Hrayr Tovmasyan

Քաղաքական իշխանությունը բավական զուսպ է արձագանքել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության դիմումը մերժելու ՍԴ որոշմանը:

Արձագանքել են առանձին պատգամավորներ, իսկ ահա իշխանության քաղաքական առաջին դեմքերը, այդ թվում առավել եւս վարչապետ Փաշինյանը ՍԴ որոշումը «չեն նկատել»:

Վարչապետն իհարկե չուներ նաեւ դրա ժամանակը: Հոկտեմբերի 15-ը Նիկոլ Փաշինյանի համար արտաքին օրակարգի գերակայությամբ օր էր՝ հանդիպում Մինսկի խմբի համանախագահների հետ, բանակցություն Վրաստանի վարչապետի հետ: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումն էլ թերեւս հնարավոր է ավելի շատ գրանցել հենց արտաքին, քան ներքին իրադարձությունների շրջանակում, քանի որ այդ հանդիպման զրույցի թեմաների շարքում թերեւս գերակշռող կարող էր լինել Արցախի գործընթացի դիտարկումը արտաքին մի շարք կարեւոր իրադարձությունների համատեքստում:

Ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի հարցը այստեղ «կորում» է: Բայց, այլ է իրավիճակը հանրային ընկալումներում: Թովմասյանի հարցն այստեղ «նյուզմեյքերական» է, ընդ որում այդպես է թե իշխանության, թե նախկին իշխող համակարգի, թե նաեւ այլ քաղաքական սուբյեկտների ջանքով:

Այդ «համախառն» ջանքի արդյունքում Հրայր Թովմասյանի հարցը քաղաքական իշխանության համար հասունացվել է քաղաքական «հաղթանակի կամ պարտության» մակարդակի:

Այդ ֆոնին, Թովմասյանն ինքը հայտարարում է, որ ոչ մի պայքար էլ չի մղում, այլ ընդամենը զբաղված է իր աշխատանքային պարտականությունը կատարելով: Թովմասյանի օրեր առաջ աղմուկ հանած հարցազրույցի ֆոնին այդ հայտարարությունը բավական հետաքրքիր է: Բանն այն է, որ հարցազրույցում ՍԴ նախագահն իր խնդիրը հասցրել էր, իր բառերով, խրամատ պահելու, դիրք պահելու աստիճանի, դիտարկում էր հարցը դավաճանության կամ չդավաճանելու համատեքստում:

Եվ հանկարծ Թովմասյանը հայտարարում է, որ ոչ մի պայքար էլ չի մղում, կատարում է իր աշխատանքը: Ըստ ամենայնի, Հրայր Թովմասյանն այնքան էլ վստահ չէր իր վերաբերյալ ՍԴ այն որոշման հարցում, որ կայացվել է, եւ վստահություն է ձեռք բերել միայն վերջին պահին: Ըստ այդմ, ՍԴ նախագահը թերեւս վստահ չի եղել նաեւ իր աջակցության հարցում, որ դրսեւորվում էր նախկին իշխող համակարգից: Առիթ ունեցել եմ նրա հարցազրույցը գնահատել որպես առաջին հերթին հենց այդ համակարգին ուղղված ազդակ, չդավաճանելու հորդորով:

Այդսպիսով, Հրայր Թովմասյանը հանգիստ հայտարարում է, որ չի պայքարում, այլ ընդամենը կատարում է իր աշխատանքը, իսկ ՍԴ որոշումից հետո էլ բավականին հանգիստ ու զուսպ է քաղաքական իշխանության առաջին դեմքերի արձագանքը:

Ինչ է դա՝ հարաբերական անդորր նոր ալիք-փոթորիկի՞ց առաջ, թե՞ այդուհանդերձ իրավիճակը խոսում է քաղաքական օրակարգի եւ առաջնահերթությունների առավել օպտիմալ կամ ռացիոնալ գնահատման մասին, որտեղ Հրայր Թովմասյանը տարբեր ավելի կարեւոր հարցեր լուծելու «միջոց» է, ըստ այդմ նրա հարցում «փակուղին» դեռ շատ է պետք, որպես տարբեր այլ դռներ բացելու բանալի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...