Հոկտեմբերի 27-ի թիրախը Երրորդ հանրապետությունն էր, նպատակը` Հայաստանի ռուսական գաղութացումը: Սակայն նույնիսկ նման խոշորամասշտաբ ահաբեկչությունը չէր կարող երաշխավորել կայսրության հաղթանակը, եթե Հայաստանի ռուսական գաղութացումը չամրապնդվեր այդ ռեժիմին բնորոշ համակարգով: Ոճրագործության ութ զոհերից առնվազն վեցը նպատակային են եղել:

Հոկտեմբերի 27-ի բանալիներից մեկը, որը լույս է սփռում ոճրագործության մոտիվների վրա, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի սպանությունն էր: Քչերը գիտեն, որ ԼՂՀ նախկին վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի կառավարության ամենաառանցքային նախարարներից մեկն է եղել, որի ղեկավարած կառույցի հիմնական նպատակը տնտեսության ստվերի, մոնոպոլ դրսևորումների, կոռուպցիայի դեմ պայքարն էր: Պետրոսյանի տրամադրության տակ եղել են կոնկրետ փաստեր, որոնք վերաբերել են նաև Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատի տնտեսական հանցագործություններին, որոնք կատարվել են 1997-99թթ-ին, այսինքն` այն փուլում, երբ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, ապա դարձավ նախագահ:

Խնդիրն այն է, որ Քոչարյանի նախագահության արդեն առաջին տարում տեղի ունեցան «Արմենթելի» և Կոնյակի գործարանի խայտառակ գործարքները, որոնք, ըստ էության, դրեցին Քոչարյանի կոռուպցիոն համակարգի հիմքերը: Ռուսական կայսրությունը Հայաստանում տոտալ ազդեցություն կարող էր ունենալ միայն կոռուպցիոն, քրեաօլիգարխիկ համակարգի հաստատման միջոցով: Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմն այս իմաստով խանգարում էր ռուսական հեռահար ծրագրերի իրականացմանը: Եվ այստեղ խնդիրն այն չէ, թե ինչպիսի արտաքին կողմնորոշում ունեին Վազգեն Սարգսյանը կամ Կարեն Դեմիրճյանը, որովհետև չեկիստական Ռուսաստանի համար արդեն իրական մարտահրավեր է գործ ունենալ հասարակության վստահության ռեսուրս ունեցող իշխանության հետ:

Վազգեն Սարգսյանի կառավարությունը բնույթով հակակայսերական էր, որովհետև նրա իշխանության հիմքում ոչ թե ռուսական «դաբրոն» էր, այլ` Հայաստանի հասարակության վստահության ռեսուրսը: Վազգեն Սարգսյանի կառավարության պարագայում երբեք չէին կարող իրականություն դառնալ «Գույք` պարտքի դիմաց» նվաստացուցիչ համաձայնագիրը կամ հայ-ռուսական գազային պայմանագրերը:

Էությամբ կոռուպցիոն այս գործարքների նպատակը Հայաստանի գաղութացումն էր, նրա տնտեսության թալանը: Այս հարթության վրա չէր կարող կոմպրոմիս լինել Մոսկվայի և Դեմիրճյան-Սարգսյան տանդեմի միջև: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ինստիտուցիոնալ հարթության վրա Հայաստանում ոչնչացրեց պետական իշխանությունը` նրա փլատակների վրա կայացնելով քրեաօլիգարխիկ համակարգը, որը դարձավ Ռոբերտ Քոչարյանի արյունոտ, ավտորիտար իշխանության գլխավոր հենարանը և ռուսական օկուպացիայի ինստիտուցիոնալ դրսևորումը:

Հոկտեմբերի 27-ը անկասելի հարված հասցրեց նաև մեր հասարակության արժեքային համակարգին, նրա կողմնորոշումներին, գնահատման չափանիշներին: Երբ բովանդակային հարթության վրա ոչնչանում է պետությունը, հասարակությունը զրկվում է երազելու ունակությունից, ապագայի տեսլականից: Քրեաօլիգարխիան` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պուտինյան Ռուսաստանի «Կարմիր բանակն» էր, որ ծնվեց Հոկտեմբեր 27-ի ոճրագործության ընդերքում: Քրեաօլիգարխիան դարձավ Հայաստանի գաղութացման, թալանի և կոռուպցիայի խորհրդանիշը: Եկել էր անհագ օլիգարխիայի ժամանակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...