cec

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Ժորա Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ:

46-ամյա Ժորա Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա «դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ է պատճառել իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների ուժով իրենից կախվածություն ունեցող կնոջը՝ Շ.-ին»:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հուլիսի 30-ին, ժամը 20-ի սահմաններում Ժորա Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն վիճաբանել է կնոջ՝ Շ.-ի հետ, խոշտանգել է նրան՝ ձեռքերով, ոտքերով, «քյամարով» ծեծել է նրան, քաշքշել է մազերից՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Ըստ մեղադրանքի՝ «ամռան տապին Ժորա Ն.-ն փակել է տան մուտքի դուռն ու պատուհանները, կնոջը ստիպել է ապրել փակված տարածքում՝ առանց մաքուր օդի, անընդհատ սպառնալիքներ է տվել, ինչը շարունակել է մի քանի օր՝ կնոջը պատճառելով նաև հոգեկան ուժեղ տառապանքներ… Վերջինս երբեմն գիշերել է փողոցներում կամ հարազատների տներում…»:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 19-ի սահմաններում Ժորա Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը, քաշքշել է մազերից՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Այնուհետև Ժորա Ն.-ն «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվելով՝ կնոջ նկատմամբ գործադրած բռնությունների գործով, 2018 թվականի նոյեմբերի 11-ին, երբ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նրա կալանքը մեկ ամսով երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը, վերադարձել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իր տուն, պարբերաբար՝ մինչև նոյեմբերի 16-ը, երեկոյան ժամերին լինելով ալկոհոլի ազդեցության տակ, բազմաթիվ սպառնալիքների ներքո տևական ժամանակ բռնություն է գործադրել կնոջ՝ Շ.-ի նկատմամբ, խոշտանգել է նրան, պարբերաբար ծեծի է ենթարկել, իսկ նոյեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, նա կրկին սկսել է ոտքերով ու ձեռքերով ծեծել կնոջը, նրան պատճառել է գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք, պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ժորա Ն.-ն նախկինում դատվածություններ ունի. 2010, 2012, 2013 թվականներին դատապարտվել է հիմնականում բռնություն գործադրելու, բռնության գործադրմամբ խուլիգանության համար, հիմնականում նրա նկատմամբ մեղմ մոտեցում է ցուցաբերվել՝ պայմանական դատապարտություն է կիրառվել, նշանակվել է մեղսագրված արարքի համար նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ և այլն:

2018 թվականի հունվարի 11-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ժորա Ն.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 9 ամիս ազատազրկման:

Փաստորեն՝ ներկա գործով կնոջ նկատմամբ Ժորա Ն.-ն բռնություն է գործադրել, խոշտանգել է այն ժամանակահատվածում, երբ նրա նկատմամբ արդեն իսկ կար կայացված դատավճիռ, նրան սպառնում էր ինը ամիս ազատազրկում, բայց նա, անտեսելով այդ հանգամանքը, շարունակել է ընտանեկան բռնարարի դերում մնալ ու պարբերաբար խոշտանգել է կնոջը:

Երբ կինը բողոքել է, Ժորա Ն.-ին մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ բռնություններ գործադրելու համար, նա երկու ամսով առնվել է նախնական կալանքի տակ: Դա տևել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 11-ը: Այդ ընթացքում ուժի մեջ է մտել վերջին դատավճիռը՝ 9 ամիս ազատազրկումով: Միաժամանակ՝ դատարանը չի երկարացրել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու գործով նախնական կալանքի ժամանակը, Ժորա Ն.-ն 2018 թվականի նոյեմբերի 11-ին ազատ է արձակվել, գնացել է տուն ու անմիջապես «ձեռնամուխ է եղել» կնոջը նոր կտտանքների ենթարկելուն, դա տևել է մինչև նոյեմբերի 16-ը, երբ գիշերային բռնությունից հետո կինը բարձրաձայնել է կատարվածի մասին, ու Ժորա Ն.-ին բերման են ենթարկել և այս անգամ արգելանքի տակ են առել, քանի որ ուժի մեջ մտած դատավճռով նա պարտավոր էր արդեն կրել 9 ամիս ազատազրկումը…

