«Երբեք ջայլամությունը և փարիսեցիությունը լավ կետի չեն հանգեցնում, եթե մենք ուզում ենք ֆունդամենտալ հարցերի լուծում»,- խորհրդարանում ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ ուղղախոսությունն է միակ ճանապարհը. «Երկու տասնամյակից ավելի ՀՀ-ում զանգվածաբար ապօրինի ազդեցություններ են գործադրվել ընտրական գործընթացների նկատմամբ: Եվ սրա վերաբերյալ կա լայն հանրային ընկալում ու կոնսենսուս: Այս ընտրական գործընթացիներին զուգահեռ կասկած կա, որ փորձ է արվել տապալել սահմանադրական կարգը: Եվ այդ մասին մենք հիմա ունենք դատավարություն: Այսպիսի ընտրությունների արդյունքում ձևավորվել է համակարգ, որտեղ ամբողջ տնտեսությունը կենտրոնացված է եղել մի քանի ընտանիքների ձեռքին, և արհեստական խոչընդոտներ են առաջացրել մյուս տնտեսվարողների նկատմամբ: Այս ընտրությունների արդյունքում ձևավորված համակարգում թալանվել է բյուջեն, մսխվել են հանրային միջոցները՝ բանակից մինչև բոլոր ոլորտներ: Սրա վերաբերյալ կասկածանքներով կան քրեական գործեր: Նույնիսկ եթե այս բոլոր գործերի արդյունքում պարզվի, որ այդ կասկածներն անհիմն էին, միայն այն խնդիրը, որ կար հանրային լայն ընկալում, որ այդպիսի բան տեղի է ունեցել, արդեն իսկ հասարակական հարաբերությունների ճգնաժամի մասին է խոսել»:

Ըստ Միրզոյանի՝ եթե կազմեինք այդ ռեժիմի փաստաբանների թոփ հնգյակը, վստահաբար ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լինելու էր նրանցից մեկը. «Հիմա հարց՝ արդյոք սա բավարա՞ր է նրա համար, որ Հրայր Թովմասյանը չկարողանա լինել ՍԴ նախագահ: Քաղաքական, բարոյական առումով գուցե, այո, շատերը կհամաձայնվեն, գործող իրավական կարգավորումների պայմաններում՝ թերևս ոչ»:

Միրզոյանն անդրադարձավ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատարանի անդամ, ապա նախագահ ընտրվելու մեխանիզմին. «ՍԴ նախագահ է դառնում 35 տարի ժակետով նախատեսվող մի մարդ, ով, եթե մի քանի օր հետո ընտրվեր, պետք է 6 տարով ընտրվեր: Սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության ոգու բռնաբարություն: Այսպիսի մարդիկ էլի կան, Հրայր Թովմասյանը միակը չէր: Եվ այս մարդիկ այսօր ծլում, ծաղկում, մեկ-երկուսի դեպքում նույնիսկ բարգավաճում են»:

Ըստ նրա՝ երբ ասում են, որ քավոր-սանիկական հարաբերություններ կան, դրանք ուղղակի հարաբերություններ չեն. «Սա այն թիմի բանակցություններն են ՍԴ նախագահի հետ: Ես ասում եմ՝ այստեղ կար հստակ քաղաքական մոտիվացիա, և այդ մոտիվացան ամենևին ՀՀ քաղաքացու շահը պաշտպանելը չէր: Դա սեփական ռեժիմի փաստաբանությունը շարունակելն էր և հանցագործությունների կոծկումը: Ես պնդում եմ՝ Հրայր Թովմասյանն ուներ և ունի քաղաքական մոտիվացիա, հետևաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ: Նա այդ շանսն ուներ և նա այդ շանսը կորցրել է»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...