Hrayr Tovmasyan

Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության խորհրդարանի դիմումի քննարկումը: Որոշումը կայացրել են հոկտեմբերի 14-ին, իսկ ամբողջությամբ կհրապարակվի սահմանված ժամկետում:

Խորհրդարանի Իմ քայլը մեծամասնությունը նախաձեռնել էր դիմում, որով ներկայացվում էր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հիմք: Սահմանադրական դատարանը փաստորեն անհիմն է համարել դիմումը, կամ համարել է, որ այն բավարար չէ ՍԴ նախագահի եւ դատավորի կարգավիճակից Թովմասյանին զրկելու համար:
Կամ էլ, ՍԴ-ն պարզապես կայացրել է քաղաքական որոշում եւ պահել Հրայր Թովմասյանին, կամ այսպես ասած նախկին իշխանության կամ նախկին իշխող համակարգի «վերջին բաստիոնը»:

Ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ է պատասխանելու խորհրդարանը կամ կառավարող ուժը ընդհանրապես: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ այդ դեպքի համար ինքն ունի մի քանի տարբերակ՝ մտքում: Կա՞ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանության ընդհանուր միտք, թե ոչ: Ի՞նչ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքում, որը հայտարարում է նախկին իշխող համակարգի հետ բոլոր խնդիրները սահմանադրա-իրավական ճանապարհով լուծելու սկզբունքային մոտեցման մասին:

Օրերս մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Հրայր Թովմասյանը թաքցրել է իր ունեցվածքի մի մասը: Դատախազությունը հոկտեմբերի 14-ին տարածեց տեղեկություն, որ ստուգելու են մամուլի այդ հրապարակումները:

Կլինի՞ Հրայր Թովմասյանի շուրջ արդեն ոչ թե «սահմանադրա-իրավական», այլ «դատա-իրավական» գործընթաց:

Թե՞ Հրայր Թովմասյանին «փրկեց» Թուրքիան՝ Սիրիա ներխուժելով, ինչը անկասկած Հայաստանի իշխանության համար ձեւավորում է բոլորովին այլ քաղաքական առաջնահերթություններով օրակարգ: Կամ, ավելի ճիշտ՝ այդ օրակարգը այդպիսին է արդեն տեւական ժամանակ, եւ դրա ֆոնին Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը, չնայած իր ներքին հնչեղությանը՝ այն էլ առավելապես տեղեկատվա-քարոզչական հոսքերի եւ հանրային ընկալումների պատճառով, գործնականում շատ փոքր ու կետային խնդիր է քաղաքական այն մեծ օրակարգի համատեքստում, որ մի կողմից ձեւավորվում են աշխարհքաղաքական իրողությունների զարգացման եւ դրանց զուգահեռ՝ Հայաստանի արտաքին քաղաքական նախաձեռնությունների շրջանակում:

Աշխարհքաղաքական-անվտանգային լայն գործընթացի եւ դրա տարբեր շերտերի համատեքստում Հրայր Թովմասյանի կամ ՍԴ խնդիրը իր խորքային նշանակությամբ առավելագույնը կարող է լինել «մանրադրամ», Հայաստանի համար ներկայիս շրջափուլում առավել նշանակալի խնդիրներ լուծելու եւ բավական անկայուն ու անկանխատեսելի միջազգային միջավայրում անվտանգային երաշխիքների հնարավորինս երկարաժամկետ խորք ձեւավորելու հարցում:

Միեւնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանը փաստորեն պահեց «մահապարտի»՝ ամեն վայրկյան որեւէ զարգացման «զոհաբերվելու» կարգավիճակում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...