Lars

Արդեն 8-9 օր է՝ Վերին Լարսում խցանումներ են, ինչի պատճառով հսկայական երթեր են։ Հարյուրավոր բեռնատարներ՝ բեռնված տարբեր մթերքներով և այլ բեռներով, չեն կարողանում հատել սահմանը։

Ընդհանուր առմամբ անցակետը բաց է, սակայն խցանումներն առաջացել են այն պատճառով, որ անցակետում մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են ստուգում, որը վերջին օրերին ավելի մանրակրկիտ է արվում։ Հայ վարորդների խոսքով՝ անցակետում ստեղծված դժվարությունները արհեստականորեն են ստեղծվել, որպեսզի վարորդներից հավելյալ գումար կորզեն: Ըստ նրանց՝ ռուսական կողմը այդ եղանակով օրական մոտ 2 մլն դոլար գումար է շորթում վարորդներից.

Խոսքը միայն հայաստանցի վարորդների մասին չէ, այլև այդ անցակետից օգտվող Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների բեռնափոխադրողների։

«Արհեստական ձևով ռուսը խոչընդոտներ ա ստեղծում մեզ համար։ Ճիշտ ա, մյուսներից էլ են փող ուզում, բայց շեշտը մեզ՝ հայերիս վրա ա դրված։ Հիմնական պատճառաբանությունը բեռների քաշն ա։ Բայց Վրաստանից անցնում ենք, սաղ նորմալ ա լինում, ասենք՝ ցորենով բեռնված մեքենան պետք է 40 տոննա քաշ ունենա, 40 տոննայով գալիս հասնում ենք Լարս, ասում են՝ պերեգրուզ ա, բարձրացնում են կշեռքին, ինչ թիվ ուզում խփում են ու ասում են՝ պերեգրուզ ա, եթե ուզում եք անցնեք, պետք ա 100-125 հազար ռուբլի փող տաք»,- պատմեց Լարսի անցակետից նոր վերադարձած վարորդներից մեկը։

Նրա խոսքով՝ երբ իրենք անցակետի ռուս աշխատողներից հաշվեհամար են պահանջում, որպեսզի այդ գումարը փոխանցեն, պարզվում է, որ հաշվեհամարը պետական որևէ գերատեսչության հաշվեհամար չէ, այլ պարզապես մասնավոր, ինչ-որ մեկի բանկային հաշվեհամարը։

Վարորդի խոսքով՝ երբ իրենք հրաժարվում են վճարել այդ գումարը և պահանջում են ակտ կազմել՝ իբրև թե հայտնաբերված խախտման համար, մաքսատան աշխատողները հրաժարվում են ակտ կազմել, քանի որ հետո այն կարող է վիճարկվել, և պարզվի, որ այն օրինական չէ։

«Իրենք հրաժարվում են ակտ կազմել, չեն արձանագրում թղթի վրա ոչ մի բան, ու դա պարզ ապացույց ա, որ մեզանից կաշառք են պահանջում։ Ով ունի՝ տալիս ա, անցնում ա, բայց շատ վարորդներ էլ չունեն»,- ասաց հայ վարորդը՝ ավելացնելով, որ ռուս մաքսավորների պատճառաբանությունները այնքան ծիծաղելի են, որ իրենք դա մի քանի անգամ ապացուցել են։ Պայմանավորված կշեռքին են բարձրացրել դատարկ, չբեռնված բեռնատար։ Այդ պահին անցակետի աշխատողն արձանագրել է «պերեգռուզ», և պահանջել 120 հազար ռուբլի, որպեսզի թույլ տա մեքենան այդ վիճակում անցկացնել։ Երբ վարորդն ասել է, որ մեքենան դատարկ է, ինչպես կարող է կշեռքը գերբեռնված ցույց տալ, անցակետի աշխատողը պարզապես ներողություն է խնդրել թյուրիմացության համար»,- ասաց նա։

Բացի քաշի հետ կապված պատճառաբանություններից, հայ վարորդի խոսքով, երեկոյան 6-ից հետո ռուս աշխատողները փակում են անցակետը և հրաժարվում աշխատել, մինչդեռ նման գերծանրաբեռնված վիճակում և կուտակումների պայմաններում կրկնակի մեծ ծավալով է պետք աշխատել։ «Բացի էս ամենից, իրենք մարդիկ ունեն, ովքեր շրջում են անցակետի տարածքով և վարորդներին առաջարկում 3000-5000 ռուբլիով հերթն առաջ գցել։ Ով համաձայնում է, փողը տալիս է, էդ մարդիկ ճանապարհային ոստիկանության մեքենայով ուղեկցելով մեքենան՝ արտահերթ հասցնում են անցակետ, ինչն էլ հերթի մեջ սպասող մյուս մեքենաների վարորդների հետ վիճաբանության առարկա է դառնում, սկսում են քարերով հարվածել իրար: Սարսափելի վիճակ է։ Մեքենա կա, որ 7-10 օր է՝ կանգնած է անցակետում հերթի մեջ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...