Putin Erdoghan

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Անկարայից տեղեկություն է ակնկալում ԱՄՆ եւ Թուրքիայի պայմանավորվածությունների վերաբերյալ:

Երեկ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում հարձակումը դադարեցվում է 120 ժամով։

ԱՄՆ-ն սակայն հայտարարել է, որ Անկարայի դեմ պատժամիջոցները չեն հանվելու, այդ հարցի լուծումը կախված է իրադարձությունների հետագա զարգացումից:

Թուրքիան հարձակումը սկսել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համաձայնությամբ: Արդյոք Պեսկովի հայտարարությունը նշանակում է, որ Մոսկվան անհանգստացած է Վաշինգտոնի ու Անկարայի «սեպարատ» համաձայնությամբ:

Միեւնույն ժամանակ, սիրիական արշավի ողջ ընթացքում Թուրքիային հաջողվել է զգալի մասով իրեն ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը, այդ թվում ամերիկացիների հետ պարբերաբար տեղի ունեցող համաձայնությունների ու կոնֆլիկտների մանեւրով: Դա Էրդողանին թույլ է տալիս իրականացնել իր ծրագրերը, հմտորեն օգտագործելով Ռուսաստանի ներկայիս վարչակարգի աշխարհքաղաքական ու անձնական բարդույթները:

Հարձակումը ժամանակավոր դադարեցնելու որոշումը թերեւս այս շարքից է: Թե որքան Էրդողանին կհաջողվի շարունակել այս խաղը, դժվար է ասել: Ռուսաստանի մասով նա անհանգստանալու բան չունի, Անկարայում վստահ են, որ Մոսկվան հուսալի տեղավորված է թուրքական քաղաքականության մեջ: Իր հերթին, ինչպես ասել է «պրոհայկական» ռուս փորձագետը՝ Ռուսաստանն այլեւս Թուրքիայի հետ է:

Թուրքիայի խնդիրը ԱՄՆ-ն է, որի դեմ Անկարան առայժմ ի վիճակի չէ գնալ: Թրամփի հայտարարությունը, թե կարող է ոչնչացնել թուրքական տնտեսությունը, ոչ թե դատարկ սպառնալիք է, այլ իրականություն: Դրա թեթեւ «փորձարկումը» տեղի ունեցավ վերջերս:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...