ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ նշում էր, որ ոչ մի «հականիկոլական կոալիցիա էֆեկտիվ չի լինելու առանց Հանրապետականի»: ՀՀԿ փոխնախագահը առաջին անգամ չէ, որ անում է այդօրինակ գրառում:

Խոսքն իհարկե իշխանության հասցեին գրառմանն ուղեկցող քննադատության մասին չէ, այլ հենց ՀՀԿ «անփոխարինելիության»՝ իշխանության դեմ պայքարի որևէ ձևաչափի հաջողության հարցում:

Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ունի մտավախություն, որ այդուհանդերձ կարող է ձևավորվել որևէ, այսպես ասած, հակաիշխանական կամ ընդդիմադիր ձևաչափ՝ առկա իրողություններից բխող հնարավորության պայմաններում, որքան էլ այն լինի պայմանական, որում տեղ չհատկացվի ՀՀԿ-ին, կամ որից հետո ՀՀԿ-ն հայտնվի ներքաղաքական լուսանցքում: Ավելի շուտ, խոսքը կարող է լինել նախկին իշխանական լուսանցքում հայտնվելու վտանգի մասին, երբ նախկին համակարգը ներկայացնող նոր ֆորմացիաներ կարող են ի հայտ գալ կամ վերադասավորվել, իսկ ՀՀԿ-ն մնա դուրս: Ավելի ճիշտ կլինի թերևս ասել, որ ՀՀԿ փոխնախագահը արտահայտում է ՀՀԿ-ում ընդհանուր առմամբ եղած անհանգստությունը կամ մտահոգությունը այդ կապակցությամբ:

Համենայնդեպս, ինչի՞ համար է անհրաժեշտ արդեն առնվազն երկրորդ անգամ արվող այդ հիշեցումը, որն անկասկած չունի այլ հասցեատեր, քան նախորդ իշխանությանը հարող ուժեր կամ շրջանակներ: Այն, որ ՀՀԿ-ն պարբերաբար զգում է իր մասին հիշեցնելու անհրաժեշտություն, ակնառու է և վկայում է նախկին իշխող համակարգի շրջանակում առկա բավականին ուժեղ մրցակցության մասին՝ «ընդդիմության դրոշակակրի» կարգավիճակի համար: Գաղտնիք չէ, որ այդ կարգավիճակի հավակնորդ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նշմարվում են նաև այլ հավակնորդներ: Համենայնդեպս, կան ուժեր, որոնք միանգամայն հրապարակավ խոսել են նաև Միքայել Մինասյանի առաջնորդության մասին:

Այդ իրավիճակը նախկին իշխող համակարգում նաև միանգամայն բնական է: Ի վերջո, այդ համակարգը գործնականում միատարր չի եղել երբեք և առավել ևս՝ վերջին տասնամյակում: Միևնույն ժամանակ, ներկայումս թեև կա ընդհանուր թիրախ՝ Նիկոլ Փաշինյան և նոր իշխանություն, բայց այդ ընդհանուր թիրախը պայմանավորված է տարբեր նպատակներով: Իսկ ահա նպատակների հարցում կան բավականին նրբություններ՝ կապված այն իրողության հետ, որ իշխանությանն ընտրելով մեկ թիրախ՝ նպատակների սպասարկման հարցում նախկին իշխանության թևերը կարող են գործել, այսպես ասած, միմյանց շահերի հաշվին:

Այդ խնդիրը կար, երբ համակարգը դեռևս իշխանության էր, այժմ իշխանությունը չկա, սակայն խնդիրը մնում է, և համակարգի տարբեր խմբերը անշուշտ այն լավ են պատկերացնում՝ ձեռնամուխ լինելով «ընդդիմության» կարգավիճակում անփոխարինելիության համար պայքարին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...