Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակում առկա է հետաքրքիր իրադրություն:

Բանն այն է, որ իրադրությունը դժգոհություն է առաջացնում երկու կողմում էլ՝ թե՛ նախկին իշխող համակարգի, որտեղ մեղադրանքներ են հնչում Թովմասյանի դեմ իշխանության քաղաքական հետապնդման վարկածով, թե՛ նաև իշխանությանն աջակցող ուժերից և նաև հենց իշխանության մեջ եղած որոշակի շրջանակներից, որոնց քննադատությանն է արժանանում Թովմասյանի հարցը լուծելու ընտրված մեթոդաբանությունը և ճանապարհը, ու որոնք պահանջում են ավելի արմատական լուծումներ:

Փաստորեն ստացվում է, որ քաղաքական իշխանությունն այդ իմաստով ընտրել է որոշակի երրորդ ճանապարհ, թեկուզ պայմանականորեն, համենայնդեպս դատելով թե՛ հեղափոխության աջակցության, թե՛, այսպես կոչված, «հակահեղափոխության» ճամբարից եկող քննադատությունը կամ դժգոհությունը: Այդ իրողության ներքո թերևս ուրվագծվում է հայաստանյան հետհեղափոխական իրականության համար առանձնահատուկ մի երևույթ՝ քաղաքական դիմակայության խնդիրը, իշխանություն-ընդդիմություն բաժանման խնդիրը, այդ իրողության, իհարկե, ամենևին ոչ սև ու սպիտակ տրամաբանությամբ:

Ի վերջո, ամբողջ խնդիրն այստեղ հենց այն է, որ երկկողմ դժգոհությունը փաստացի ստեղծում է սև ու սպիտակ որոշակի իրավիճակ, և թեկուզ պայմանականորեն, բայց ստացվում է դժգոհություն հենց այն հանգամանքից, որ մի կողմից կա Թովմասյանի դեմ քայլերի շարք, մյուս կողմից՝ այդ շարքը ամբողջապես չի տեղավորվում սև ու սպիտակի տրամաբանության մեջ: Ահա այդ առումով, տողատակում դժգոհությունը՝ երկուստեք դժգոհությունը թերևս բխում է այն իրողությունից, որ Հայաստանում կա քաղաքական ուժերի մի «պլեադա», որն իր, այսպես ասած, կենսական էներգիան, կենարար ուժը, իր քաղաքական իմաստավորումը այլ բանից չի ստանում, քան ներքաղաքական գործընթացների բացարձակ սև ու սպիտակ տրամաբանությունից: Մինչդեռ, հետհեղափոխական քաղաքական զարգացումների խորքային հարցերից մեկն էլ այն է, որ հանրությունը կարողանա խուսանավել սև ու սպիտակի պայքարի ռազմավարական շրջանակի մեջ ընկնելուց, ինչն այլ բան չի նշանակի, քան տեղապտույտ քաղաքական իմաստով:

Իսկ Հայաստանին, հանրային-քաղաքական արդյունավետ համակարգի ձևավորման հեռանկարում անհրաժեշտ է հենց իշխանություն-ընդդիմություն բաժանման, սահմանագծման, սահմանազատման այլ տրամաբանություն, ներքաղաքական գործընթացի նոր իմաստավորում, կամ պայմանականորեն՝ իսկապես երրորդ ճանապարհ, և ավելի շուտ՝ երրորդ տարբերակ, որովհետև գործնականում խոսքը երկրորդ ճանապարհի մասին է՝ սև-սպիտակ բաժանման փոխարեն այլ տրամաբանությամբ քաղաքական սահմանազատման անցնելը: Տվյալ պարագայում, Հրայր Թովմասյանի գործում արտացոլվում է այդ խորքային խնդիրը, կամա թե ակամա բացահայտելով Հայաստանում իսկապես ներքաղաքական նոր իմաստների լուրջ դեֆիցիտը կամ հանրային մատուցման մեծ բացը: Հայաստանի քաղաքական ապագան կարող են կերտել այն սուբյեկտները, որոնք կկարողանան լրացնել այդ բացը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...