Միշտ Հոկտեմբերի 27-ից առաջ ազգովի հիշում ենք, թե ինչ ոճրագործություն է տեղի ունեցել, 20 տարի է՝ նույնը կրկնվում է, և 27-ից հետո ազգովի «թայմաութ» ենք վերցնում՝ ակնկալելով, որ մի օր Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի:

Դա այն չբացահայտված հրեշավոր ահաբեկչական գործողությունն է, որը մեր երկրի ընթացքը կասեցրեց, տարավ այլ ուղղությամբ, և մենք անընդհատ փորձում էինք այդ ուղեծրից դուրս գալու ճանապարհը գտնել վերադառնալու համար, որովհետև մեր ժողովուրդը Հոկտեմբերի 27-ից առաջ ձևավորել էր լեգիտիմ իշխանություն՝ ի դեմս Աժ-ի, և նրա երկու լիդերները՝ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը ձևավորել էին հույս, որը մեր ժողովուրդը կորցրեց ընդամենը 4 ամիս հետո՝ ընդամենը մեկ նշանառու կրակահերթի հետևանքով: Երբ կարդում եք Հոկտեմբերի 27-ի հատորները, տեսնում եք, որ Նաիրի Հունանյանը՝ իր խմբի անդամներով, ցույց է տալիս, որ պատահական էր, իրենց վրա ինչ-որ տեղից կրակել են, իրենք անկանոն կրակոցներ են արձակել, բայց հետագայում տեսանք այն կադրերը, որտեղ բոլորի աչքի առաջ նրանք, ըստ էության, պլանավորված եկել էին գլխատելու այն ժամանակվա քաղաքական իշխանությունը: Եվ այդ գլխատման հետևանքով մեր երկիրը հայտնվեց անորոշության մեջ՝ չնայած որ այն ժամանակվա քաղաքական մեծամասնությունը ձևավորեց կառավարություն, բայց այդ ընթացքում, այդ խառնաշփոթի մեջ կառավարությունը չկարողացավ կողմնորոշվել իր քաղաքական քայլերի հարցում, և դրանից օգտվեց իշխանության մյուս՝ նախագահական թևը:

Շատերին զարմացրել է կրակողի վաղաժամ ազատ արձակման դիմումը: -Շատերը զարմացել են, որ նա այդպիսի հանդգնությամբ է հանդես եկել, չնայած որ նա իրացրել է իր իրավունքը, մեր օրենսդրությամբ՝ ցանկացած ցմահ դատապարտյալ 20 տարի հետո իրավունք ունի դիմել վաղաժամկետ ազատ արձակման համար:

Մի՞թե Նաիրի Հունանյանն ուզում է խոսել: Եթե նա գնում է այդ քայլին, միգուցե 20 տարի ուշացումով ասելիք ունի, բայց այս միտքն ընդամենը առաջին հայացքից ինձ մոտ եկավ: Ես այն կարծիքին չեմ, որ նրանք ռոմանտիկներ էին, ինչպես Վազգեն Մանուկյանն էր ասում, կամ «ուչաստկովի» գործ էր, համոզված եմ, որ սրա ետևում լուրջ, համակարգված խնդիր էր լուծվում, և այդ խնդիրը Հայաստանը գլխատելն էր… Հետագայում Ռ. Քոչարյանն ամեն ինչ արեց, որ այս գործը կազմակերպիչների մասով կարճվի: Այս մասին խոսել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

1998-ի իշխանափոխությունից հետո Վազգեն Սարգսյանը մտադրվել էր կուսակցություն ստեղծել: Անդրանիկ Մարգարյանը կարողանում է նրան համոզել, որպեսզի Երկրապահի քաղաքականացված հատվածը միանա ՀՀԿ-ին:

Աշոտ Նավասարդյանի մահից հետո Հանրապետականը, որը երբեք մեծ կշիռ չի ունեցել, հայտնվել էր փլուզման շեմին ու պատահական չէ, որ 98-ի դրամատիկ օրերին Անդրանիկ Մարգարյանը ստվերի պես հետևում էր Վազգեն Սարգսյանին: Սպարապետի ընտրությունն ի վերջո կանգ առավ Հանրապետականի վրա. նրան գրավել էր կուսակցության դասական անունը: 1999-ի հունվարի 24-ին Վազգեն Սարգսյանը ՀՀԿ համագումարում հանդես եկավ ծրագրային ծավալուն ելույթով և, թերևս, բոլորի համար հասկանալի էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նա վարչապետության հայտ է ներկայացնելու, ինչն ինքնին ենթադրում էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության էական սահմանափակում:

Սակայն ՀՀԿ-ն դարձավ ոչ թե Վազգեն Սարգսյանի հաղթանակների ուղեկիցը, այլ շուտով ինքն արձանագրեց «հաղթանակներ»` Սպարապետին ուրանալու գնով:

Հոկտեմբերի 27-ը Հայաստանում դրեց «մեծ ուրացման» շրջանի մեկնարկը: Դա հենց պետության ինստիտուցիոնալ ճգնաժամի դրսևորում էր, որովհետև քաղաքական համակարգում գնահատման չափանիշներ դարձան ստորաքարշությունն ու ուրացումը: Համակարգը` վերից վար, ապրում էր այդ տրամաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանն ուրացավ Հայաստանն ու Արցախը` արյունոտ խրախճանքի միջոցով «թագադրվելով» ռուսական ցարի կողմից: Քոչարյանն ինչքան հնազանդ էր ռուսական կայսրությանը, այնքան դաժան էր երկրի ներսում` ոչնչացնելով քաղաքական այլակարծության բոլոր դրսևորումները, ոչնչացնելով ինքնիշխանության բոլոր օջախները:

Վշտահար հասարակության ցավը դեռ չէր ամոքվել, երբ ՀՀԿ վերնախավն ուրացավ Վազգեն Սարգսյանին` Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանանալով պաշտոնների և յուղոտ բիզնեսների: Քստմնելի էր տեսնել ՀՀԿ վերնախավի երկդիմությունը, որը ցերեկները Վազգեն Սարգսյանի շիրիմին երդվում էր հավատարիմ մնալ Սպարապետի գործին, իսկ գիշերները Սպարապետի հիշատակը զոհաբերում էր «երեսուն արծաթով»` Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ոչնչացնելով Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգությունը: Սպարապետին հավատարիմ գործիչները զրկվեցին պետական պաշտոններից, ոմանք` ազատությունից: Ռոբերտ Քոչարյանը հստակ սահմանել էր այն ստորացուցիչ նշաձողը, որի պարագայում մարդիկ կարող էին ինտեգրվել իր համակարգին, դառնալ «արտոնյալ»: Դա ուրացումն էր Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին:

Դրանով Ռոբերտ Քոչարյանը երկու խնդիր էր լուծում` ամրապնդում էր իր իշխանությունը և երաշխիքներ էր տալիս պարբերաբար «ըմբոստացող» Նաիրի Հունանյանին: Պատահական չէ, որ իշխանության մեջ մնացած Վազգեն Սարգսյանին վերջին հավատարիմ թիմակիցները` Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը և գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը, պաշտոնանկ արվեցին Հոկտեմբերի 27-ի դատավարության շեմին: Շուտով Նաիրի Հունանյանին ավելի մեծ «նվեր» մատուցվեց` ձերբակալվեց Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը:

Սկսվել էր «մեծ ուրացման» շրջանը` Քոչարյանն ուրանում էր Հայաստանը, Հանրապետականը` Վազգեն Սարգսյանին: Պատահական չէ, որ ՀՀԿ-ի այսօրվա հավաքական դեմքը անհայրենիք օլիգարխիան է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...