Ժորա Ն.-ն նման վարքագիծ ունենալով, կնոջը պարբերաբար ենթարկելով ծեծի ու բռնությունների՝ հասցրել է նաև բազմազավակ հայր դառնալ՝ նա 7 երեխաների հայր է, որոնցից 5-ը անչափահաս են, նրանցից 3-ի 14 տարին չի լրացել, նրանք ծնվել են 2007, 2009 2013 թվականներին…

«Մի տուն լիքը մանուկներ ունեցող» տղամարդը իր ասելով՝ տաքսի է վարել, դրանով է հոգացել ընտանիքի հոգսերը, միաժամանակ բուռն սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ, քանի որ կնոջ նկատմամբ գործադրված բռնության յուրաքանչյուր դեպքում արձանագրված է, որ նա եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:

Ըստ քրեական գործի նյութերի՝ միայն 2017-2018 թվականների ընթացքում Ժորա Ն.-ի կինը 12 անգամ բողոք է ներկայացրել իր նկատմամբ ամուսնու գործադրած բռնության վերաբերյալ, սակայն կարճ ժամանակ անց նույն կինը բողոքը հետ է վերցրել՝ ասելով, թե հաշտվել է ամուսնու հետ, բողոք չունի: Այսպես՝ 2 տարվա ընթացքում 12 անգամ նյութեր են նախապատրաստվել Ժորա Ն.-ի կողմից կնոջն ընտանեկան բռնությունների ենթարկելու վերաբերյալ բողոքներով, և քրեական գործեր չեն հարուցվել՝ նրա և տուժողի… հաշտության հիմքով…

Ընտանեկան բռնությունների, կնոջը խոշտանգումների ենթարկելու այս գործով Ժորա Ն.-ն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար, միջնորդել է, որ գործը քննվի արագացված կարգով: Տուժողն ու մեղադրողը չեն առարկել այդ կարգի կիրառման դեմ:

Դատարանը հաշվի է առել, որ Ժորա Ն.-ի խնամքին հինգ անչափահաս երեխա կա, որ տուժողը հայտարարել է, թե բողոք չունի: Միաժամանակ, որպես ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել հանցագործությունների կատարման ռեցիդիվը Ժորա Ն.-ի կողմից:

Դատարանը, հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, եզրակացրել է, որ կնոջը խոշտանգելու համար Ժորա Ն.-ն պետք է կրի իրական ազատազրկման ձևով պատիժ: Միաժամանակ դատարանը, հաշվի առնելով Ժորա Ն.-ի ցուցաբերած վարքագիծը կնոջ նկատմամբ, մանրակրկիտ հաշվարկ է կատարել ու դատական ակտում արձանագրել է. Սույն քրեական գործով Ժորա Ն.-ն նախնական կալանքի տակ է գտնվել 2018 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև նոյեկբերի 11-ը: Իսկ նախորդ դատավճռով նա սկսել է ազատազրկման ձևով պատիժ կրել 2018 թվականի նոյեմբերի 16-ից: Այդ պատժաժամկետը լրանում էր 2019 թվականի հուլիսի 25-ին, այդ ժամանակ Ժորա Ն.-ն պիտի ազատվեր արգելանքից, քանի որ կնոջը խոշտանգելու գործով դատական ակտը դեռ չէր հասցնի ուժի մեջ մտնել, այսինքն՝ կնոջը խոշտանգելու գործով դեռ պատժի կրումը չսկսած՝ Ժորա Ն.-ն պիտի նորից հայտնվեր ազատության մեջ, վերադառնար տուն… Ըստ դատական ակտի՝ «բավարար են հիմքերը ենթադրելու, որ մինչև սույն գործով դատական ակտի ուժի մեջ մտնելը Ժորա Ն.-ն, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք, խուսափել նշանակված պատիժը կրելուց և խոչընդոտել դատարանի կայացրած դատավճռի կատարմանը»: Ահա թե ինչու՝ ընդհանուր իրավասության դատարանն իր դատական ակտում նաև այս գործով է որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Ժորա Ն.-ն մեղավոր է ճանաչվել կնոջը պարբերաբար խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և դատապարտվել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից՝ 10 օրը, այնուհետև հաշվակցվել է Ժորա Ն.-ի՝ նախնական կալանքի տակ գտնված երկու ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 4 ամիս 10 օր ազատազրկումը: Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հուլիսի 9-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել ամբաստանյալ Ժորա Ն.-ն ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ա. Ներսիսյանը:

