Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ֆեյսբուքյան ֆլեշմոբ՝ ձեռագրով հրապարակել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:

Ֆլեշմոբը սկսել է: Այդ կարգախոսը վարչապետն առաջին անգամ բարձրաձայնեց օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին, երբ անում էր համահայկական օրակարգի շուրջ կոնսենսուսի ձեւավորման, մինչեւ 2050 թվական համազգային նպատակների ձեւակերպման հայտնի առաջարկները:

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դրանց շուրջ համախմբվել հռչակված կարգախոսի ներքո:

Օջախ, ընտանիք հասկացությունները հետանկախական շրջանում ստացան յուրօրինակ, ինչ որ իմաստով «ինդուլգենցիոն» նշանակություն: Դրանք սկսեցին ծառայել իշխող համակարգի՝ հանրային եւ պետական ռեսուրսի յուրացումների եւ մսխումների ալիբի, կամ այսպես ասած հանրային ենթագիտակցական ծածկ՝ «օջախ պահելու», «ընտանիք պահելու» տրամաբանությամբ:

Դրանից իհարկե չպետք է արժեզրկվեն հայկական ավանդական օջախ, կամ հասարակական՝ ընտանիք հասկացությունները: Բայց արդյոք դրանցով պետք է չափվեն պետական ու համահայկական հեռանկարները:

Նախորդ համակարգը օջախ եւ ընտանիք հասկացություններն իջեցրել էր «կենդանական բնազդի» մակարդակի՝ սեփական արարքներն արդարացնելու ակնկալիքով: Նոր իրողություններում, հասարակական հարաբերությունների նոր համակարգի հեռանկարում օջախ եւ ընտանիք հասկացությունները բարձրացվում են պետական չափման մակարդակի: Բայց դա էլ նրանց տեղը չէ: Իսկ երբ արժեքը կտրվում է իր տեղից ու միջավայրից, անկախ նրանից՝ չար, թե բարի նպատակով, այն հայտնվում է ոչ էֆեկտիվության մեծ ռիսկի տակ:

Հատկանշական է, որ Հայաստանում ֆլեշ-մոբը սկսվում է մի շրջանում, երբ երկրում տեղի է ունենում համաշխարհային մասշտաբի իրադարձություն՝ ՏՏ Համաշխարհային տարեկան կոնգրեսը, որն անցկացվում է Հայաստանում եւ որի համար երկիր են ժամանել հազարավոր հյուրեր, ՏՏ ոլորտի եւ այլ ոլորտների համաշխարհային դեմքեր: Գործնականում, Հայաստան է ժամանել «նոր աշխարհը», արհեստական բանականության աշխարհը, իր թե հնարավորություններով, եւ թե իհարկե մարտահրավերների մասին խորհելու առիթներով:

Համաշխարհային չափումների համակարգը հեղափոխական առաջընթաց է ապրում գրեթե ամեն օր, եւ Հայաստանն ունի դրա հետեւից հասնելու անհրաժեշտություն, ըստ այդմ առաջնային է մշակել ժամանակի ու տարածության, դրանում մեր տեղի եւ դերի չափումների համարժեք համակարգ կամ սանդղակ:

Մյուս կողմից, եթե օջախն ու ընտանիքն ընդամենը մոբիլիզացիոն մեկնակետ են, ապա թող լինի այդպես: Հատկապես հաշվի առնելով պատմական անցյալի պաշարը եւ պետական ապագայի չափման ու կառուցման տեսանկյունից այդ պաշարի խիստ անբավարարությունը՝ առաջին հերթին աշխարհայացքային, հոգեբանական ասպեկտներում:

Չափազանց բարդ է մի ամբողջ հանրության բերել ապագայի շուրջ համընդհանուր քննարկումների եւ կոնսենսուսային անհրաժեշտությունների, երբ տասնամյակներով այդ հանրության մեջ ներարկվել է նվնվալու, սեփական անձից դուրս ամեն տեղ մեղավոր փնտրելու արվեստը, դրա մի քանի տասնյակ երանգներով՝ կենցաղայինից մինչեւ մտավորական, ակադեմիական նվնվոց: Դրա ուղղությամբ են աշխատել մշակութայինից մինչեւ քաղաքական «էլիտաներ», այդ հատկանիշները դիտարկելով հանրույթ կառավարելու միջոց:

Այդ պայմաններում անշուշտ բավական բարդ է հանրությանը մոբիլիզացնել ապագայի չափման նոր, այսպես ասած «ենթագիտակցությանն անհայտ» չափիչների շուրջ: Իսկ մոբիլիզացնել պետք է: Եվ եթե դրա համար օգտակար է սկսել օջախից ու ընտանիքից, ապա թող լինի այդպես: Ի վերջո ապագան բերելու է իր չափման միավորները՝ նոր սերնդի հետ մեկտեղ: Ներկայում կարեւորը սկսելն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...