Աշգաբադում տեղի ունեցող ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել ռուսաստանցի պաշտոնաթող դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Արցախի խաղաղությունը» գիրքը: Գիրքը նոր չէ, այն առաջին անգամ հրատարակվել է դեռեւս 2009 թվականին:

Կազիմիրովը գրքում ներկայացնում է արցախյան հարցը, հակամարտության ծագման պատճառները, պատմությունը, թե ինչպես եւ ինչու այն վերաճեց պատերազմի, ներկայացնում է Ռուսաստանի միջնորդական ջանքը, իրավա-պայմանագրային բազան, միաժամանակ Ռուսաստանի ու ԵԱՀԿ այլ միջնորդների փոխհարաբերությունը, ռեգիոնում ՌԴ ազդեցությունը նվազեցնելուն միտված նրանց ջանքերին հակազդելու մոտեցումները:

Վլադիմիր Կազիմիրովը դիվանագետ է, որը 1992-96 թվականներին Ռուսաստանը ներկայացնում էր արցախյան հարցում, որպես միջնորդ: Նա եղել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Արցախի հարցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Կազիմիրովը համարվում է 1994 թվականի հրադադարի բիշքեկյան հայտնի համաձայնագրի կնքահայրերից մեկը, որը ստորագրել են Երեւանը, Ստեփանակերտն ու Բաքուն:

Կազիմիրովը այն կարծիքին է, որ արցախյան հարցում առարկայական բանակցության եւ քննարկումների համար պետք է նախ եւ առաջ գտնվի ռազմական լարման զսպման կայուն եւ հուսալի մեխանիզմ: Միաժամանակ նա կարծում է, որ բանակցությանը պետք է անպայման մասնակցի պաշտոնական Ստեփանակերտը, եւ առանց Արցախի հանրության նրա ճակատագիրը որոշելը անհնար է:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացնում ռուսաստանցի դիվանագետի գիրքը հոկտեմբերի 11-ին տեղի ունեցող հավաքի ընթացքում: Կազիմիրովը իր արտահայտած մոտեցումների առումով բավական համահունչ է այն մոտեցումներին, որ թավշյա հեղափոխությունից հետո արտահայտում է պաշտոնական Երեւանը:

Տվյալ պարագայում սակայն էականը գուցե դա էլ չէ, այլ այն, որ Հայաստանի վարչապետը ՌԴ նախագահին գիրքը նվիրում է հոկտեմբերի 1-ին երեւանյան հանդիպումից տասն օր անց: Այսինքն, գիրքը նվիրելու միտքը եւ անհրաժեշտությունը կամ ծագել է անցնող տասը օրերի ընթացքում, կամ Փաշինյանը Աշգաբադում Պուտինին փոխանցում է գիրք, որի վերաբերյալ խոսակցությունը նրանք սկսել են դեռ Երեւանից:

Իհարկե, պետք է նկատել, որ Պուտինն ու Փաշինյանը անցնող տասն օրերի ընթացքում էլ ունեցել են խոսակցություն՝ հոկտեմբերի 7-ին, հեռախոսով, Պուտինի ծննդյան տարեդարձի առիթով: Չի բացառվում, որ գրքի «գաղափարը» ծագել է այդ խոսակցությունից:

Բոլոր դեպքերում, տեղի ունեցածն իսկապես հատկանշական դրվագ է, եւ ոչ միայն Արցախի գործընթացի, այլ ընդհանրապես ռեգիոնալ զարգացումների ներկայիս շրջափուլի համատեքստում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...