«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպման ձևաչափը եղել է ազատ, և հանդիպման ընթացքում քննարկվել են ամենատարբեր հարցեր։

Լիլիթ Մակունցը նշել է, որ քննարկվել են ամենատարբեր հարցեր, այդ թվում նաև ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները։

Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը` հարցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը պատասխանեց․ «Պետք է նշեմ, որ բազմավեկտոր և տարբեր ոլորտներին առնչվող հարցեր ենք քննարկել՝ սկսած պետական ապարատի օպտիմալացման, արդյունավետության բարձրացման հարցերից։ Քննարկվել են նաև ոստիկանության համակարգի տարբեր մոդելներ։ Իհարկե, խորքային հնարավոր չէր քննարկել, որովհետև ժամանակը շատ չէր։ Այո, քննարկումը շատ լայն շրջանակ է ընդգրկել, և հետագայում նման հանդիպումներ պետք է հաճախակի լինեն, որպեսզի ավելի ինտենսիվ լինեն։ Իսկ ինտենսիվ քննարկումների ժամանակ, միանշանակ, քաղհասարակությանը ներգրավելու ենք այդ գործընթացներին, որովհետև, եթե մենք ուզում ենք, որ ռեֆորմները հաջողված լինեն, միանշանակ, քաղհասարակությունն այդտեղ պետք է ներգրավվածություն ունենա»։

Ինչպես նշել է ՀՀ վարչապետի խոսնակը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել։ Օսիպյանը նշել էր, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ։ Կխոսի՞, թե՞ կլռի՝ հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումները թանկարժեք մեքենաների և բնակարանների մասին` հարցին քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը ասաց․ «Ես չեմ կարծում, որ եթե Օսիպյանը խոսի, ապա դա կլինի հիմա։ Երբ նա նորից վերադառնա պետական կառավարման համակարգ, ապա լրագրողները նախ պետք է հարցնեն, թե ոստիկանապետ եղած ժամանակ ինչպիսի փոփոխություններ է նա արել։ Անշուշտ, մեկ տարին շատ քիչ է որևէ լուրջ փոփոխություն իրականացնելու համար, բայց դրա ստարտը գոնե պետք է տար։ Անկեղծ ասած՝ ոստիկանությունում այդ ստարտը ես չեմ տեսել»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...