Ազգային Ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը առաջ է բերել Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակում իշխանությանը քաղաքական հետապնդման համար մեղադրանքի նոր ալիք:

Միեւնույն ժամանակ, այստեղ արդեն կարծես թե իրավիճակը չի պարունակում որեւէ նորություն, եւ մինչ այժմ «խաղն» ու կողմերի վարքագիծը գործնականում բավականին պարզ է: Պարզ չէ իհարկե, թե ինչ ընթացք է ունենալու շարունակությունը:

Իշխանության դաշտում ամեն ինչ թերեւս կախված է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից, կամ պարզապես որոշումից: Այստեց նկատելի է Վահե Գրիգորյանի դժգոհությունը, եւ իշխանության այն շրջանակի, որն այս կամ այն կերպ կարող է ասոցացվել Գրիգորյանի ոչ միայն դիրքորոշմանը, այլ նաեւ քաղաքական-քաղաքացիական այն տիրույթին, որ ասոցացվում է նրա հետ կամ որի հետ ասոցացվում է նա:

Որքանո՞վ է այդ դժգոհությունը ճնշում Նիկոլ Փաշինյանի վրա, կամ որքանո՞վ է Փաշինյանի համար այդ դժգոհությունը խաղաքարտ թե իշխանության ներսում, թե նախկին իշխանության հանդեպ, թե գուցե ավելի լայն քաղաքական շրջանակում, որի մի կետ է Թովմասյանի շուրջ ստեղծված վիճակը:

Իրավիճակը պակաս հետաքրքիր չէ Հրայր Թովմասյանի պաշտպանության շրջանակում: Այստեղ, զուտ պաշտպանության տրամաբանությունից բացի, առկա է եւս մի իրողություն: Հրայր Թովմասյանի շուրջ ձեւավորված գերինտենսիվ պաշտպանությունը նրան կարծես թե զրկում է հրաժարականի իրավունքից կամ նահանջի ճանապարհից:

ՍԴ նախագահի շուրջ ձեւավորված է պաշտպանական մի պատնեշ, որը գործնականում բացառում է նրա որեւէ նահանջ: Ըստ այդմ, գերինտենսիվ պաշտպանությունը թերեւս պայմանավորված է նաեւ կասկածով, որ Թովմասյանը կամ կարող է հոգնել ու տեղի տալ, կամ իշխանության հետ պայմանավորվել ու հեռանալ: Մինչդեռ, բավական արագ ձեւավորվեց այնպիսի մի պաշտպանական համակարգ, որ Հրայր Թովմասյանը հայտնվեց ոչ միայն իշխանության շրջանակից նկատելի ճնշման տակ, այդ թվում բարոյական, այլ նաեւ յուրայիններից:

ՍԴ նախագահն իր աղմկոտ հարցազրույցոմ նշել էր, թե նահանջը կլինի դավաճանություն: Նա իհարկե դրանով առաջին հերթին իրեն էր ապահովագրել յուրայինների հնարավոր «դավաճանությունից», երբ կարող էին իրեն թողնել իշխանության դեմ մենակ: Սակայն, մյուս կողմից կազմակերպելով պաշտպանական ուժգին արշավ, յուրայիններն էլ թերեւս Հրայր Թովմասյանի համար փակեցին նահանջի որեւէ ճանապարհ:

Այդ պայմաններում, չնայած առերեւույթ գայթակղիչ այլ սցենարների եւ տեսարանների, հետհեղափոխական հասարակական-քաղաքական զարգացման ռազմավարական հեռանկարի համար ռացիոնալը կարող է դառնալ Հրայր Թովմասյանի հարցի շուրջ խորքային փոխզիջումը, եթե իհարկե գտնվեն իրավիճակի ռազմավարական դիտարկման խորքայնության տիրապետող նվազագույն անհրաժեշտ թվով քաղաքական սուբյեկտներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...