Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Հեռախոսազրույցի առիթը Պուտինի ծննդյան տարեդարձն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձ էր հղել:

Հեռախոսազրույցի փաստը, սակայն, հուշում է Փաշինյան-Պուտին մակարդակում գործնական, առարկայական փոխհարաբերության հաստատվածության մասին, այլապես հազիվ թե իր ծննդյան տարեդարձը տայգայում անցկացնող Պուտինը «հասանելի» լիներ Հայաստանի վարչապետի զանգի համար: Հեռախոսազրույցի ընթացքում, շնորհավորանքներից բացի, խոսակցություն է եղել նաև Երևանում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովի մասին, որն աննախադեպ ձևաչափով՝ Իրանի նախագահի և Սինգապուրի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանում, և ինչի համար Պուտինն անձնական շնորհակալություն հայտնեց Փաշինյանին:

Երևանյան Վեհաժողովը, անկասկած, բոլորովին նոր քաղաքական համատեքստ էր ոչ միայն ԵՏՄ շրջանակում, որպես տնտեսա-քաղաքական միավորում, այլ նաև ռեգիոնալ քաղաքական իրողությունների, հաշվի առնելով հենց Իրանի նախագահի մասնակցությունն ու Երևանում փաստացի եռակողմ ձևաչափային հանդիպումները՝ Երևան-Թեհրան-Մոսկվա «անկյուններով»: Ահա այս ֆոնին էլ ուշագրավ էր այն, որ երևանյան հանդիպումից երկու օր անց ՌԴ նախագահ Պուտինը Սոչիում՝ «Վալդայ» ակումբի շրջանակում, հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը գործնականում դժգոհում էր Պուտինի հետ հանդիպումների առումով սովորականից երկար դադարի մասին: Ըստ էության, դա Ալիևի դժգոհությունն էր ԵՏՄ երևանյան աննախադեպ Վեհաժողովից և դրա քաղաքական համատեքստից, որն անկասկած վկայում էր ռեգիոնալ քաղաքական նոր ուղենիշների ձևավորման մասին:

Ադրբեջանը դուրս է մնում դրանցից, և այստեղ, իհարկե, Ալիևը ունի մտածելու բան, որքան էլ ՌԴ արտգործնախարար Լավրովը Պուտինի հետ նրա հանդիպումից առաջ ոչ կառուցողական էր համարել «Արցախը Հայաստան է» արտահայտությունը, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում արել էր Հայաստանի վարչապետը: Պետք է նկատել՝ Լավրովը օգոստոսի 6-ին չէր տվել իր գնահատականը, այլ ընդամենը հոկտեմբերի 2-ին, երբ Ալիևին ընդունելու էր Պուտինը: Այդուհանդերձ, Հայաստանի համար, անշուշտ, շատ կարևոր է Ռուսաստանի հետ հարաբերությունում առաջնորդվել հենց ռուսական իսկ ասույթով՝ «վստահիր, սակայն ստուգիր», և այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը, թերևս, բաց չի թողել Պուտին-Ալիև հանդիպումից հետո ստուգել իրադրությունը և գուցե ՌԴ նախագահի հետ զրույցում բարձրաձայնել այն հարցերը, որ հայկական կողմի մոտ կարող էին առաջանալ այդ հանդիպմանը նախորդած և հաջորդած հայտարարությունների առիթով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...