Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման J խմբի 8-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Ֆինլանդիային. հանդիպումը կայացավ Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում: Մերոնք անատամ հանդիպում անցկացրեցին՝ պարտվելով 0:3 խոշոր հաշվով:

Սակայն սա հերթական կամ շարքային պարտություն չէր և, ըստ էության, ենթադրում է սահմանված նշաձողի տապալում. Հայաստանն ուներ բոլոր հնարավորությունները, սակայն այս անգամ ևս չի նվաճի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Չնայած դա պարզ էր անգամ երեք օր առաջ, երբ մեր հավաքականը չկարողացավ հաղթական հաշիվը պահպանել եվրոպական ֆուտբոլի անգամ հետնապահներից մեկի՝ Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը: Ավելին՝ ըստ ամենայնի, մեր հավաքականը չի կարողանալու կրկնե նույնիսկ իր լավագույն արդյունքը, երբ Եվրո-2012-ի ընտրական փուլում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Համենայնդեպս, մեր հավաքականին հենց այսօր կարող է շրջանցել Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը:

Լիխտենշտեյնի կարգի հավաքականի հետ խաղում երկու միավոր կորցնելուց, Ֆինլանդիայի ընտրանուն խոշոր հաշվով պարտվելուց հետո ուղղակի պարտավոր ենք խոստովանել, որ հավաքական չունենք։ Ժամանակ առ ժամանակ գրանցվող հաջողություններն ինստիտուցիոնալ հիմք չունեն, մարզչական աշխատանքի կամ խաղային ձեռագրի հետևանք չեն ու ընդամենն առանձին խաղացողների որակների, բարձր վարպետության արդյունք են։ Օրինակ՝ Բոսնիա-Հերցեգովինայի հետ փայլուն խաղը ստացվեց բացառապես Հենրիխ Մխիթարյանի անձնական վարպետության շնորհիվ։

Այստեղ առաջին պլան է գալիս ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի պատասխանատվության հարցը: Երբ անցած տարի ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը հավակնում էր ՀՖՖ նախագահի պաշտոնին։ Վանեցյանի թեկնածության ջատագովները պնդում էին, թե նրան կարճ ժամանկահատվածում կհաջողվի այնպիսի մթնոլորտ ստեղծել հայկական ֆուտբոլում, որ հնարավոր կդառնա Եվրոպայի առաջնության ուղեգրի նվաճումը։ Ի դեպ, նման նշաձող սահմանել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու օրը, հույս հայտնեց, որ նա կկարողանա ՀՖՖ նախագահի պաշտոնում լուծել ազգային-պետական կարևորություն ունեցող այդ խնդիրը։

Արթուր Վանեցյանը ձախողեց իր այդ առաքելությունը նույնպես: Այսպիսի իրավիճակ մենք տեսել ենք ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանում, սակայն արդար լինենք՝ հավաքականի նման ֆիասկոներից հետո բոլորս պահանջել ենք հայտնի օլիգարխի հրաժարականը։

Հիմա թերևս ժամանակն է՝ հրաժարական պահանջել Վանեցյանից, մանավանդ, որ նրա կողմից հաճախ չարչրկվող սպայի պատիվն առաջին հերթին պատասխանատվություն է ենթադրում։ Հասարակությունը Վանեցյանի հրաժարականի հարցում պետք է պահանջատեր և հետևողական լինի, եթե, իհարկե, մեզ հուզում է մեր ֆուտբոլի ապագան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...