Երբ Ռոբերտ Քոչարյանի տասնամյա իշխանությունը համարում ենք օտար և, ըստ էության, ռուսական օկուպացիայի դրսևորում, նման պնդման հիմքում ոչ թե քաղաքական սիմպատիաների բացակայությունն է, այլ կոնկրետ փաստերը:

Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանությունը և ռուսական նոր օկուպացիան Հայաստանում հնարավոր չէին լինի, եթե չկազմակերպվեր 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որը ձևով ու բովանդակային հետևանքներով նման էր արտաքին ներխուժման, օկուպացիայի:

Տվյալ դեպքում` Հայաստանի դեմ «ներխուժումը» կազմակերպել էին Ռոբերտ Քոչարյանն ու ռուսական կայսրությունը` իրենց մեծ ու փոքր սատելիտներով:

Թշնամու սառնասրտությամբ` օկուպանտները ոչնչացրին քաղաքական համակարգը` դրա էլիտայի գլխավորությամբ: Հոկտեմբերի 27-ին հաջորդող երկու տարիների ընթացքում քաղաքական դաշտում լիակատար ամայություն էր, որն «արդյունավետ» օգտագործվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից` սեփական ռեժիմի և ռուսական կայսրության մետաստազները Հայաստանում տարածելու համար:

Այնուամենայնիվ, 2003-ի նախագահական ընտրություններն իսկական մարտահրավեր էին Ռոբերտ Քոչարյանի և նրա մոսկովյան հովանավորների համար: Քոչարյանի բախտը բերեց մրցակցի հարցում. Ստեփան Դեմիրճյանն ու նրա թիմն այդպես էլ չհասկացան, որ նախագահական կամպանիան ու համաժողովրդական շարժումը տանուլ են տալու, եթե Քոչարյանի հեռացման պահանջը չմեկտեղեն ապագաղութացման օրակարգի հետ: Հայաստանը կորցրեց պատմական շանսը և, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, չկարողացավ ձերբազատվել ռուսական գաղութատիրությունից և Մոսկվայի հովանավորությունը վայելող կոռումպացված ռեժիմից` չնայած այն հանգամանքին, որ երևանյան շարժումն ավելի զանգվածային էր:

Հայաստանի վարչախմբի վերնախավում և Մոսկվայում, սակայն, հասկացան, որ իրենց տոտալ իշխանության հիմնական խոչընդոտը ոչ թե ընդդիմությունն է, այլ հասարակությունը: Մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի հասարակության և ռուսական կայսրության «ճակատամարտը»: Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու հրաման տվեց` Մոսկվայում Վլադիմիր Պուտինին հանդիպելուց օրեր անց:

Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի տրամաբանական շարունակությունն էր: Եթե 1999-ին գլխատվեց Հայաստանի ինքնիշխանության ինստիտուցիոնալ հիմքը` վստահության ռեսուրս ունեցող իշխանությունը, ապա 2008-ին թիրախը հասարակությունն էր` երկիրը սուբյեկտությունից վերջնականապես զրկելու նպատակով: Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի համար կենսական անհրաժեշտություն էր Հոկտեմբերի 27-ը «մարսելու» համար: Մարտի 1-ի արյունոտ դեպքերը զրոյացրին Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքական լեգիտիմության նվազագույն շանսերը, որոնց հնարավորությունը տեսականում առկա էր Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր երկխոսության և կոմպրոմիսների պարագայում:

2008-ի մարտին 1-ին Ռոբերտ Քոչարյանը շղթայեց Սերժ Սարգսյանի իշխանության ձեռքերը` նրան պահելով ռուսական տոտալ ազդեցության տակ: …Հայաստանում պահպանվեց քրեաօլիգարխիկ ստատուս-քվոն` Մոսկվայի պարտադրած «Հոկտեմբերի 27»-ի կոնսենսուսով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...