Putin Erdoghan

Սոչիում Պուտինի հետ մոտ վեց ժամ տեւած հանդիպումից հետո Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը փաստացի դադարեցնելու մասին, նշելով, որ չկա այն շարունակելու անհրաժեշտություն:

ՌԴ նախագահ Պուտինն էլ հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկմանը ձեռք է բերվել ճակատագրական պայմանավորվածություն:

Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողությունների գոտուց այն կողմ գտնվող տարածքում չորեքշաբթի առավոտվանից մուտք կգործեն սիրիացի զինծառայողները և ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների դուրսբերմանը 30 կմ երկարությամբ ձգվող սահմանամերձ գոտուց:

Քրդական ուժերի դուրս բերումից հետո կսկսվի ռուս-թուրքական համատեղ հերթապահությունը սահմանից մինչև արևմուտք և արևելք ընկած՝ նախատեսված հատվածում, բացի Կամիշլի քաղաքից:

ԱՄՆ նախագահ Թրամփն էլ զուգահեռ գրառում է արել, որ Սիրիայի հյուսիսից ստացվում են լավ տեղեկություններ, քրդերը հայտարարում են, որ կատարել են ԱՄՆ փոխնախագահ Փենսի Անկարա կատարած այցի ընթացքում ձեռք բերված ամերիկա-թուրքական պայմանավորվածությունը եւ թողնում են Թուրքիայի սահմանակից դիրքերը:

Սիրիայի հյուսիսում իրականացված թուրքական ռազմա-քաղաքական «բլից-կրիգը» կարծես թե ավարտված է առնվազն ամերիկա-թուրք-ռուսական պայմանավորվածությունների շղթայով Սիրիայի հյուսիսում ձեւավորված նոր իրավիճակով: Առայժմ պարզ չէ Թեհրանի վերաբերմունքը, թեեւ հնարավոր է, որ ռազմական գործողությունների դադարեցումը գոհացնող է նաեւ Իրանի համար:

Ստատուս-քվոն ձեւավորվեց քրդերի հաշվին, որոնք այդ հարցում փաստացի չունեցան որեւէ իրական դաշնակից: Պատճառը չափազանց պարզ է՝ քրդերը ոչ թե գործում էին իրենց մասնակցությամբ ստատուս-քվո ձեւավորելու կամ պահելու, այլ այդ ստատուս-քվոն հնարավորինս քանկ աշխարհքաղաքական գնով սակարկելու տրամաբանությամբ: Հետեւանքը եղավ այն, որ ոչ թե քրդերին թանկ վճարեցին, այլ թանկ վճարեցին քրդերը:

Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Սիրիայի հյուսիսում լոկալ տարածության վրա տեղի ունեցած աշխարհքաղաքական շարժերն իրենց տողատակում ունեին ավելի լայն տարածական ընդգրկում, ինչի մասին էին վկայում այդ շարժերին նախորդած բավական լայն շրջանակով քաղաքական-դիվանագիտական զարգացումները: Այդ շարքում էր նաեւ Անկարակում Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպումից օրեր անց Երեւանում ԵՏՄ Վեհաժողովը, փաստացի Երեւան-Մոսկվա-Թեհրան քննարկումների զուգահեռ ֆորմատով:

Միաժամանակ, դրանից առաջ Սոչիում չեղարկվել էր Պուտին-Ալիեւ-Ռոհանի եռակողմ հանդիպումը, իսկ Երեւանում ԵՏՄ Վեհաժողովից հետո Ալիեւին հրավիրելով Վալդայ ակումբ՝ Սոչի, Մոսկվան Լավրովի շուրթերով պարզ հայտարարեց, որ Արցախի հարցում ակնկալիք ունենալ պետք չէ՝ այն սառեցված է:

Ամերիկա-ռուս-թուրքական բազմաֆորմատ պայմանավորվածությանը Բաքվում նախորդեց Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովը, որտեղ Ալիեւը փաստացի անհանգստություն էր հայտնում Նախիջեւանը կորցրած լինելու կապակցությամբ, թերեւս փորձելով Սիրիայի հյուսիսի հարցում ամերիկա-թուրք-ռուսական պայմանավորվածության գործընթացում կանխել Նախիջեւանի վերաբերյալ որեւէ քննարկում:

Հաջորդիվ Բաքվում ընդդիմության հանրահավաքներին Ալիեւի չափազանց կոշտ ուժային արձագանքը վկայեց, որ սիրիական թնջուկի շուրջ աշխուժության հերթական ալիքից Ադրբեջանի նախագահը չի ստացել մխիթարական որեւէ բան, այդ թվում թերեւս Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունը դադարեցնելու տեսքով:

Սիրիայում հայկական պետական ներկայությունն անշուշտ խորացնում է Հայաստանի դերակատարությունը միջազգային անվտանգության ռազմա-քաղաքական կորում, ռեգիոնալ լայն կտրվածքով: Հատկանշական է, որ թուրքական ռազմարշավի մեկնարկին դատապարտելով Անկարայի գործողությունը, Երեւանը պաշտոնապես հայտարարեց, որ շարունակելու է մարդասիրական առաքելությունը Սիրիայում, փաստացի փորձելով կանխել ապագա սակարկություններում հայկական գործոնի շուրջ հնարավոր առեւտուրը:

Հայաստանը մնաց Սիրիայում, պահելով իր դերը: Ռազմարշավով սկսված քննարկումներում Անկարային թերեւս չհաջողվեց Հայաստանը զրկել այդ դերից եւ միջազային ռազմա-քաղաքական սուբյեկտության ու անվտանգության այդ պաշարից: Օպերատիվ իմաստով Անկարան լուծեց քրդերի հարցը: Միաժամանակ, Անկարայի համար հարցն ուներ ոչ միայն օպերատիվ-տակտիկական, այլ նաեւ ռազմավարական լայն նշանակություն եւ իմաստ: Այդ իմաստով՝ հայկական հարցում չստացվեց ոչինչ, ու հատկանշական է նաեւ տեղեկությունը, որ հրապարակվեց միջազգային մամուլում, այն մասին, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հրաժարվել էր հայկական հարցը դարձնել Թուրքիայի հետ սակարկության առարկա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...