Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Երեւանում հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

Փաստացի, չեն հաստատվում խոսակցությունները, որ Պուտինը Երեւան է գալու մի քանի ժամով, մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին եւ վերադառնալու է՝ չհանդիպելով Փաշինյանին: Կրեմլը պնդում է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը կայանալու է:

Չի հաստատվում նաեւ տեղեկությունը, որ Ռուսաստանի նախագահն այցի ընթացքում կհայտնի Հայաստանի համար գազի գնի թանկացման մասին: «Գազի գնի 30% թանկացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Դեռ չեմ կարող պատասխանել հարցին արդյոք կբարձրանա գազի գինը: Հուսով եմ, որ ոչ», – ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ավելացրել է, որ բանակցությունները կարող են ավարտվել մինչեւ տարեվերջ, եւ Ռուսաստանի ֆինանսների նախարար Սիլուանովը հաստատել է դա:

Հայ-ռուսական հարաբերությունների մասին լրատվամիջոցներում շրջանառվող մեկ այլ հարց՝ Հայկական երկաթուղիների վերաբերալ, նույնպես չի հաստատվում: Լրատվամիջոցները հայտնում են երկաթուղու կառավարման խնդիրների մասին, որը 2008 թվականին 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման էր հանձնվել Ռուսաստանին: Նշվում է, որ Մոսկվան իբր մտադիր է հրաժարվել կոնցեսիայից՝ նեղացած լինելով Հայաստանի նոր իշխանություններից, որը ստուգումներ է անցկացնում Հարավկովկասյան երկաթուղում: Մյուս լրատվամիջոցները, սակայն, գրում են, որ մինչեւ տարեվերջ Մոսկվան ու Երեւանը կփորձեն հարթել հարաբերությունները, եւ չի բացառվում, որ Ռուսաստանը կարող է խաղաղ հեռանալ:

Հայկական մի շարք մեդիա ռեսուրսներում հայ-ռուսական հարաբերությունների «կնճռոտ» հարցերով լուրջ կրքեր են բորբոքովում՝ համեմված տարատեսակ շշուկներով, որ Պուտինը կգա Երեւան եւ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանին: Ի դեպ, Քոչարյանը սեպտեմբերի 30-ին բուժզննում է անցել Իզմիրլյան բժշկական կենտրոնում, եւ լրատվամիջոցներում անմիջապես դա կապել են Պուտինի սպասվելիք այցի հետ:

Հայ-ռուսական հարաբերությունների եւս մեկ հարց շարունակվում է շրջանառվել: Ժողովուրդ թերթի տվյալներով, Իմ քայլը խմբակցությունում եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունում քննարկվում է պատգամավոր Հովհաննես Իգիթյանին փոխարինելու հարցը, որը չի մասնակցել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքը վերադարձնելու հարցով քվեարկությանը՝ իբր ուկրաինացի պատգամավորների հետ ունեցած պայմանավորվածությամբ: Իբր, ռուսկան կողմը պահանջել է փոխարինել պատգամավորին:

Չի բացառվում, որ այս տեղեկությունը նույնքան ենթադրական է, որքան գազի գնի 30 տոկոս բարձրացումը, Փաշինյանի հետ հանդիպումից Պուտինի հրաժարվելը, Հայկական երկաթուղուց հրաժարվելու Մոսկվայի մտադրությունը: Անխոս, այս բոլոր տեղեկությունների տակ որոշակի պլատֆորմ կա՝ բանակցություններ, գործընթացներ, պարզաբանումներ, անգամ առեւտուր: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Մոսկվայի ու Երեւանի անգամ տեսական վեճի դեպքում հայկական որոշ շրջանակներ գերադասում են կանգնել Մոսկվայի կողքին: Եվ դա նրանց զրկում է հանրային վստահությունից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...