Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 8-ին հայտարարել է 2020 թվականին սպասվող նախագահի ընտրությանն իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին:

Մասիս Մայիլյանի որոշումը անկասկած նոր իրավիճակ է ստեղծում Արցախի նախագահի ընտրության գործընթացում: Մինչ այժմ ընտրությանը մասնակցելու մտադրության մասին հայտարարել էին Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը, ինչպես հայտնի է, կոշտ դիրքավորվել է Հայաստանի իշխանության և տեղի ունեցած հեղափոխության դեմ, ինչպես նաև նախօրեին միացել էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին հայտարարությանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Գործնականում հենց նրանք էին դիտվում, այսպես ասած, պայքարի հիմնական հավակնորդներ:

Մասիս Մայիլյանի առաջադրումը էապես փոխում է գործընթացի տրամաբանությունը՝ մի շարք պատճառներով: Մեծ հաշվով, թե՛ Արայիկ Հարությունյանը՝ չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հանդեպ իր լոյալ և աջակցող դիրքորոշմանը, թե՛, առավել ևս, Վիտալի Բալասանյանը դիտարկվում են ընդհանուր առմամբ Հայաստանում և Արցախում իշխած նախկին համակարգի ներկայացուցիչներ: Իհարկե, այստեղ դոգմատիկ եզրակացությունները տեղին չեն, քանի որ թե՛ նախկին համակարգը, այսպես ասած, միատարր ու միաշերտ չէր, թե՛ ընթացիկ քաղաքական զարգացումները այդպիսին չեն ու չեն կարող լինել: Սակայն Մասիս Մայիլյանի ներգրավումը՝ որպես թեկնածու, ոչ թե նոր գույն, այլ մեծ հաշվով նոր տրամաբանություն է հաղորդում Արցախի նախագահի ընտրության գործընթացին՝ հաշվի առնելով այն, որ Մայիլյանը չի ասոցացվում նախկին իշխող համակարգի հետ որևէ կերպ: Իհարկե, կա արտաքին գործերի նախարար լինելու հանգամանքը, բայց ամբողջ հարցն այն է, որ ասոցիացիան պաշտոնը չէ, որ առաջացնում է, այլ, այսպես ասած, քաղաքական կենսագրությունը:

Այդ հանգամանքը, ի դեպ, արցախյան նախընտրական գործընթացում թերևս առաջ է բերելու նաև «լյուստրացիայի» էֆեկտ, ու այդ տեսանկյունից հարկ է հետևել, թե ինչպիսին են լինելու հանրային-քաղաքական արձագանքները նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Մասիս Մայիլյանի որոշման հանդեպ:

Ի դեպ, այստեղ հատկանշական է, որ Մայիլյանը չի ներկայացնում քաղաքական որևէ ուժ, որևէ կուսակցություն և գործնականում հայտը ներկայացնում է համազգային օրակարգ ձևավորելու շեշտադրումով, որի առաջարկն, ի դեպ, օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակի ելույթում ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար։ Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը և վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը», հայտարարել է Մասիս Մայիլյանը:

Նա նշում է, որ եկել է համազգային օրակարգ ձեւավորելու, Արցախում խորքային բարեփոխումներ իրականացնելու շուրջ լայն քննարկումների ժամանակը, նոր Արցախ կերտելու ժամանակը:

Մասիս Մայիլյանի որոշումն ու հայտարարությունը փաստացի նոր հասարակական-քաղաքական իրավիճակ են ստեղծում Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ, որտեղ մինչ այդ գործնականում ինտրիգ էր հյուսվում առավելապես նախկին իշխող տնտեսա-քաղաքական համակարգի դերակատարների միջեւ:

Մասիս Մայիլյանի առաջադրումը էապես փոխում է իրավիճակի բովանդակությունը եւ սահմանում Արցախում համապետական ընտրության գործընթացի քաղաքական նոր նշաձողեր, այն գործնականում դուրս բերելով գոյություն ունեցած տնտեսա-քաղաքական համակարգի շրջանակում պայքարի տրամաբանությունից:

Միեւնույն ժամանակ, սահմանվող նոր նշաձողը ներառում է ոչ միայն ներքին քաղաքական, ռեֆորմացիոն «դիսկուրս», այլ նաեւ Արցախի համար առանցքային արտաքին քաղաքական հարթությունը, հաշվի առնելով այն, որ արցախյան կարգավորման գործընթացի եւ ընդհանրապես արտաքին քաղաքական զարգացումների տրամաբանության համատեքստում հրամայական է դառնում Արցախի միջազգային սուբյեկտությունը զուտ հռետորաբանության մակարդակից գործնական քաղաքականություն տեղափոխելու անհրաժեշտությունը:

Այդպիսով, նոր իրավիճակում Մասիս Մայիլյանի առաջադրումն ինքնին էապես փոխում է արցախյան քաղաքականության դիսկուրսը եւ այն գործնականում արդեն իսկ բերում միջազգային սուբյեկտությանը բնորոշ մակարդակի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...