«Այսօր քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրված էր մարդ, ով մեր տեղեկատվությունը հարսատացրեց»,- այս մասին այսօր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասաց հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը դեռ չի հրավիրվել հանձնաժողով, բայց շուտով անպայման լինելու է. «Մենք այնքան քննարկելու բան ունենք, մեր հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը լավ չեք պատկերացնում։ Ամենահետաքրքիր փուլմ ենք հիմա»։

Հանձնաժողովի նախագահի խոսքով, ամեն բան արվում է 6-ամսյա ժամկետում մաքսիմալ տեղեկատվություն ունենալու համար. «Ինքներդ էլ հասկանում եք՝ տեղեկատվությունը հարցի մի մասն է, սահմանափակ փորձագետների առկայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի ծավալուն եզրակացությունները կարողանանք տեղավորել»։

Քոչարյանն ասաց՝ որևէ մեկն, ով ունի տեղեկատվություն, չի կարող հանձնաժողով չհրավիրվել. «Բոլորին հրավիրելու ենք մեր հաստատած ցանկով, դեռ մի բան էլ ավել»։

Նա չի պատկերացնում ինչպես կարելի է մերժել հանձնաժողովի հրավերը, որը միտված է ապրիլյան դեպքերն ուսումնասիրելուն. «Նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ ակնկալում, որ չի մերժի։ Ավելին, դեռ 1-2 ամիս առաջ ակնկալել եմ, որ մարտի 1-ով Հայաստանը լքած Միքայել Հարությունյանը ապրիլյանով պետք է դուրս գա կապի՝ կլինի տեխնիկական միջոցներով, թե ինչպես՝ չգիտեմ։ Հարցեր կան, որ իրեն էլ պետք է ուղղեինք, որովհետև այդ ժամանակ հանդիսանում էր ռազմական գլխավոր տեսուչը»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ փոխարենը հրավիրել են Հարությունյանի տեղակալին ու ստացել շատ կարևոր տեղեկատվություն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...