Հայաստանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովն աննախադեպ լինելու դեռ պատմական առաքելություն կունենա, ու ոչ միայն այն պատճառով, որ դրանում առևտրի բաց համաձայնագրեր կնքվեցին Սինգապուրի ու Իրանի հետ:

ԵԱՏՄ Վեհաժողովում ունեցած ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ միասնական էներգետիկ, նավթագազային շուկայի անցումը պլանավորվում է 2025 թվականին, իսկ այդ շուկայի հարցը ԵՏՄ առանցքային հարցերից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն նավթի, գազի, էներգակիրների տնտեսական գերկարևորությամբ, որը պետք է լինի միասնական տնտեսական տարածքի հավասարության սկզբունքի գլխավոր երաշխիքներից մեկը:

Սակայն այստեղ կա մի փոքրիկ նրբություն … Բանն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարումն ավարտվում է 2024 թվականին, իսկ Վլադիմիր Պուտինն այլևս առաջադրվելու և ՌԴ նախագահ դառնալու հնարավորություն չունի: Ուստի՝ հարց է ծագում, թե նախ՝ ինչո՞վ է պայմանավորված ժամկետների այդքան հետաձգումն, ապա նաև հարց, թե դրանով ի՞նչ է ակնարկում Վլ. Պուտինը տնտեսական միության անդամ մյուս երկրների առաջնորդներին:

Գուցե այն, ինչի մասին օրերս խոսել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, ով գուժել էր, թե Պուտինը ցանկանում է առաջիկա հինգ տարում վերականգնել Խորհրդային Միությունը, թեկուզ փոքր մոդելով՝ առանց Մերձբալթյան հանրապետությունների, Ուկրաինայի ու Վրաստանի:

Ու երևանյան ԵԱՏՄ գագաթնաժողովում երկրների առաջնորդներից որևէ մեկը չհարցրեց, թե հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ախր Ձեր հարգաժան ու ծանրաբեռ ուսերի՞ց եք նետում Ռուսաստանի տնտեսական փրկության հնարավորությունը, թե՝ ակնարկում եք, թե կլինենք հավերժ Ռուսաստանի հպատակն, ահա այն ժամանակ էլ կմտածենք բնական ռեսուրսները կիսվելու մասին:

Ահա այս առումով է, որ գուժում ենք Պուտինի հեռուն գնացող նպատակների ու Հայաստանի անկախությանը սպառնող վտանգների մասին, որի փոխարեն հայաստանյան հանրությունը զբաղեցված էր ՀՀԿ-ականների կողմից հրապարակ նետված փաթաթաներով, թե նախ՝ Պուտինը չի գա Հայաստան, հետո էլ, թե՝ կգա, բայց կարճ կմնա, հետո էլ՝ Փաշինյանի հետ առանձնազրույց չի ունենա … և այլն:

Ավելի լուրջ վտանգների մասին է պետք մտածել:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...