ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կայքերից մեկին տված հարցազրույցում չի ցանկացել մեկնաբանել դեսպանատանը վերջերս տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հետ։

Նա նշել է, թե իրենք չեն պատրաստվում որևէ կերպ մեկնաբանել հանդիպման հետ կապված փաստը։ Մոսկվան ակնհայտորեն ստվերում է այդ հանդիպման կարևորությունը՝ ընդգծելով դրա մասնավոր բնույթը, բացահայտ հասկացնելով, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնն ամենևին էլ որոշիչ չէ հայ-ռուսական հարաբերություններում:

Հայ-ռուսական հարաբերություններում նկատվում են լարվածություն, ագամ՝ ճգնաժամային բաղադրիչներ, սակայն դրանք ամենևին էլ հետևանք չեն երկրորդ նախագահի շուրջ տեղի ունեցող զարգացումների՝ ինչպես պարզունակ փորձում են հրամցնել նախկին համակարգի ներկայացուցիչները: Քոչարյանը ոչ թե գործոն է, այլ գործիք, որին արտաքին շահագրգիռ ուժերը պարբերաբար օգտագործում են Հայաստանի հետ հարաբերություններում:

Իսկ հայ-ռուսական հարաբերությունները բարդ տրանսֆորմացիայի փուլում են: Հայկական թավշյա հեղափոխությունը ձեռնոց է նետել վասալային ռեժիմին՝ հավատարիմ մնալով երկու երկրների ռազմավարական գործընկերության գաղափարին: Մոսկվան դժվարությամբ է ադապտացվում նոր իրավիճակին, ու դա բնական է, որովհետև ժամանակակից Ռուսաստանը չունի դաշնակիցներ ու երկրներին դասակարգում է «թշնամու» կամ «վասալի» կարգավիճակներով:

Սրանով հանդերձ՝ դեսպան Կոպիրկինի հարցազրույցում կան կոնկրետ ուղերձներ, որոնք հուշում են, որ իրավիճակ է փոխվել:

Մեջբերենք դեսպանի հարցազրույցից մի քանի հատվածներ:

Խոսելով ԵԱՏՄ երևանյան գագաթաժողովի մասին՝ Կոպիրկինն ասել է. «Ինձ թվում է՝ ինձ համար այն շատ նշանակալի է, քանի որ համաժողովը արտացոլեց Հայաստանի ակտիվ դերակատարությունը մեր եվրասիական ինտեգրման զարգացման գործընթացում: Բոլորը գիտեն, թե ինչով է տարբերվել ներկայիս համաժողովը, որին մասնակցեցին Սինգապուրի վարչապետը, Իրանի նախագահը»:

Կասկածից վեր է, որ Մոսկվան՝ թերևս վերջին քսանամյակում առաջին անգամ, ամրագրում է ոչ այնքան ԵԱՏՄ առաքելությունը, այլ դրանում Հայաստանի սուբյեկտությունը, այլ խոսքով՝ անուղղակիորեն ընդունում է, որ երևանյան գագաթաժողովն արտառոց էր Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխությունների համատեքստում:

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումների մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ասել է. «Երկու ղեկավարները եղել են բավականաչափ բավարարված այդ հանդիպումներից: Ինչ վերաբերում է ղեկավարների հարաբերություններին, ապա, ինչպես գիտեք, մեկ տարուց ավելի է, այսպես ասած, դինամիկ զարգանում են: Եվ այդ հարաբերությունները շատ ամուր են, վստահելի են: Կարծում եմ՝ հանդիպումը դրական տենդենց կապահովի հետագա հարաբերություններին»:

Կոպիրկինն ըստ էության փակել է բոլոր այն ճեղքերը, որոնք հայկական ռևանշիզմն օգտագործում է՝ Մոսկվայի օգնությամբ հին համակարգի ռեստավրացիան ապահովելու համար: Մոսկվայում թերևս գիտակցել են, որ անհնար է կրկնել մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ 11-րդ բանակի ինտերվենցիան տեղի ունեցավ պետականության արժեքներն ուրացած հայկական «հինգերորդ շարասյան» սադրանքների համատեքստում: Փոխվել են ժամանակները, ու նաև շատ համեստ են այսօրվա Ռուսաստանի ռեսուրսները, որը չի կարողանում «մարսել» անգամ ուկրաինական, վրացական արկածախնդիր կամպանիաների հետևանքները:

WCIT-ի գագաթաժողովի մասին դեսպանի դիտարկումն առավել քան ուշագրավ է. «Շատ հաճելի է, որ այս տարի համաշխարհային համաժողովը հավաքվել է այստեղ՝ Երևանում: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն իրոք ունի շատ մեծ և գլխավոր դերակատարում, միջազգային, հասարակական ներուժ այս ասպարեզում: Ինձ համար էլ ավելի հաճելի է, որ համաժողովը տեղի է ունենում այստեղ, որովհետև մենք ամուր կապեր ունենք՝ Ռուսաստանը, Հայաստանը…»:

Մոսկվայում ավանդաբար խանդով են վերաբերվել Երևանի բոլոր այն ձեռնարկներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են նպաստել Հայաստանի սուվերենության ամրապնդմանը: Հիմա՝ դեսպանի շուրթերով, Մոսկվան փաստորեն համակերպվում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանն ուղղված Փաշինյանի ջանքերին:

1997թ.-ից ի վեր չեմ հիշում, որ Ռուսաստանի որևէ դեսպան նման հարգանքով արտահայտվի Հայաստանի մասին: Թերևս Մոսկվայում գիտակցել են, որ քրեաօլիգարխիայի քսանամյա բեսպրեդելից հետո Հայաստանում վերականգնվել է պետությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...