Արմավիրի մարզի Մերձավան գյուղը հիմնադրվել է 72 տարի առաջ: Այստեղ իրականացրած աշխատանքների արդյունքում բնակատեղին համարվել է փորձարարական բազա, ինչպես նաև՝ Ակադեմիա:

Համայնքում իրականացնող աշխատանքները այսօր ղեկավարում է փորձառու /գյուղապետ/ համայնքի ղեկավար, գյուղացու հոգսերին լավ ծանոթ՝ Լևոն Պայքարի Գրիգորյանը:

Ծնվել է 1957 թ. Երևան քաղաքում, միջնակարգ կրթությունը ստացել է Մերձավան համայնքի դպրոցում, 1980 թ. ավարտել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումը, ստացել՝ տեխնիկ-մեխանիկի որակավորում: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է խաղողապտղագինեգործական գիտահետազոտական ինստիտուտից՝ վարորդից մինչև փորձարարական բազայի տնօրեն: 1996 թվականին ընտրվել է Մերձավան համայնքի ղեկավար, իսկ անընդմեջ վերընտրվելով՝ մինչ օրս ղեկավարում է Մերձավան համայնքը:

Համայնքի ղեկավարի, աշխատակազմի կողմից, Մերձավանում իրականացված աշխատանքների մասին զրուցում ենք Լևոն Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան, ներկայացրեք Մեձավան գյուղի պատմությունը:

Գյուղը հմնադրվել է 1946-1947 թվականներին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում, Շահումյանի շրջանի Հաղթանակ բնակավայրին կից, Ղռերի տեղում՝ Գենետիկայի գիտահետազոտական ինստիտուտից առանձնացված երկրագործության փորձարարական բազայի հիման վրա: Գյուղը կոչվել է Փարաքարի /էքսպերիմենտալ/ փորձարարական բազա: Գյուղի հիմնադրման ժամանակաընթացքում կարևորվում էր Ստորին – Հրազդան ջրատարի կառուցումը, որը տեղանքին տալիս էր զարթոնքի յուրատեսակ երանգ:

Գիտնականների ուսումնասիրությունները պարզել էին, որ Փարաքարի /էքսպերիմենտալ/ փորձարարական բազայի հողերը պիտանի էին խաղողի ու պտղի այգիների հիմնման և գիտական աշխատանքների ծավալման համար: Եվ ահա 1949 թվականին կազմավորվեց խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական բազան և այդ պատճառով էլ 1959 թվականին գյուղն անվանվեց Ակադեմիա։

1964 թվականին գործող Երկրագուծության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժինը տարանջատվել և ստեղծվել է առանձին Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտ՝ իր ենթակա կառույցներով:

1965 թվականին գյուղը Երևան քաղաքի Շահումյանի շրջանի վարչական տարածքից առանձնացվել և միացվել է Էջմիածնի շրջանին: 1969 թվականին գյուղը վերանվանվել է Մերձավան՝ Երևան քաղաքին մերձ ու գյուղաքաղաքատիպ լինելու պատճառով: Այժմ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում։ Մարզկենտրոնից գտնվում է 40կմ, իսկ մայրաքաղաքից՝ 15 կմ հեռավորությունների վրա:

Համայնքի բնակչությունն այսօր, հիմնականում ինչո՞վ է զբաղվում:

Մերձավան համայնքի կազմավորման առանձնահատկությունից ելնելով` համայնքն իր մեջ ներառում է տարբեր բնակավայրերի ու երկրների սովորույթներն ու մշակույթը, համատեղում հիանալի միջավայր, որտեղ գերակա է ստեղծագործ միտքն ու սերն առ աշխատանքը: Մերձավան համայնքի բնակիչը մտավորական է` կիրթ, հոգատար, բայց և պահանջկոտ մատաղ սերնդի դաստիարակության ու լուսավոր ապագայի նկատմամբ: Համայնքում աշխատուժի 35%-ը աշխատում է Երևան քաղաքում՝ ամենատարբեր բնագավառներում, տարբեր մասնագիտություններով, 25%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, 35 %-ը աշխատում է համայնքում գործող մակարոնի, կարի, քարերի, փայտի, վերամշակման, ոգելից խմիչքների և այլ հիմնարկ ձեռնարկություններում, և միայն 5%-ն է աշխատանք փնտրում:

