hoktemberi-27

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ութ զոհերից մեկի` ԱԺ երկրապահ պատգամավոր Արմենակ Արմենակյանի սպանությունը տեղի է ունեցել նիստերի դահլիճից դուրս:

Հանցագործության այս դրվագի բացահայտմանը հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձրել ոչ նախաքննության մարմինը և ոչ էլ դատարանը: Հոկտեմբերի 27-ի գործին քաջատեղյակ մարդիկ կհաստատեն, որ Արմենակյանի սպանության դրվագն էականներից մեկն է գործում, այն բանալիներից մեկը, որ քննությանը կարող էր դնել ոճրագործության կազմակերպիչների հետքի վրա: Հենց դրանով էլ, թերևս, բացատրվում է այս դրվագում քննության «անտարբերությունը»:

Բանն այն է՝ Արմենակ Արմենակյանի սպանությունը չէր կարող իրականացրած լինել Նաիրի Հունանյանի հանցախմբի անդամներից և ոչ մեկը, որովհետև այդ ժամանակ ահաբեկիչները գտնվել են ԱԺ նիստերի դահլիճում և այնտեղից դուրս չեն եկել: Այս փաստը ծնում է միանգամից մի քանի հարց, նաև վարկածներ: Եթե հանցախումբն ունեցել է վեցերորդ անդամ, ապա ո՞վ է նա, ո՞ւր անհետացավ, մանավանդ որ խորհրդարանում հնչած կրակոցներից անմիջապես հետո ԱԺ շենքը` բացի դահլիճից, վերցված էր խիստ վերահսկողության տակ, անգամ բարձրաստիճան պաշտոնյաները չէին կարող ազատ ելումուտ անել խորհրդարանի շենք: Այսինքն` գործնականում գրեթե բացառվում է, որ հանցախումբն ունեցել է այլ անդամ կամ անդամներ, ովքեր Արմենակյանին կարող էին սպանել խորհրդարանի դահլիճին կից ֆոյեում, ապա անարգել լքել խորհրդարանի շենքը:

Խիստ արժանահավատ է թվում այն վարկածը, որ հանցախումբն աջակիցներ է ունեցել հենց այդ պահին ԱԺ-ում գտնվող ուժային, իրավապահ մարմինների ներկայացուցիչների շարքերում, և հենց նրանցից մեկն էլ կատարել է ԱԺ պատգամավորի սպանությունը: Համենայնդեպս, նախաքննության մարմինը «հետևողականորեն» «ջրել» է Արմենակյանի սպանության դրվագը, իսկ դատարանում` նախագահող դատավոր Սամվել Ուզունյանը դիմեց բազմաթիվ ապօրինի հնարքների, որպեսզի գործի այս դրվագը համակողմանի քննության առարկա չդառնա: Կասկածից վեր է, որ իշխանությունները խիստ մտահոգված էին Արմենակյանի սպանության հանգամանքների բացահայտման հեռանկարով, իսկ դա հիմք է տալիս ենթադրելու, որ դրա հետևում կան իշխանության բարձրաստիճան կաբինետներ տանող հետքեր:

Նույն տրամաբանության շրջանակում իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի չբացահայտվեն այն հանգամանքները, թե ինչպես է ահաբեկիչների զենքը հայտնվել խորհրդարանի շենքում: Եթե այդ դրվագն արժանանար լուրջ քննության, գուցե հաստատվեին խոսակցությունները, որ զենքը ԱԺ տարածքում հայտնվել է խորհրդարանական ուղիղ հեռարձակումները սպասարկող մեքենայում գտնվելով, կամ՝ զենքերը նախօրոք եղել են ՀՅԴ խմբակցության սենյակում: Երկու վարկածի հետևում էլ պարզորոշ երևում են Քոչարյանի «ականջները»: Ի դեպ, հետևողականորեն խոչընդոտելով նախաքննության ու դատավարության բնականոն ընթացքը` Ռոբերտ Քոչարյանը դրանց ուշադիր հայացքը շեղում էր այն ճանապարհից, որը տանելու էր դեպի Բաղրամյան 26` իր նստավայր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...