Hrayr Tovmasyan

Անկախ հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանի կազմը Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ, ակնառու է, որ իր վերջին և բավական աղմուկ հանած հարցազրույցով Հրայր Թովմասյանն իրեն դրել է քաղաքական կարգավիճակում, և առավել ևս՝ ՍԴ նախագահ մնալու դեպքում աներկբա է, որ Սահմանադրական դատարանն այլևս ուղղակիորեն ասոցացվելու է քաղաքական կողմի հետ:

Իհարկե, մինչ այդ էլ կասկած թերևս չկար, որ դատարանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին ներկայացնում է նախկին իշխանության քաղաքական շահը, սակայն հայտնի հարցազրույցով Հրայր Թովմասյանը գործնականում բացահայտորեն խոստովանել է այդ մասին: Այդ իմաստով այստեղ արդեն գաղտնիքներ չկան:

Կան հարցեր՝ կապված հետագա ներքաղաքական զարգացումների հետ, որովհետև երկու պարագայում էլ՝ Հրայր Թովմասյանը գնում է, և Հրայր Թովմասյանը մնում է, առաջանում է հետաքրքիր իրավիճակ հենց քաղաքական առումով: Մասնավորապես, դիտարկենք գնալու տարբերակը: Հրայր Թովմասյանը դառնում է, այսպես ասած, «քաղաքական զոհ», և հաշվի առնելով այն, որ հայտարարել է «մինչև վերջ դիմադրելու» մասին, առաջանում է հարց՝ ի՞նչ է անելու դրանից հետո: Եվ այստեղ մեծ է հավանականությունը, որ Հրայր Թովմասյանը կարող է հայտարարել քաղաքական պայքարի մասին և ըստ այդմ դառնալ պայքարի առանցք: Իսկ դա նշանակում է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը կարող է էապես փոխել նախկին իշխող համակարգի, այսպես ասած, քաղաքական դիմադրության կամ պայքարի կառուցվածքը կամ, այսպես ասած, ընդդիմության կառուցվածքը: Խոշոր հաշվով, նախկին իշխող համակարգի փոխհարաբերությունը նոր իշխանության հետ այդ կառուցվածքի փոփոխությամբ սկզբունքորեն չի փոխվում, որովհետև այստեղ պայքարի ընդհանուր «դիալեկտիկան» պարզ է՝ անկախ կառուցվածքից: Փոխվում է նախկին իշխող համակարգի տարբեր խմբերի և թևերի միջև փոխհարաբերությունը:

Նույնը տեղի է ունենալու, եթե Հրայր Թովմասյանը պահպանի դատարանում իր կարգավիճակը: Այստեղ խոշոր հաշվով ստացվում է, որ Թովմասյանը հաղթում է, ու, ելնելով նրա հարցազրույցի առկայությունից, ՍԴ-ն արդեն դառնում է նրա «շարժումը»: Հետևաբար բարձրանում է Թովմասյանի կարգավիճակը նախկին իշխող համակարգի ընդդիմադիր կառուցվածքում, այսինքն՝ տեղի է ունենում այդ կառուցվածքի փոփոխություն՝ դրանից բխելիք ներքին հարաբերությունների փոփոխության հեռանկարով:

Այստեղ հարց է առաջանում, թե Հրայր Թովմասյանի այդ նոր «կարգավիճակը» ինչպես կօգտագործի նախ իշխանությունը՝ նախկին համակարգի ընդդիմադիր կառուցվածքի հեռակառավարման համար, և ինչպես կօգտագործի ինքը՝ Թովմասյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...