Համայնքում խաղողագործությունը, պտղաբուծությունը, զարգացման նոր վերելք է ապրում 1995 թ.-ից՝ արդեն ունենք նորաստեղծ 140 հա խաղողի և 10 հա պտղատու այգի:

Ձեր ղեկավարած ժամանակահատվածում, ի՞նչ կարևոր աշխատանքներ են կատարվել համայնքում, որոնք թեթևացրել են բնակչության հոգսը:

Համայնքի գյուղապետարանի, մշակույթի տան, մանկապարտեզի, բուժամբուլատորայի շենքերը, տարիների ընթացքում՝ ըստ կարևորության՝ հերթականությամբ վերանորոգվել և ամբողջովին կահավորվել է համայնքային բյուջեի հաշվին:

Շուրջ 50 միլիոն դրամ տրամադրվել է դպրոցի եվրո ստանդարտին համապատասխան պատուհանները փոխելու և լոկալ ջեռուցման համակարգ անցկացնելու համար: Ձեռք է բերվել սպորտային գույք, սեղաններ, աթոռներ, կահավորվել է ուսուցչանոցը:

Համայնքապետարանի բյուջեով նախատեսված և անձամբ իմ նախաձեռնությամբ տասնյակ անգամներ տոնական օրերի առիթով, աշխատողների, համայնքի բնակիչների ՀՄՊ մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների, Արցախյան պատերազմի մասնակիցների ընտանիքների, ուսուցիչների, մանկապարտեզի ու փոստի, համայնքապետարանի աշխատողների համար գնվել են մարզի և մայրաքաղաքի համերգների և ներկայացումների տոմսեր:

Համայնքի բուժամբուլատորիան վերանորագված է, անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ, ապահովված է համապատասխան արդիական գույքով և սարքավորումներով, ժամանակին կատարվում են բժշկական պատվաստումները, սպասարկում են դպրոցի և մանկապարտեզի սաներին, հաշմանդամները և 0-7 տարեկան երեխաների սպասարկումն անվճար է:

Համայնքի փոստը արդիականցվել է, ունի սպասարկման նորացված հնարավորություններ և աշխատաոճ:

Համայնքը գազիֆիկացված է, ունի խմելու մշտական ջուր, որոշ առանձնատները և բարձրահարկ շենքերն ունեն կոյուղի, համայնքում առկա է գիշերային լուսավորություն, կանոնավոր է ոռոգման ջուրը, համայնքի բակերի խաղահրապարակներում տեղադրված են տասնյակ խաղեր, ցայտաղբյուրներ, համայնքում կառուցվել է ֆուտբոլի դաշտ, փոխվել է գյուղ մտնող խմելու 1.6 կմ երկարությամբ խմելու ջրագիծը, ասֆալտապատվել են որոշ փողոցներ, տարեկան 2-3 անգամ փողոցներում կատարվում է ընտրանքային /ըստ անհրաժեշտության/ փոսալցման, հարդեցման աշխատանքներ, փոխվում են գիշերային լուսավորության լամպերը, հաճախակի մաքրվում է կոյուղին, կանոնավոր կատարվում է աղբահանությունը, մաքրվում են առուները:

Հաճախակի բարեկարգվում է համայնքի գերեզմանոցում ամփոփված մերձավանցի վեց զոհված ազատամարտիկների հուշակոթողները, որոնց հայացքը դեպի հարազատ ծննդավայրն է նայում, իրենց փոքրիկ համագյուղացիներին են փոխանցում հայրենասիրական անկոտրում ոգին:

