AJ

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 18-ին լսումներ էր կազմակերպել Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների կապակցությամբ: Ինչպես հայտնի է, դեռևս մի քանի շաբաթ առաջ «Իմ քայլը» խմբակցությունն ազդարարել է այդ օրենքի փոփոխության մշակման աշխատանքի մեկնարկի մասին:

Այն, որ օրենքը հույժ կարևոր մեխանիզմ է Հայաստանում քաղաքական համակարգի ձևավորման և քաղաքական մշակույթի արդիականացման համար՝ կասկածից վեր է: Անկասկած է նաև այն, որ այստեղ ենթադրվում են կարևորագույն մի շարք դրույթներ ու չափանիշներ, սակայն հայաստանյան ներքաղաքական արդեն առկա բազայի ֆոնին աներկբա է, որ հիմնարար կետերից կամ գործոններից պետք է լինի բիզնեսի և քաղաքականության տարանջատման խնդրի լուծմանն էականորեն նպաստելու կարողությունը: Անշուշտ, միայն Կուսակցությունների մասին օրենքը չէ, որ պետք է լուծի այդ խնդիրը, սակայն հիմքում անշուշտ պետք է դրվի հենց այս օրենքը, որպեսզի քաղաքականության, այսպես ասած, ջերմոցում՝ կուսակցություններում, փողը չփոխարինի գաղափարին, հետևաբար կուսակցությունը լինի ոչ թե «տուն պահելու», այլ հանրային շահերը սպասարկելու միջոց: Կկարողանա՞նք ունենալ այդպիսի մեխանիզմ:

Մի կողմից՝ թվում է, թե թավշյա հեղափոխությունը տվել է դրա անվերապահ հնարավորությունը: Մյուս կողմից, սակայն, կասկածից վեր է, որ Կուսակցությունների մասին օրենքը հատկապես այդ կարևորագույն ներուժի իմաստով արժանանալու է գրոհների բազմաթիվ ուղղություններից՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում իշխող նախկին համակարգի համար ոչ միայն պետական իշխանության օղակներն են դիտվում իբրև հանրային-քաղաքական կյանքում ազդեցության պահպանման հենակետ, ոչ միայն մեդիառեսուրսները, այլ նաև կուսակցական հնարավորությունները:

Եվ ավելին, հենց դրանցով է, որ նախկին իշխող համակարգը պետք է կամ ակնկալում է հավակնել քաղաքական և ինչ-որ հետագա փուլում, բնականաբար, իշխանական ռեաբիլիտացիայի: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն նախկին իշխանության դաշտում չէ, այլ նաև ուժերի, որոնք իրենց զանազանում են այդ իշխանությունից, ներկայումս դիրքավորում հեղափոխության ու այդ իշխանության արանքում, սակայն աներկբա է, որ ասոցացվում են նախկին իշխող համակարգի հետ:

Այդ ուժերից է անշուշտ ԲՀԿ-ն, որի պարագայում բացարձակապես գաղտնիք չէ, որ հանում ենք կուսակցության ղեկավար՝ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Գագիկ Ծառուկյանին, իր ֆինանսաբարեգործական ռեսուրսով, և ԲՀԿ-ն դադարում է լինել քաղաքական ուժ: Այդպիսով, Հայաստանի քաղաքականության և փողի հարաբերության կանոնակարգման արդիական և հրատապ հարցն ունենալու է միանգամայն հասկանալի դիմադրություն:

Կհաջողվի՞ խորհրդարանի մեծամասնությանը հաղթահարել այդ դիմադրությունը, միաժամանակ դիմադրել քաղաքականության մեջ փողի ներգրավումը պարզապես սեփական հայեցողությամբ կարգավորելու գայթակղությանը և դրսևորել հարցը լուծելու քաղաքական ամուր կամք: Վերջին հաշվով, այստեղ նաև հարցը գտնվում է կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի դաշտում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...