ 81 մլն դոլար, ապա 2019թ. հունվարին այն կազմել է 17.7 մլն, մայիսին՝ 55.8 մլն, հունիսին՝ 35.5 մլն, և հուլիսին՝ 44.1 մլն դոլար: Փաստորեն այս տարվա հատկապես հունիս-հուլիս ամիսներին զուտ ներհոսքը բացարձակ թվով գրեթե կրկնակի պակաս է եղել անցած տարվա համապատասխան ժամանակահատվածից:

Ինչպես արդեն նշվեց՝ թե՛ արտահոսքի և թե՛ ներհոսքի ամենամեծ ուղղությունը ՌԴ-ն է: Ահավասիկ. 2018թ.-ի առաջին յոթ ամիսներին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 146 մլն դոլար: Հակառակ ուղղությամբ՝ 236.6 մլն դոլար: Այդ ամիսների զուտ ներհոսքը կազմել է գրեթե 910 մլն դոլար: 2019թ. առաջին յոթ ամիսներին ՌԴ-ից ներհոսքը կազմել է ավելի քան 1 մլրդ, դեպի ՌԴ արտահոսքը՝ 427 մլն:

Զուտ ներհոսքը կազմել է 504 մլն: Ընդ որում, վերջին երկու ամիսներին ՌԴ-ից 350.6 մլն-ի ներհոսք է եղել, 56.5 մլն-ի՝ արտահոսք:

Մինչդեռ ընդհանուր արտահոսքը Հայաստանից եղել է 271 մլն դոլար: Ընդհանուր ներհոսքը այդ երկու ամիսներին ավելի քան՝ 350 մլն, արտահոսքը՝ 271 մլն, որի քիչ ավելի, քան 20%-ը՝ դեպի ՌԴ: Այստեղ տրամաբանական է ԿԲ-ի այն մեկնաբանությունը, որ գումարների արտահոսքը պայմանավորված է հիմնականում մեծ քանակությամբ մեքենաների Հայաստան ներկրմամբ: Հարցն այն է, որ ՌԴ-ից գրեթե մեքենա չի ներկրվում:

Այդ ֆոնի վրա հետաքրքիր է ԱՄՆ-ի օրինակը: Այդ երկրից վերջին տարիներին, հատկապես այս տարի, բավականին ակտիվացել է մեքենաների ներկրման գործընթացը: 2019թ. առաջին յոթ ամիսներին ԱՄՆ-ից ՀՀ է փոխանցվել ավելի քան 151 մլն դոլար, ՀՀ-ից ԱՄՆ՝ 163.2 մլն: Փաստորեն զուտ ներհոսքը բացասական է ավելի քան 12 մլն դոլարի չափով: Իսկ հունիս-հուլիս ամիսների հաշվով բացասական հաշվեկշիռը կազմել է 15.6 մլն դոլար: 2018թ. նույն ամիսներին ԱՄՆ-ի հետ այդ հաշվեկշիռը կազմում էր ավելի քան 13 մլն դոլար՝ Հայաստանի համար դրական առումով:

Հետաքրքիր պատկեր է արձանագրվել Ղազախստանի պարագայում. այս երկրի հետ Հայաստանի ունեցած թե՛ առևտրատնտեսական հարաբերությունները և թե՛ մասնավորի կողմից դրամական փոխանցումների ծավալները միշտ եղել են առավել քան համեստ: Նույնիսկ արտագնա աշխատանքի առումով ՀՀ-ից այդտեղ մեկնածների ցուցանիշները մեծ չեն եղել: Այս տարվա առաջին յոթ ամիսներին արձանագրվել է 38 մլն դոլարի զուտ ներհոսք, որը, կարելի է ասել, եղած հարաբերությունների ֆոնին ֆանտաստիկ մեծ թիվ է, ինչը հասկանալիորեն պայմանավորված է Հայաստան ներկրված մեքենաների արտահանմամբ դեպի Ղազախստան:

Քանի որ հունվարի 1-ից արտերկրից դեպի Հայաստան ներկրվող մեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են, տրամաբանական է, որ այս ու առաջիկա երկու ամիսներին ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան ներհոսքի և Հայաստանից արտահոսքի ծավալները շարունակելու են աճել, որից հետո կտրուկ անկում է սպասվում՝ համապատասխան հետևանքներով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...