Գաղտնիք չէ, որ հանրապետության սոցիալական պայմանները, մեղմ ասած, միշտ չէ, որ արդարացնում է ծնելիության աճին, սակայն Մերձավանը այն սակավաթիվ համայնքներից է, որտեղ գյուղի յուրաքանչյուր երեխայի ծնունդը խրախուսում է 50.000 դրամով, մահվան դեպքում՝ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվում է 100 000 դրամական օգնություն :

Թվարկեք, 2018-2019 թթ., ի՞նչ կարևոր աշխատանքներ են կատարվել համայնքում:

2018-2019 թթ. ընթացքում համայնքում կատարվել են հետևյալ աշխատանքները.

Համայնքի նորաստեղծ թաղամասի փողոցներում անց է կացվել լուսավորություն, իսկ գործող փողոցային լուսավորության լամպերի մի մասը փոխարինվել են էներգախնայող լամպերով:

Կատարվել են համայնքի փողոցների փոսալցման և ասֆալտբետոնե ծածկույթի նորոգման աշխատանքներ:

Համայնքի նորաստեղծ թաղամասում անց է կացվել գազատար խողովակաշար, որից արդեն օգտվում են համայնքի բնակիչները:

Համայնքի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են կատարվել մանկապարտեզում, որն ունի 120 սան, որոնք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում:

Համայնքի միջոցներով վերանորոգվել է նաև համայնքի միջնակարգ դպրոցի սանհանգույցները և հիմնովին նորոգվել է դպրոցի չօգտագործվող մասնաշենքի տանիքը: Դպրոցին է նվիրվել դպրոցական գույք և վերանորոգվող դասասենյակի համար անհրաժեշտ շինարարական նյութեր:

Մշակույթի տանը գործում են ֆուտբոլի, պարի, նկարչության, սպորտի ինքնագործ խմբակներ: Համայնքի միջոցներով վերանորոգվել է մշակույթի տան նկուղային հարկը, համալրվել է սպորտային գույքով և տրամադրվել սպորտի մարզիչներին՝ համայնքի սաներին անվճար ուսուցանելու համար:

Համայնքի կանգառների կառուցման աշխատանքներն իրականացման փուլում են:

Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ կան համայնքում ծառացած, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները:

Ամենօրյա աշխատանքի արդյունքում առաջ են գալիս խնդիրներ, որոնք կատարման կարիք ունեն և համայնքոապետարանի աշխատակազմի և լծակների օգնությամբ խելամիտ ժամկետներում կատարվում է: Յուրաքանչյուր աշխատակից ունի համապատասխան հանձնարարություն, որն իրականացվում է ամենայն պատասխանատվությամբ և ժամանակին:

Ահա դրանցից մի քանիսը.

Համայնքի կենտրոնական փողոցների և նոր թաղամասերի գիշերային լուսավորության անցկացում: Ներհամայնքային ճանապարհների և փողոցների բարեկարգում՝ փոսալցում: Ասֆալտապատում, համայնքում կանգառների կառուցում: Աջակցություն համայնքի նոր թաղամասի գազիֆիկացմանը: Աջակցություն համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգմանը: Ֆուտբոլի դաշտի վերանորոգում: Աջակցություն ներհամայնքային՝ ոռոգման ջրատարի վերանորոգմանը:

Համայնքապետարանը վերը նշված աշխատանքները ծրագրում է կատարել առաջիկա հինգ տարիների ընթացքում: Խնդիրներ կան և դրանց ստվար հատվածը կլուծվի համայնքի բյուջեի և մասամբ էլ՝ համայնքի բնակիչների օգնությամբ, սակայն կան նաև խնդիրներ, որոնց լուծումը կապված է լրջագույն ներդրումներից, որը պետք է ակնկալել կառավարությունից կամ աջակից բարերարից:

Մարզամշակութային, ի՞նչ կրթօջախներ են գործում համայնքում, բնակչության ազատ ժամանակը, ինչպե՞ս է կազմակերպվում. կրթություն, մշակույթ, մարզական կյանք:

