Hrayr Tovmasyan

Անցած մեկ շաբաթվա ընթացքում երկրի գլխավոր իրադարձությունը Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացներն էին։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացներ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Մինչ այդ, սակայն, տեղի էր ունեցել ոչ պակաս ուշագրավ մի հանդիպում, որին անդրադարձ եղավ մամուլում։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ հանդիպել էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը։ Հանդիպման ժամանակ խոսվել էր ՀՀ ՍԴ-ի և Գերմանիայի դեսպանության միջև արդյունավետ համագործակցության մասին։ Հանդիպման մասին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան, դոկտոր Միխայել Բանցհաֆին ուղղեցինք հետևյալ հարցը․ «Պարոն Բանցհաֆ, հոկտեմբերի 8-ին Դուք հանդիպել եք ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ, քննարկել ՍԴ-ի և Գերմանիայի դեսպանատան միջև արդյունավետ համագործակցությունը։ Թովմասյանն ասել է, որ 2020թ․ պատրաստվում է այցելել Գերմանիա։ Արդյոք այդ հանդիպումը աջակցությո՞ւն չէր Հրայր Թովմասյանին այն դեպքում, երբ այս օրերին ՍԴ-ում քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը»։

Դեսպանի պատասխանը հակիրճ էր․ «Շնորհակալություն Ձեր հարցման համար: Ձեր նշած այցը նորանշանակ դեսպանի կողմից դիվանագիտական ընդունված կարգով իրականացվող ճանաչողական և քաղաքավարական այցելություն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարձրագույն մարմիններից մեկի ղեկավարին: Պարոն Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է որպես Սահմանադրական դատարանի նախագահ, և մեր հանդիպումը պայմանավորված էր այդ հանգամանքով:

Բարեկամական ողջույններով՝ դոկտոր Միխայել Բանցհաֆ»։

Իսկ արդեն հոկտեմբերի 14-ին, օրվա վերջում, Սահմանադրական դատարանը տեղի ունեցած աշխատակարգային նիստի ավարտից հետո տարածեց հաղորդագրություն այն մասին, որ որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա ՍԴ-ի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Իսկ ՍԴ-ի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

Մամուլում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՍԴ-ի դատավորներից միայն Ֆելիքս Թոխյանն է դեմ եղել գործի քննությունը մերժելուն։ Ֆելիքս Թոխյանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Ակնհայտ է, սակայն, որ Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը չհանգուցալուծվեց, այլ թևակոխեց նոր փուլ։ Ի՞նչ քայլեր պետք է անեն իշխանությունները։

Փաստաբան Հովիկ Արսենյանը նշում է․ «Եթե իշխանությունների առջև դրված էր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու խնդիր, ապա նրա վերաբերյալ կան բավականին շատ վարկաբեկիչ նյութեր, պետք է փաստական տվյալները հավաքելով՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը դրվեր։ Իսկ եթե ՍԴ-ն մերժել է ԱԺ-ի որոշումը, նույնիսկ քննարկման առարկա չի դարձրել, շատ տհաճ է։ Եթե մեր հասարակությունում կա անհրաժեշտ մակարդակի գիտակցություն, ապա ՍԴ-ի որոշ վայ անդամներ դա էլ չունեն և «սառը իրավագիտակցությամբ» են մոտենում խնդրին։ Ես շնորհակալ եմ պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանին, որ շատ բարձր գիտակցություն ունենալով հանդերձ, դեմ է քվեարկել։ Պետք է ՍԴ-ի խնդիրը դիտարկել ազգային-պետական շահերից ելնելով, ոչ թե այսրոպեական խմբակային շահերով առաջնորդվել։ Ճգնաժամ գոյություն չունի, իրենք են այն արհեստականորեն ստեղծել։ Եթե այսպես շարունակվի, ես կողմնակից եմ, որ լինեն սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում ՍԴ-ն կարող են լուծարել։ Մեզ այդպիսի Սահմանադրական դատարան պետք չէ։ Քսան տարուց ավելի գոյություն ունեցող ՍԴ-ն չի կատարել որևէ օգտակար աշխատանք»։

Նկատեցինք, որ սկսած 1996 թվականից, ՀՀ նախագահի և ԱԺ-ի կեղծված ընտրությունները ՍԴ-ում լեգիտիմացվում էին նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի օրոք, նա պաշտոնավարեց, հեռացավ, հիմա ոչ ոք նրան չի հիշում, չի մեղադրում ՍԴ-ի վարկը գցելու համար։

«Եթե Գագիկ Հարությունյանն այսօր լիներ ՍԴ նախագահ, ակնհայտ էր, որ նա վաղուց հրաժարական տված կլիներ։ Գոնե այդ գիտակցությունն այդ մարդն ուներ։ Իսկ Հրայր Թովմասյանը չափը կորցրել է, և չես հասկանում, թե որ երկրի ծառան է դարձել կամ ում շահն է պաշտպանում։ Մեր դժբախտությունն է, որ համապատասխան արժանիքներ չունեցող մարդը հասել է ՍԴ-ի նախագահի պաշտոնին»,- ասաց Հովիկ Արսենյանը։

Հետաքրքրվեցինք, թե հե՞շտ է և արդարացվա՞ծ է Սահմանադրական դատարանի լուծարումը։

«Կույր աղիքի նման ինստիտուտ է Սահմանադրական դատարանը, որը չի ծառայել իր նպատակին։ Եվ հիմա էլ արհեստականորեն ճգնաժամ են ստեղծում, ամբողջ արդարադատության համակարգը հեղինակազրկում»,- նշեց փաստաբանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...