Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվել է մասնակցել խորհրդարանի քննարկմանը, որը վերաբերում է ՍԴ-ում իր պաշտոնավարման դադարեցմանը: Թովմասյանը հայտարարել է, որ Իմ քայլը դաշինքի այդ նախաձեռնությունն ունի քաղաքական հստակ շարժառիթ, ըստ այդմ անիմաստ է մասնակցել դիմումի քննարկմանը:

Իմ քայլը դաշինքը նախաձեռնել է դիմում, որը ներկայացվելու է ՍԴ՝ եթե խորհրդարանում հավաքի երկու-երրորդ: ՍԴ-ն պետք է քննի այդ դիմումն ու որոշի՝ հավանության արժանացնե՞լ Հրայր Թովմասյանին հեռացնելու առաջարկը, թե ոչ:

Իմ քայլի դիմումին միացել է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը հայտարարել է, որ դիմումին քվեարկելու է կողմ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը երկրորդն է պատգամավորների թվով, մի քանի օր անորոշությունից հետո նախօրեին հայտարարեց, որ դիմումի հիմքերը բավարար չեն, եւ ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը:

Հրայր Թովմասյանը ԲՀԿ պատգամավորներից ներողություն է խնդրել, որ հրաժարվում է քննարկմանը մասնակցելուց եւ չի կարող պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Փաստորեն, Հրայր Թովմասյանը դիվանագիտորեն հրաժարվեց ԲՀԿ քաղաքական աջակցությունից, խորհրդարանում քննարկմանն իր մասնակցությունն անիմաստ համարելու տողատակում փաստորեն անիմաստ համարելով ԲՀԿ այդ աջակցությունը: Այլ կերպ ասած, Հրայր Թովմասյանը քաղաքավարի մերժեց ԲՀԿ-ին:

Ավելին, շատ հավանական է, որ ի դեմս Թովմասյանի ԲՀԿ-ին մերժում է ՀՀԿ-ն, որի հետ ասոցացվում է Հրայր Թովմասյանը, թեեւ նրա պաշտպանության դիրքից ներկայում գործում է նախկին իշխանության ոչ միայն ՀՀԿ մնացած թեւը, այլ նաեւ նախկին իշխող համակարգի այլ թեւեր, այդ թվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մեծ հաշվով, Հրայր Թովմասյանի ԲՀԿ-ին հասցեագրված քաղաքավարի եւ փաստացի մերժումը նախկին համակարգի մերժումն էր ԲՀԿ-ին, որը ձեւավորվել եւ քաղաքական դեր է ստացել հենց այդ համակարգում: Պատճառն ըստ երեւույթին ոչ թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ անվստահությունն է, այլ պարզապես այդ քաղաքական միավորի անհրաժեշտության կորուստը: ԲՀԿ-ն, որ նախկին համակարգում տեղ էր զբաղեցրել դժգոհ հանրության եւ իշխանության արանքում, նոր իրավիճակում մնաց հեղափոխական իշխանության ու նախկին իշխանության արանքում:

Մինչդեռ այդ արանքում ոչ ոք պետք չէ, որովհետեւ այդպիսի արանք պարզապես չկա, հետեւաբար ԲՀԿ-ն փորձում է դիրք գտնել մի տեղ, որը գոյություն չունի: Նախկին համակարգը Գագիկ Ծառուկյանից ունի ոչ թե միջանկյալ, այլ միարժեք ակնկալիք՝ կամ-կամ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...