Մերձավան համայնքում գործում են միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ:

Ես շատ եմ կարևորում մարդու մեջ մշակութային ոգու ստեղծումն ու պահպանումը, որն առանց մշակութային օջախների անկարելի է: Ձեռք բերում եմ համարում օրըստօրե մեր համայնքի կրթական ու մշակութային կյանքի զարգացումը:

Իմ ղեկավարած տարիների ընթացքում գյուղապետարանը մի քանի տասնյակ միլիոն դրամներ է տնտեսել՝ իրականացնելու կրթության, մարզամշակութային գործառույթները: Եվ այս աշխատափորձը գալիս է տարիների հեռվից, երկար ու ձիգ պատմություն ունի:

Ունենք տիպային, վերանորոգված, կահավորված մշակույթի տուն, որտեղ գործում է նաև գրադարանը: Կազմակերպվում է ամենատարբեր միջոցառումներ, ունենք <Փայլող աստղեր> պարի ուսուցողական երեք խումբ, նկարչական խումբ, որոնք հասել են բավականին հաջողությունների ունենք նաև սպորտային` ֆուտբոլի և կարատեի երկու խմբեր:

Գրադարանում կազմակերպվում է թեմատիկ երեկոներ, գրքերի քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, հիշատակի և տոնական օրերին նվիրված միջոցառումներ:

Դպրոցում, մանկապարտեզում՝ տարեվերջյան, սեպտենբերի մեկի, գիտելիքի և եկեղեցական Տաղավար տոների գեղեցիկ և թեմատիկ միջոցառումներ: Դպրոցի, մանկապարտեզի սաների համար թատրոնների, համերգների տոմսերի գնման և այլ միջոցառումների կազմակերպման բոլոր ծախսերը կատարվում է համայնքապետարանի կողմից:

Համայնքապետարանն ինչպե՞ս է աջակցում կրթօջախների աշխատանքներին:

Համայնքապետարանի աշխատանքները մշտապես միտված են աջակցելու բնակչության և իր ենթակայության օբյեկտների աշխատանքների կազմակերպմանը:

Համայնքն այսօր ունի չորս խմբանոց մանկապարտեզ՝ կատարյալ վերանորոգված, ապահովված ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային բոլոր հարմարություններով, կահույքը նորացված է , ապահովված է փափուկ գույքով, երաժշտական գործիքներով, բակը կահավորված է տասնյակ խաղերով, վերակառուցված է ու կանաչապատված: Ժամանակին տրամադրվում է որակով սնունդ՝ խստագույնս պահպանվում է սննդի կալորիականությունը: Կազմակերպվում է ծրագրերով նախապատրաստված ուսումնադաստիարակչական աշխատանքները, պահպանվում է սանիտարահիգենիկ պայմանները: Մանկապարտեզը աշխատում է ամբողջ տարին, ունի լոկալ ջեռուցման համակարգ, մշտական խմելու ջուր: Յուրաքանչյուր տոնական օր նշվում է տիկնիկային ներկայացումներով և հանդեսներով: Հաճախակի ճանաչվել է, որպես Արմավիրի մարզի ‹‹Լավագույն մանկապարտեզ»:

Համայնքի դպրոցի գործող կրթամշակութային աշխատանքների մասին պատմեց դպրոցի տնօրենը.

Մերձավանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967 թ.: Դպրոցն 2019-2020 ուս.տարում ունի 1-12-րդ դասարան: Աշակերտների ընդհանուր թիվն է՝ 479 աշակերտ: Տարիներ շարունակ ունեցել ենք գերազանցությամբ ավարտած աշակերտներ, որոնք ընդունվել են ՀՀ տարբեր բուհեր:

Մարզի տարածքում անցկացված մարզական միջոցառումներում մեր սաները ունեցել են հաղթանակներ: Աշակերտները մասնակցել են նաև առարկայական տարբեր օլիմպիադաների և ստացել են պատվոգրեր:

