Hrayr Tovmasyan

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հայաստանի գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրությունում:

Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:

Բաբաջանյանն ըստ էության պնդում է այն, ինչը բխում է անցած տարվա թավշյա հեղափոխության օրակարգից։ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալը անջատ գործընթաց չէ ու ամբողջովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի իշխանավարումը շարունակելու համապարփակ ծրագրի համատքեստում։ «Մերժիր Սերժին» տրամաբանությամբ տեղի ունեցած հեղափոխության առաջին գործը պետք է լիներ նախկին համակարգին իրավաքաղաքական գնահատական տալը, ինչը համապարփակ վեթինգ իրականացնելու հնարավորություն կտար, ու թերևս մենք այսօր չէինք ուենա այն ճգնաժամը, որը ստեղծվել է ՍԴ-ի շուրջ։

Քաղաքական իշխանությունը հապաղեց, ինչի հետևանքով գոնե առերևույթ այսօր հակադրության իմիտացիա է նրա ու դատական իշխանության միջև։ Նույնիսկ անթույլատրելի հապաղումից հետո խորհրդարանական մեծամասնությունը սկզբունքորեն սխալ մոտեցում որդեգրեց ՍԴ ճգնաժամը հաղթահարելու համար։ Խնդիրը միայն այն չէ, որ թիրախավորվեց ՍԴ ընդամենը մեկ անդամ ու կոնկրետ գործով, ավելի վտանգավորն այն է, որ ԱԺ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմեց ՍԴ-ին՝ փաստորեն լեգիտիմացնելով նրա այսօրվա կազմը կամ ընդունելով այդ մարմնի լեգիտիմությունը։ Թերևս բնական է, որ ՍԴ-ն միանգամից օգտվեց բացառիկ բարենպաստ իրավիճակից ու ըստ էության հարված հասցրեց խորհրդարանական մեծամասնության քաղաքական հեղինակությանը։

Արման Բաբաջանյանի հաղորդումն ու ՀՔԾ որոշումը կարող են փրկել իրավիճակը, համենայնդեպս՝ պատեհ առիթ է առաջացել պայքարելու ոչ թե հետևանքների դեմ, այլ անդրադառնալու իշխանության յուրացման փաստին՝ ՍԴ-ում նպաստելով այնպիսի ստատուս-քվոյի ձևավորմանը, որը համահունչ կլինի սահմանադրական կարգավորումներին։

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը բացառիկ նշանակություն ունի, որովհետև այն քրեական հետապնդման հեռանկար է բացում Հրայր Թովմասյանի համար, ինչը կարող է ազդակ հանդիսանալ ՍԴ-ում ստեղծված աննախադեպ ճգնաժամը հաղթահարելու համար։ Մյուս կողմից՝ ՀՔԾ-ում հարուցված գործը նաև շանս է Թովմասյանի համար, եթե նա ինքնակամ հրաժարվի պաշտոնից՝ այդպիսով վերացնելով իշխանության յուրացման հետևանքները։ Նման իրավիճակ ստեղծելու համար շատ կարևոր է խորհրդարանական ուժերի կոնսոլիդացված դիրքորոշումը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...