jrheghegh jur

Հոկտեմբերի 17-ին հանրությանը ցնցեց տեղեկությունը Զանգեզուրում բնապահպանական աղետի մասին, որ տեղի էր ունեցել Զանմգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի հետ:

Պոչամբար գնացող թունավոր ջրերը այդ վթարի հետեւանքով լցվել էին Ողջի գետը: Համացանցը ողողել էին աղտոտված գետի մասին պատմող տեսանյութերն ու լուսանկարները:

Հետո հայտարարվեց, թե վթարը վերացված է:

Բայց, թունավոր ջրերի մի մեծ չափաբաժին հասցրել է աղտոտել գետն ու նաեւ առաջացնել որոշակի աղմուկ բնապահպանական հարցերի, մասնավորապես հանքարդյունաբերության վտանգների շուրջ:

Եվ այստեղ կա դիտարկման համար հետաքրքիր նրբերանգ: Նախ, Զանգեզուրի կոմբինատի պոչատարի վթարի հետեւանքով բնապահպանական վտանգի վերաբերյալ հնչող տագնապի շարքում զգալիորեն բացակայում էին մի շարք սուբյեկտներ, որոնք չափազանց աշխույժ ու նախանձախնդիր են Ամուլսարի հանքի շուրջ բնապահպանական մտահոգությունների հարցում:

Ինչու՞ նրանք նույն նախանձախնդրությունը չեն ցուցաբերում այս դեպքում ոչ թե տեսական, այլ արդեն իրական թունավոր արտահոսքի վերաբերյալ:

Դրան զուգահեռ, Զանգեզուրի կոմբինատի պոչատարի վթարի հետեւանքով առաջացած բնապահպանական միանգամայն տեղին աղմուկը կարծես թե ունի սակայն մի հետաքրքիր ազդեցության ուղղություն: Գնահատականների որոշակի դիտարկումը թողնում է տպավորություն, որ Զանգեզուրի կոմբինատի պոչատարի վթարը, որի վերացման մասին կոմբինատը հայտարարեց վթարից մի քանի ժամ անց, ավելի շատ հեռակա կամ անուղղակի իմաստով դարձյալ հարվածում է Ամուլսարի ուղղությամբ: Օրինակ, հնչում են հարցադրումներ, թե «միթե սա է կառավարելի ռիսկը»:

Եվ դա այն դեպքում, որ Զանգեզուրի եւ Ամուլսարի հանքերի պարագայում գործ ունենք բացարձակապես տարբեր մակարդակի եւ տեսակի տեխնոլոգիաների հետ:

Այդ իմաստով, տեղի ունեցած վթարը իսկապես թողնում է իհարկե օբյեկտիվ, սակայն դրանով հանդերձ նաեւ հետաքրքիր անուղղակի հետեւանք:

Ընդ որում, հատկանշական է, որ սա տեղի է ունենում մամուլի տեղեկատվության ֆոնին, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Իմ քայլը խմբակցության հետ փակ հանդիպմանը խոսել է Ամուլսարի հարցի եւ դրա առնչությամբ սպասվող որոշումների մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...