2019 թ. մայիսի 8-ին պատմության ուսուցչուհի Անժելա Բալխչյանը կազմակերպեց մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում, որին ներկա էին ապրիլյան քառօրյայի հաշմանդամ տղաները: Բովանդակալից միջոցառում կազմակերպելու համար տնօրեն Զարուհի Ստեփանյանի կողմից, Անժելա Բալխչյանն արժանացավ շնորհակալագրի:

Ինչպես յուրաքանչյուր տարի, 2019 թ.-ի մայիսի 24-ին ևս կազմակերպվեց 12-րդ դասարանի <Վերջին զանգ> միջոցառումը:

Սեպտեմբերի 1-ին դպրոցն իր դռները բացեց և հանդիսավոր ընդունեց 2019-2020 ուս. տարվա 41 առաջին դասարանցիներին և մյուս աշակերտներին:

2019-2020 ուս.տարում դպրոցում սկսվեց դասավանդվել ազգային երգ և պար առարկան, որի շնորհիվ մեր սաներն ավելի լավ կսկսեն ճանաչել ազգային մշակույթն ու արժեքները:

Սեպտեմբերի 20-ին դպրոցի բակում 1-4-րդ դասարանցիները կավճանկարչություն կատարեցին <Անկախ Հայաստան> խորագրով:

Աշակերտական խորհրդի կողմից նախաձեռնվեց Դուշման Վարդանի մասին գրքի կազմումը, որը նրա տուն-թանգարան այցելության օրը՝ հոկտեմբերի 2-ին, նվիրվեց նրա Զարիկ մայրիկին:

Հոկտեմբերի 4-ին Մերձավանի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը, ծնողական խորհուրդը, ինչպես նաև՝ համայնքապետարանը ջերմորեն իրենց անակնկալը մատուցեցին ուսուցիչներին:

Հոկտեմբերի 15-ին դպրոցի 2-11-րդ դասարանցիները միացան <Ararat challenge> մարդասիրական նախաձեռնությանը՝ կազմակերպելով իրենց ձեռքի աշխատանքների ցուցահանդես – վաճառք, որի ողջ հասույթը՝ 64 000 դրամ, փոխանցվեց համապատասխան հաշվեհամարին:

Դպրոցում հաճախ կազմակերպվում են դաս – միջոցառումներ՝ ինչպես տարրական այնպես էլ միջին դպրոցում:

Դպրոցում կազմակերպվում են օլիմպիադաներ տարբեր առարկաներից: Այս ուս.տարում մեր դպրոցի 11-12-րդ դասարանների 3 սաներ մասնակցելու են Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կազմակերպած պատմության օլիմպիադային: Տարվա ընթացքում պարտադիր նշվում են հայ մեծերի հոբելյանական տարեդարձները՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ:

Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

Ոչ միայն համայնքի, այլև մեր երկրի վաղվա օրը ցանկանում եմ տեսնել խաղաղ պայմաններում, որտեղ ձևավորվում է գիտելիքներով զինված, համակողմանի և ներդաշնակ զարգացած սերունդ: Ցանկանությունս է` այս գիտակցումով առաջնորդվի յուրաքանչյուր հայ և ոչ մի ջանք չխնայի մեր մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում, քանզի նրանց է վստահված մեր ապագան՝ պետական, քաղաքական, մշակութային և հասարակական կյանքի հզորացումը: Սիրում եմ իմ համայնքն ու նրա բնակիչներին: Ահա, սա է իմ համագյուղացիների վստահությանն արժանանալու գրավականը: Չկա համայնքային կյանքին վերաբերող որևէ բնագավառ, որը համայնքապետարանի ուշադրությունից դուրս է: Համայնքի բնակիչն իմ ընկերն է, նրա հոգսը իմն է, և ամենօրյա շփումը մեզ բոլորիս ներառել է մեկ ընտանիքում: Առհասարակ խոստումներ տալ չեմ սիրում, պարզապես աշխատում եմ:

Մանվել Կիրակոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...