Razmik Petrosyan

Որքան էլ հակված չենք ամեն անգամ արձագանքել նախկին իշխանությունների ու նրանց մանկլավիկների կեղծ-քաղաքական ու կեղծ-ազգային բարբաջանքներին ու անհացե հոխորտանքներին, Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը հատեց թույլատրելիի սահմանը և մենք, որպես արցախյան ազատամարտն իր ուսերին կրած և հստակ քաղաքացիական կեցվածք ունեցող կազմակերպություն, ուղղակի պարտավոր ենք սանձել օրեցօր ավելի վտանգավոր դարձող լկտիությունը:

Որքա՞ն պետք է իրականության զգացողությունը կորցրած լինի Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որ Հայաստանի կառավարությանը, ասել է թե Հայաստանի Հանրապետությանն ուղղակիորեն մեղադրի ահաբեկչության մեջ: Հասկանու՞մ է արդյոք այս գավառամիտը, որ Հայաստանը փաստորեն ահաբեկչական պետություն հռչակելով և աշխարհի ուժային կենտրոնների կողմից այդպիսիք հռչակված երկրների շարքին դասելով, ուղղակիորեն լրջագույն սպառնալիք է ստեղծում մեր ազգային ու պետական անվտանգության համար:

Պատկերացնու՞մ է որդյոք Արցախի հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող այս գործիչը, թե իր ըստ էության դավաճանական բնորոշումները, ինչպես կարող են օգտագործվել մեր ոխերիմ հարևանների կողմից:

Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի իշխանություններին ու առհասարակ հայաստանցիներին Արցախի ու Հայաստանի միջև սեպ խրելու մեջ մեղադրող Բալասանյանը հայտարարում է, որ Հայաստանն ահաբեկչական պետություն է և Արցախը հակազդելու է դրան: Սա ի՞նչ է պաթոլոգին մանկամտություն, թե՞ ուղղակի մտածված պետական դավաճանություն:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ եթե Արցախի իշխանությունները, ի դեմս Բակո Սահակյանի անհապաղ և կտրուկ չարձագանքեն այս դավաճանական հայտարարությանը, ապա մենք մեզ իրավունք կվերապահենք դավաճանության մեջ նաև նրանց մեղադրելու:

Ազատամարտիկների Դաշինքը հենց սրա ու սրա նմանների գործունեությունից էր մտահոգված, երբ հայտարարում էր, որ Արցախին հավասարակշռված, փորձառու, իրողությունները ճիշտ գնահատող, անվտանգության խնդիրները խորապես պատկերացնող ռազմաքաղաքական ղեկավար է անհրաժեշտ:

Մենք ամենայն ուշադրությամբ հետևելու ենք Արցախում ընթացող զարգացումներին և խստորեն հակազդելու ենք բախտախնդիր գործիչների ցանկացած քայլի, որը կարող է վտանգել Արցախի անվտանգությունն ու Հայաստան-Արցախ ներդաշնակ փոխգործակցությունը:

Եվ վերջում. Վ. Բալասանյանին ու մյուս պոռոտախոսներին խորհուրդ ենք տալիս «դուխով տղա» չխաղալ, որովհետև դրանից մենք շատ ավելին ունենք: Չափը մի փորձեք, որովհետև հետևանքները կարող են չափազանց ծանր լինել և վստահաբար ոչ մեզ համար:

Ազատամարտիկների Դաշինքի վարչություն

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...