Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, դիմումը քննարկման փուլում է․ ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ հիմքով է վաղաժամկետ արձակման դիմում ներկայացրել, պաշտոնյան պատասխանել է. «20 տարին լրացել է»։ Նավիկյանը նշել է, որ 80-օրյա ժամկետում պարզ կլինի դիմումը բացասական կլինի, թե դրական։

Ֆորմալ առումով՝ ցմահ դատապարտված դատապարտյալն իրավունք ունի քսան տարի հետո նման դիմում ներկայացնել, սակայն, այս պարագայում, ակնհայտորեն հասարակությանը չի հետաքրքրում խնդրի ֆորմալիստական կողմը։ Խնդիրը ոճրագործի, ահաբեկչական խմբի պարագլխի մասին է, ու քաղաքակիրթ աշխարհը նման դեպքերում անհանդուրժող կեցվածքի մի աբողջ գործիքակազմ, քաղաքական և իրավական հակազդեցության համակարգ է մշակել։ Ահաբեկիչների հետ քաղաքակիրթ երկրներում չեն բանակցում, նրանց պահանջներն ու խնդրանքները չեն բավարարվում։ Տվյալ պարագայում՝ Հունանյանը պետությանը խնդրանք կամ պահանջ է հասցեագրել, ու եթե պետությունն ընդառաջ գնա նրա դիմումին, ակամայից հաշտվում է այն իրականության հետ, որ ոճրագործությունն ու ահաբեկչությունը, Հոկտեմբերի 27-ը վաղեմության ժամկետ ունեն։

Նման բան լինել չի կարող ու համոզված ենք, որ Նաիրի Հունանյանի դիմումը մերժվելու է, համենայն դեպս՝ գործող իշխանության արժեհամակարգը հնարավոր չի դարձնում, որ նա կարող է ընդառաջ գնալ ոճրագործի խնդրանքին։

Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչից խանդավառված է Հունանյանը նման դիմում ներկայացրել՝ գրեթե վստահ լինելով, որ ինքը հասարակության կողմից ամենամերժելի կերպարն է, որի համար ամենաանվտանգ տեղը հենց ԱԱԾ մեկուսարանն է։ Իհարկե, կարող ենք տարբեր դիտանկյուններից քննարկել ահաբեկչական խմբի ղեկավարի դիմումի մոտիվները, անգամ պնդել, թե նա կորցրել է մեղսունակությունը։ Մյուս կողմից՝ անմեղսունակը հազիվ թե նման դիմում գրելու հնարավորություն ունենար։

Ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ Հունանյանը հաշիվ չի տալիս, թե ինչ արձագանք կունենա իր դիմումը։ Եթե, այնուամենյանիվ, այս համատեքստում նա դիմում է գրում, նշանակում է՝ որոշակի հաշվարկներ ունի։

Իհարկե, ոճրագործին կարող է մոտիվացնել այն հանգամանքը, որ անգամ քսան տարի հետո Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ ու այդ գործի վերհանումն առայժմ գոյություն չունի նույնիսկ մեր քաղաքական օրակարգում, անգամ՝ հեղափոխության հաղթանակից հետո։ Քանի դեռ Հոկտեմբերի 27-ի հետևանքները վերացված չեն, Հունանյանը թերևս հույս ունի, որ կարող է հայտնվել ազատության մեջ, այլ խոսքով՝ նա կարող է մտածել, որ կան ներքին ու արտաքին հանգամանքներ, որոնք կարող են բարենպաստ լինել նրա համար։

Մասնավորապես՝ Հունանյանին կարող է ոգևորել Հայաստանում մոլեգնող ռևանշիզմի ուրվականը, որը մենթալ մտածողության ու վարքագծային հարթության վրա հոգեհարազատ է ոճրագործին։ Հունանյանն՝ իր դիմումով, փաստորեն ինտեգրվում է ռևանշիստական կամպանիային։ Մյուս կողմից՝ նա հիշեցնում է իր մասին, յուրօրինակ «քսիֆ» է ուղարկում Ռոբերտ Քոչարյանին՝ նրան հասկացնելով, որ դեռ կարող է խոսել՝ ավելի բարդացնելով երկրորդ նախագահի կյանքը։ Եթե Քոչարյանը հավակնում է քաղաքական կալանավորի կարգավիճակին, ապա Հունանյանը կարող է մտածել գործոն դառնալու մասին։ Ի վերջո, եթե Քոչարյանը ոմանց կողմից «հերոս» է հռչակվում, Հունանյանի մոտ սրվում է «արդարության» զգացումը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...