Պաշտպանը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորեց բերած բողոքը, նշեց, թե առաջին ատյանի դատարանն ակնհայտ խիստ պատիժ է նշանակել Ժորա Ն.-ի նկատմամբ, հաշվի չի առել, որ նրա խնամքին են հինգ անչափահաս երեխաները, որոնցից երեքի 14 տարին լրացած չէ, կինը չի աշխատում, Ժորան է ընտանիքի միակ կերակրողը: Նա զղջացել է, այս գործի քննության ընթացքում տվել խոստովանական ցուցմունքներ, կինը հաշտվել է նրա հետ, բողոք, պահանջ չի ներկայացրել:

Պաշտպանը նշեց նաև, որ դատավճռի կայացումից հետո նոր հանգամանք է առաջացել՝ Ժորա Ն.-ի զավակներից մեկը ենթարկվել է բարդ վիրահատության, նա հոր խնամքի կարիքն ունի:

Պաշտպանը միջնորդեց պատժի մասով փոփոխել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, մեղմացնել նշանակված պատիժը, կիրառել պայմանական դատապարտություն և Ժորա Ն.-ին ազատ արձակել:

Դատական նիստին չէր ներկայացել պատշաճ ծանուցված տուժող կինը:

Դատարանը, որի կազմում երեք տղամարդիկ էին՝ Ս. Համբարձումյան, Ա. Նիկողոսյան, Ս. Մարաբյան, հարցեր ուղղեց ամբաստանյալին: «Համարյա կիսահերոս եք, յոթ երեխա ունեք, բայց ձեր յոթ երեխաների մորը հետևողականորեն ենթարկել եք ծեծի ու այլ բռնությունների, երեխաների աչքի առաջ ծեծել եք նրան՝ ի՞նչ օրինակ եք ձեր երեխաների համար, ի՞նչ դաստիարակություն եք տալիս ձեր վարքագծով… Մեր երկիրը միջազգային պարտավորություններ ունի ընտանեկան բռնությունների դեմ պայքարի գործում…»:

Ամբաստանյալն ընդունեց, որ սխալ է արել, ասաց՝ նախկինում սեր ունեի խմիչքի հանդեպ, հիմա չեմ խմի… Երբ ամբաստանյալին հիշեցրին, որ վերջին երկու տարում նրա կինը տասներկու անգամ ծեծվել, բողոքել ու բողոքը հետ է վերցրել, ամբաստանյալը «կատակեց»՝ ինքը գրում էր, ինքն էլ գնում հետ էր վերցնում… Իսկ հետո ամբաստանյալը հավելեց, թե իրականում ինքը կնոջը… չի խոշտանգել, իր ընտանիքում խոշտանգում չի եղել, այդ մեղադրանքը դրել են՝ իր վրա «հոգեբանական ճնշում» գործադրելու համար, իրեն մոլորեցրել են, ինքն էլ իրեն մեղավոր է ճանաչել…

Բայց նա առաջին ատյանի դատարանում պաշտպանի ներկայությամբ լիովին ընդունել էր խոշտանգման մեղադրանքը, միջնորդել էր գործը քննել արագացված կարգով՝ հավանաբար հույս ունենալով, որ այս անգամ էլ խնամքին հինգ երեխա ունենալու հանգամանքը թույլ կտա, որ իրական պատիժ չկրի:

Սակայն երբ առաջին ատյանի դատարանը նրան իրական ազատազրկման էր դատապարտել, նա արդեն սկսել էր հայտարարել, թե իրականում ինքը չի խոշտանգել կնոջը ու իր ընտանիքում խոշտանգում չի եղել…

Վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշ ժամանակ անց հրապարակվեց որոշումը՝ ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի 4 ամիս 10 օր իրական ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Ամբաստանյալը զայրացավ ու սպառնաց՝ մոռանալով քիչ առաջվա իր «զղջացող» կերպարը ու դառնալով այն, ինչ կա՝ այդ դեպքում կգնա ու կբաժանվի կնոջից, թող ոնց ուզում է՝ երեխաներին պահի…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...